Ռուսաստանը չի ցանկանում կորցնել Հայաստանը ՀԱՊԿ-ում

Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ)։ Նման կարծիքի է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ 

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի դիրքորոշմանը և կազմակերպության հնարավոր քայլերին՝ Գրիգորյանը նշել է, որ Հայաստանը փաստացի չի մասնակցում կառույցի գործունեությանը և անդամավճար չի մուծում, և քանի դեռ Հայաստանում իշխող մեծամասնությունը «Քաղաքացիական պայմանագիրն» է, Հայաստանը չի մասնակցելու կազմակերպության որևէ գործողության։

Քաղաքագետը հիշեցրել է, որ ՀԱՊԿ կանոնադրության 27-րդ հոդվածը նման դեպքերի համար նախատեսում է պատժամիջոցների կիրառում։ Ըստ այդ հոդվածի՝ կազմակերպության անդամ երկրները պետք է կոնսենսուսով որոշում կայացնեն Հայաստանի նկատմամբ համապատասխան սահմանափակումներ կիրառելու, այդ թվում՝ ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ։ Իսկ 20-րդ հոդվածը կարգավորում է կազմակերպությանն անդամակցության դադարեցման գործընթացը։ Գրիգորյանի խոսքով՝ Ռուսաստանն այս պահին ընտրել է միջանկյալ պատժամիջոցների կիրառման տարբերակը, քանի որ չի ցանկանում կորցնել Հայաստանը կազմակերպության կազմում։

«Ես զգում եմ, որ իրենք չեն ուզում, որ Հայաստանը դուրս գա։ Դա  քաղաքական խնդիր է, նաև հեղինակության հարց է։ ՀԱՊԿ-ը առանց այդ էլ շատ փոքր կազմակերպություն է։ Հիմա ՆԱՏՕ-ի անդամ դառնալու հերթ են կանգնում, իսկ ՀԱՊԿ-ում հազիվ վեց երկիր է, այս պարագայում  Հայաստանը կորցնելը նրանց համար խնդիր է։ Բացի դրանից՝ այդ կերպ կկորցնեն ողջ Հարավային Կովկասը»,- նշել է քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ Մոսկվան մի կողմից հայտարարում է, որ Հայաստանը պետք է դուրս գա կազմակերպությունից, մյուս կողմից՝ իրականում չի ցանկանում նման զարգացում։  «Ռուսական կողմը պնդում է, որ ՀՀ-ն իր  քայլերի պատասխանատվությունը փորձում է գցել ռուսական կողմի  վրա։ Հենց դա էլ անում են իշխանությունները։ Բայց ես իմ կարծիքով՝ ինչ-որ պահից պետք է դուրս գալ կազմակերպությունից»,- ասել է նա։

Քաղաքագետի համոզմամբ՝ նոյեմբերի 11-ին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանը, ամենայն հավանականությամբ, կզրկվի ձայնի իրավունքից։ Միաժամանակ նա նշել է, որ անձամբ ավելի նպատակահարմար կհամարեր ոչ թե միայն նման սահմանափակումը, այլև Հայաստանի հեռացումը կազմակերպությունից։

Գրիգորյանը կարծում է, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը Հայաստանին անվտանգության որևէ երաշխիք չի տալիս և չի կարող տալ։ Ավելին՝ նրա գնահատմամբ՝ կազմակերպության դիրքորոշումը Հայաստանի համար վտանգավոր է, քանի որ ՀԱՊԿ-ը փաստացի չի ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

Որպես օրինակ քաղաքագետը հիշեցրել է Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի տարածք, երբ ադրբեջանական ուժերը հասել էին մինչև Ջերմուկ՝ խորանալով երկրի տարածքում մի քանի կիլոմետրով։ Սակայն ՀԱՊԿ-ը տեղի ունեցածը որակել էր որպես սահմանային վեճ։

«Ես մարդկանց ուզում եմ բացատրել՝ դա ինչ է նշանակում։ Սահմանային վեճը կարող է լինել 50 մետր այս կողմ, 5 մետր այն կողմ, 15 մետր այս կողմ։ Բայց կիլոմետրերով չի կարող լինել։ Դա նշանակում է, որ իրենք չեն ճանաչում մեր տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է Գրիգորյանը։

Այս համատեքստում քաղաքագետը կրկին անհրաժեշտ է համարել Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից՝ նշելով, որ կազմակերպությունը Հայաստանի անվտանգության հարցում որևէ արդյունք չի ապահովել և չի ապահովելու։

👉 Քաղաքականություն

Scroll to Top