Ռուսական ռազմաբազայի դուրսբերման մասին խոսակցությունները քաղաքական շղարշ են

Հայաստանում ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման շուրջ քննարկումները պետք է դուրս բերել էմոցիոնալ և քաղաքական հայտարարությունների դաշտից ու դիտարկել Հայաստանի անվտանգության ամբողջ համակարգի շրջանակում։ Այս մասին նշեց քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանը։

Կարապետյանն ընդգծեց, որ Հայաստանը առաջին հերթին պետք է հստակ հասկանա՝ ինչ գործառույթ է այսօր կատարում ռուսական ներկայությունը, ինչ է լինելու դրա բացակայության դեպքում և արդյոք հայկական կողմն ունի այդ բացը լրացնելու կարողություն։ Նրա խոսքով՝ եթե այդ խոսակցությունների հետևում չկա հստակ հաշվարկ և վերոհիշյալ հարցերի հստակ պատասխան, ծրագիր, ռազմաբազայի դուրսբերման մասին հայտարարությունները դառնում են ընդամենը «քաղաքական շղարշ»։ 

Կարապետյանի մոտեցմամբ՝ հարցը պետք է դիտարկել ոչ թե այն դիտանկյունից, թե արդյոք Հայաստանում ռուսական զինվորականների ներկայությունը ցանկալի է, թե ոչ, այլ նրանից, թե ինչ գործառույթ է իրականում կատարում ռազմաբազան նաև իր քաղաքական նշանակությամբ։ Ըստ նրա՝ 102-րդ ռազմաբազայի ներկայությունը ունի հստակ  իրավապայմանագրային հիմք, սակայն դրա քաղաքական նշանակությունը դրանով չի ավարտվում։ Այն տեղակայված է Հայաստանի համար զգայուն ուղղության վրա՝ հայ-թուրքական սահմանին, և դրա ներկայությունը պետք է գնահատել առաջին հերթին այդ սահմանին հնարավոր ռազմական սպառնալիքների տեսանկյունից։

Այսինքն՝ ռազմաբազայի դուրսբերման մասին քաղաքական հայտարարությունը ինքնին ոչինչ չի լուծում։ Եթե ռուսական զինուժը հեռանում է, պետք է փոխվի նաև այն անվտանգության մեխանիզմը, որը մինչ այդ ապահովում էր նրա ներկայությունը։ Իսկ այստեղ, ըստ Կարապետյանի, առաջանում է հիմնական խնդիրը՝ Հայաստանը պետք է ոչ միայն սահմանին զինվորներ տեղակայի,այլ ստեղծի նոր  ամբողջական պաշտպանական համակարգ՝ իրականացնի ամրաշինական և ինժեներական աշխատանքներ, ապահովի մշտական ծառայություն և սպառազինության բավարար թվաքանակ, ինչպես նաև հնարավոր ռազմական սցենարներին դիմակայելու կարողություն։ Կարապետյանի գնահատմամբ՝ Հայաստանը պետք է կարողանա ինքնուրույն պաշտպանել հայ-թուրքական սահմանը նույնիսկ այն դեպքում, երբ առաջանա լայնածավալ ռազմական գործողության վտանգ։

Արդյոք ներկայիս պահին Հայաստանը պատրաստ է արձագանքելու նման սպառնալիքներին, նշում է փորձագետը՝ հեշեցնելով Թուրքիայի գործողությունները Սիրիայի հյուսիսում։ Նա պնդում է, որ  նման սցենարները պարզապես տեսական վարժություններ չեն, հետևաբար ռուսական ներկայության վերացման մասին որոշումը պետք է հիմնված լինի ոչ թե քաղաքական ցանկության, այլ այն հաշվարկի վրա, թե Հայաստանը որքանով է պատրաստ դիմակայել նման սպառնալիքին սեփական ուժերով։

Բացի դրանից, ռուսական ռազմական ներկայության վերացումը չի կարող սահմանափակվել միայն 102-րդ ռազմաբազայի տարածքով։ Դրա հետ կապված է նաև «Էրեբունի» ավիաբազան, մյուս ենթակառուցվածքներն ու ստորաբաժանումները։ Այսինքն՝ եթե խոսքը իսկապես ամբողջական դուրսբերման մասին է, ապա պետք է փոխվի Հայաստանի անվտանգության համակարգի զգալի հատվածը։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top