ՄԱԿ-ը այլևս չի կարողանում իրականացնել իր հիմնական գործառույթը

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանի առանցքային հարցերից մեկը պետք է լինի կազմակերպության վերակազմավորումը, քանի որ ՄԱԿ-ն այլևս չի կարողանում այն տրամաբանությամբ գործել, որով ժամանակին ստեղծվել էր՝ կառավարելու հակամարտությունները և աշխարհին խաղաղություն բերելու համար։ «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանի խոսքով՝ այս խնդիրը հատկապես ակնհայտ է դառնում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործունեության համատեքստում։

Խնդրի կարևոր բաղադրիչներից մեկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հարցն է

Նա նշում է, որ պատահական չէ, որ այս տարվա գլխավոր ասամբլեայի համապարփակ թեման է «Վերականգնելով վստահությունը և կառավարելով տրանսֆորմացիան»։ Վստահության վերականգնումը, նրա խոսքով, ենթադրում է նաև ՄԱԿ-ի նկատմամբ վստահության վերականգնում, իսկ տրանսֆորմացիայի կառավարումը՝ գլոբալ աշխարհակարգում տեղի ունեցող փոփոխությունների կառավարում։

«Կառույցը վաղուց արդեն իրեն կենսունակ չի դրսևորում այն տրամաբանությամբ, որ ժամանակին այն ստեղծվել էր, մասնավորապես՝ կառավարելու համար կոնֆլիկտները և խաղաղություն բերելու աշխարհին։ Այսօր այն չի կարողանում իրականացնել», — նշել է Մարգարյանը։

Նրա խոսքով՝ խնդրի կարևոր բաղադրիչներից մեկը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հարցն է։ Տևական ժամանակ է՝ Անվտանգության խորհրդում հնարավոր չի լինում ընդունել բանաձևեր, որոնք վերաբերում են գլոբալ աշխարհակարգի տրանսֆորմացիաներին, հակամարտություններին, զինված կոնֆլիկտներին և խաղաղության օրակարգին։

Մարգարյանը հիշեցնում է, որ ՄԱԿ-ի վերակազմավորման անհրաժեշտության մասին խոսակցությունները վաղուց են սկսվել։ Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներ կարծում են, որ պետք է լինեն վետոյի իրավունք ունեցող Անվտանգության խորհրդի անդամներ։ Սակայն, նրա գնահատմամբ, հարցն այս տարի դարձել է ավելի հրատապ, և քննարկումների արդյունքում կողմերը կփորձեն հասկանալ, թե ինչպես պետք է վերակազմավորել ՄԱԿ-ը, որպեսզի այն կարողանա կատարել իր հիմնական գործառույթը՝ ապահովել խաղաղություն և անվտանգություն աշխարհում։

ՄԱԿ-ը անվտանգության երաշխիք չի տալիս նաև փոքր պետություններին

Անդրադառնալով հարցին, թե ներկայիս պայմաններում ինչ անվտանգության երաշխիքներ է ՄԱԿ-ը տալիս փոքր երկրներին, այդ թվում՝ Հայաստանին, Մարգարյանը նշել է, որ այսօր նման երաշխիքներ չկան։ «ՄԱԿ-ը փոքր երկրների անվտանգության համար որևէ երաշխիք այսօր չի տալիս և ոչ միայն փոքրերի համար, այլ նաև մեծերի, խոշորների համար որևէ անվտանգության երաշխիք չի տալիս», — ասել է նա։

Մարգարյանի խոսքով՝ Սառը պատերազմից հետո ձևավորվեց ռազմավարական գործընկերային հարաբերությունների զարգացման միտում, որը հատկապես վերաբերում էր փոքր, խոցելի կամ որևէ բլոկի չմիանալու ցանկություն ունեցող պետություններին։ Նրա գնահատմամբ՝ այն պայմաններում, երբ միջազգային իրավակարգերն ու կառուցակարգերը չեն գործում, իսկ ՄԱԿ-ը չի կարողանում անվտանգության երաշխիքներ տալ, Հայաստանի համար առաջնային գործիքներից մեկը ռազմավարական գործընկերների ցանցի ընդլայնումն է։

«Այսինքն՝ չունենալ կախվածություն մեկ ռազմավարական գործընկերոջից, ունենալ փոխկապակցվածություն տարատեսակ ուժային կենտրոնների հետ, ռազմավարական գործընկերների հետ, հարաբերությունների կարգավորում հարևանների հետ, որը արդյունքում կարող է բերել նրան, որ Հայաստանը կարող է լուծել իր համար տարատեսակ անվտանգային խնդիրներ», — նշել է Մարգարյանը։Նա ընդգծել է, որ այստեղ խոսքը անվտանգության համապարփակ ընկալման մասին է։

«Ուժն է ծնում իրավունք», բայց միջազգային իրավունքը դեռ գործիք է

Մարգարյանը համաձայնել է այն դիտարկմանը, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը որոշակիորեն համապատասխանում է «ջունգլիների աշխարհի» մասին ձևակերպմանը։Որպես դրա օրինակներ նա նշել է Իրան-Միացյալ Նահանգներ և Ռուսաստան-Ուկրաինա պատերազմները, Ռուսաստան-Վրաստան պատերազմը, Ղրիմի անեքսիան, Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված էթնիկ զտումը և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացումը։

«Մենք  այդպիսի օրինակներ շատ կարող ենք բերել և այո, տևական ժամանակ է կարծես՝ ուժն է ծնում իրավունք, ուժն է ծնում իրավունք», — ասել է նա։ Միաժամանակ Մարգարյանը շեշտել է, որ միջազգային իրավունքը, չնայած ներկայիս իրավիճակին, շարունակում է մնալ փոքր պետությունների համար հասանելի գործիք։ 

«Այնուամենայնիվ իրավունքը, միջազգային իրավունքը դեռևս շարունակում է լինել գործիք փոքր պետությունների համար, և դա կախված է նրանից, թե որքանով է տվյալ պետությունը կարողանում օգտագործել այդ գործիքը», — նշել է նա։


👉 Տարածաշրջան — Vectors.am

Scroll to Top