Ռուսաստանի սահմանափակումների տնտեսական ազդեցությունը տանելի է, սոցիալականը՝ ոչ 

Եթե Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի նկատմամբ ներկայում կիրառվող սահմանափակումները պահպանվեն, տնտեսությունը կունենա շուրջ 2 տոկոսային կետի   ՀՆԱ-ի կորուստ։ Տնտեսական առումով այդ հարվածը տանելի է, սակայն սոցիալական առումով՝ ոչ։  Նման տեսակետ հայտնեց ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։  

Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից ներկայում կիրառվող սահմանափակումները հիմնականում վերաբերում են Հայաստանից արտահանվող գյուղատնտեսական արտադրանքին՝ մրգին ու բանջարեղենին, ինչպես նաև խմիչքներին, ձկնեղենին և այլ ապրանքներին։ «Դրա տնտեսական էֆեկտը մեր տնտեսության համար շուրջ 2 տոկոսային կետ ՀՆԱ-ի կորուստ է։ Ցավոտ է, իհարկե, դա փոքր ցուցանիշ չէ, բայց տնտեսական առումով տանելի է։ Սոցիալական առումով՝ ոչ»,– ասել է նա։

Տնտեսագետի գնահատմամբ՝ խնդրի սոցիալական կողմն առավել լուրջ է, քանի որ սահմանափակումների հիմնական հարվածը հասնելու է գյուղատնտեսությամբ զբաղվող բնակչությանը։ Խոսքը ոչ միայն արտադրանքը իրացնելու դժվարության, այլև այն հանգամանքի մասին է, որ գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիների զգալի մասը վարկային բեռ ունի։ Նրա խոսքով՝ եթե, օրինակ, սահմանափակվեր հանքարդյունաբերության գործունեությունը, հարվածը նույնպես լուրջ կլիներ, քանի որ այդ ոլորտը համակարգաստեղծ ճյուղ է, սակայն այնտեղ ուղղակիորեն զբաղված մարդկանց թիվը համեմատաբար ավելի փոքր է։ 

Գյուղատնտեսության դեպքում իրավիճակն այլ է, քանի որ ոլորտը շատ ավելի լայն է և ներառում է բազմաթիվ փոքր տնտեսություններ, որոնք զբաղվում են խաղողագործությամբ, պտղաբուծությամբ, բանջարաբուծությամբ և այլ ուղղություններով։ Հետևաբար, նրա խոսքով, գյուղատնտեսական արտադրանքի իրացման սահմանափակումները կարող են վերածվել լայնածավալ սոցիալական խնդրի։

Գազի սակագնի բարձրացումը կարող է բազմապատկել խնդիրը

Արամյանի խոսքով՝ սակայն իրավիճակը գնահատելիս պետք է հաշվի առնել նաև մի քանի այլ կարևոր գործոններ։ Դրանցից մեկը գազի սակագնի հնարավոր բարձրացումն է։ Նա նշել է, որ այդ հարցին անդրադարձել է նաև Կենտրոնական բանկի նախագահը, և ինքը կիսում է այդ տեսակետը։ «Եթե գազի սակագնին մենք դիպչում ենք, այսինքն՝ այսօր Ռուսաստանի Դաշնությունից մենք գազը ներմուծում ենք 177,5 դոլարով, մոտավորապես 177 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Դա, բնականաբար, սուբսիդավորված գին է, և դա բոլորս էլ հասկանում ենք»,– ասել է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ այս համատեքստում կարևոր է նաև հաշվի առնել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության այն մասը, որը միշտ չէ, որ տեսանելի է որպես ուղղակի ֆինանսական աջակցություն։ Արամյանի խոսքով՝ ռուսական կողմի կողմից սուբսիդավորված գազի գնի շնորհիվ Հայաստանի տնտեսության մեջ մնում է բավականին խոշոր գումար։ «Ես չեմ ուզում դիտվել որպես Ռուսաստանի պրոպագանդիստ, բայց ես տնտեսական փաստերն եմ բարձրաձայնում։ Մենք տարեկան շուրջ 520-560 միլիոն դոլար վճարում ենք Ռուսաստանից գազի ներմուծման համար։ Եթե, օրինակ, կրկնապատկվում է սակագինը, դա նշանակում է, որ սահմանին նույն ծավալի գազ ներմուծելու համար, այլ հավասար պայմաններում, մենք պետք է երկու անգամ ավելի վճարենք»,– ասել է Արամյանը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ գազի սպառումն այնքան էլ ճկուն չէ, որպեսզի դրա գնի կրկնապատկմանը համարժեք նույն չափով նվազի սպառումը։ Գազը անհրաժեշտ է բնակարանների ջեռուցման, սնունդ պատրաստելու և այլ կենցաղային կարիքների համար, ուստի դրա գնի բարձրացման դեպքում մարդիկ չեն կարող միանգամից նույն չափով կրճատել սպառումը։ «Գազը գնից քիչ էլ է կախված, որովհետև մարդիկ ամեն դեպքում պետք է տաքացնեն իրենց բնակարանները, պետք է ուտելիք պատրաստեն և այլն։ Որոշակի էլաստիկություն ունի, բայց այնպես չէ, որ շատ բարձր էլաստիկ է, և եթե գազի գինը կրկնապատկվում է, գազի սպառումը նույնպես միանգամից կրկնակի կնվազի»,– նշել է նա։

