Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առաջիկա հանդիպումից չպետք է ակնկալել խաղաղության գործընթացում բովանդակային լուրջ տեղաշարժեր։ Նման կարծիքի է Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ այս փուլում առաջնայինը ոչ թե նոր պայմանավորվածությունների ձեռքբերումն է, այլ վերջին շրջանում ձևավորված խնդրահարույց իրավիճակի հաղթահարումն ու երկկողմ գործընթացը նախկին կառավարելի հուն վերադարձնելը։ Պետրոսյանը նշել է, որ թեև ավելի քան մեկ տարի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը որոշակիորեն կառավարելի է եղել, սխալ կլինի ակնկալել, որ այն այսուհետ ընթանալու է սահուն։
«Պետք է հաշվի առնել, որ այս գործընթացն այնքան էլ սահուն չի ընթանալու։ Դա պայմանավորված է այն խորքային խնդիրներով, որոնք տասնամյակներ շարունակ, անգամ ավելի քան մեկ դար, եղել են երկու ժողովուրդների միջև, իսկ 1990-ականներից սկսած՝ նաև երկու պետությունների միջև», — ասել է նա։ Փորձագետի խոսքով՝ հատկապես պետք է հաշվի առնել 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական կողմում ձևավորված ընկալումները։ Այդ պայմաններում շատ արագ կառուցողական փուլ մտնելը, ըստ նրա, օբյեկտիվ իրականությանը չի համապատասխանում։
«Պետք է հասկանալ, որ Ադրբեջանի և ընդհանրապես մեր հարևան թուրքական պետությունների հետ բնականոն հարաբերությունների ձևավորման և ապահովման գործընթացը շատ բարդ է լինելու», — նշել է Պետրոսյանը։
Ադրբեջանը չի փոխում իր հռետորաբանությունը
Փորձագետի գնահատմամբ՝ ներկայիս իրավիճակում առանձնահատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ ադրբեջանական կողմը չի ցանկանում հետ կանգնել այն տոնայնությունից, որով սկսվել է վերջին լարվածության փուլը։ «Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ նույն տեմպի վրա և, բնականաբար, առաջ է մղում իր քարոզչական օրակարգը՝ սեփական քարոզչական նարատիվների հիման վրա», — ասել է նա։
Պետրոսյանը կարծում է, որ նման զարգացումները պետք է մշտապես հաշվի առնել Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացում։ Նրա խոսքով՝ անգամ ռազմավարական հարաբերություններ ունեցող գործընկերների միջև տարբեր ճգնաժամերի առաջացումը բնական երևույթ է, ուստի նման խնդիրները չկանխատեսելը «պարզապես միամտություն» կլինի։ Այս համատեքստում նա կարևորել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը՝ հույս հայտնելով, որ այն որոշակիորեն կմեղմի իրավիճակը։
Խաղաղության պայմանագրի կամ սահմանների բացման վերաբերյալ արագ արդյունք սպասել պետք չէ
Պետրոսյանը շեշտել է, որ ներկայիս իրավիճակում խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացում կամ սահմանների բացման հարցում արագ և լուրջ առաջընթաց ակնկալելը հիմնավոր չէ։«Այսպիսի ակնկալիք ունենալը, բնականաբար, միամտություն կլիներ։ Կողմերը դեռևս չեն հասել կարգավորման գործընթացի այն մակարդակին, որը թույլ կտար նման ակնկալիքներ ունենալ», — ասել է նա։
Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, երկկողմ հարաբերությունների տարբեր ուղղություններով գործընթացները չեն դադարել։ Նա մատնանշել է առևտրային հարաբերությունների շարունակությունը և ոչ հրապարակային մակարդակում առկա շփումները։
Պետրոսյանը նաև նշել է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Հիքմեթ Հաջիևի հետ կապի մեջ լինելու մասին։
TRIPP-ի և սահմանազատման ուղղությամբ գործընթացները շարունակվում են
Փորձագետի խոսքով՝ առանձին ուղղություններով աշխատանքը շարունակվում է նաև ներկայիս տեղեկատվական և քաղաքական լարվածության պայմաններում։
Նա առանձնացրել է TRIPP-ի իրականացման գործընթացը՝ նշելով, որ այն կարևոր է երկու երկրների համար, և կողմերը պարբերաբար անդրադառնում են դրան։ Այս թեմայով, նրա խոսքով, քննարկումներ են տեղի ունեցել նաև երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ Նյու Յորքում։
Շարունակվում են նաև ծառայությունների ոլորտին վերաբերող շփումները, իսկ սահմանազատման ուղղությամբ որոշակի քայլեր են սպասվում, թեև կողմերը դրանց վերաբերյալ դեռևս հրապարակային հայտարարություններ չեն արել։
«Այսինքն՝ գործընթաց կա։ Պարզապես կրկնում եմ՝ այս քարոզչական աղմուկը որոշակի լարվածության ֆոն է ստեղծում, որը, կարծում եմ, կառավարելի է, և հուսանք, որ արտգործնախարարների բանակցությունների ընթացքում իրավիճակը կհարթվի», — ամփոփել է Արմեն Պետրոսյանը։