Գազի թանկացման առաջին հարվածը՝ սպառողին

Արամյանի խոսքով՝ գազի սակագնի բարձրացումը տնտեսության վրա ազդելու է մի քանի փոխանցման ուղիներով։ Առաջին փոխանցման ուղին, նրա խոսքով, տնային տնտեսությունների ծախսերն են։ Եթե մարդիկ ստիպված լինեն նույն ծավալի գազի համար երկու անգամ ավելի շատ վճարել, այդ լրացուցիչ գումարը նրանք պետք է կրճատեն այլ ապրանքների և ծառայությունների սպառումից։

«Մարդիկ, ենթադրենք, նույն ծավալի գազ սպառելու համար կրկնակի ավելի գումար են հատկացնելու իրենց գրպանից։ Դա նշանակում է, որ այլ ապրանքների և ծառայությունների նկատմամբ նույնքան պետք է կրճատեն իրենց պահանջարկը։ Ենթադրենք՝ ավելի քիչ կգնան ռեստորան, ավելի քիչ կծախսեն հագուստի, կոշիկի, սննդի և այլ ապրանքների վրա»,– ասել է տնտեսագետը։

Նրա խոսքով՝ պահանջարկի այդ նվազումն իր հերթին տնտեսական հետևանքներ է ունենալու։ «Սա բերելու է տնտեսական անկումների։ Պահանջարկդ փոքրանում է, բնականաբար, ինչքան որ արտադրում ես, դրա մեծ մասը կարող ես չկարողանալ իրացնել»,– նշել է Արամյանը։

Այսինքն՝ գազի սակագնի բարձրացման հետևանքով խնդիրը չի սահմանափակվում միայն կոմունալ վճարների աճով։ Տնային տնտեսությունների ծախսերի կառուցվածքի փոփոխությունը կարող է տարածվել տնտեսության այլ հատվածների վրա՝ նվազեցնելով դրանց նկատմամբ պահանջարկը։

Երկրորդ փոխանցման ուղին՝ արտադրողների ծախսերի աճը

Գազի թանկացման երկրորդ փոխանցման ուղին, ըստ Արամյանի, արտադրողների ծախսերն են։ Հատկապես խոցելի են այն ոլորտները, որտեղ գազը արտադրական գործընթացի անմիջական բաղադրիչ է։ Տնտեսագետը որպես օրինակ առանձնացրել է գյուղատնտեսությունը և ջերմոցային տնտեսությունները։«Երկրորդ փոխանցման ուղին ուղղակի այն է, որ դա մտնելու է արտադրողների ծախսերի մեջ։ Հիմնականում դրանից խոցվելու են գյուղատնտեսական ոլորտը, ջերմոցային տնտեսությունները, որոնք գազով են աշխատում։ Սա բարձրացնելու է նրանց ինքնարժեքը»,– ասել է նա։

Արամյանի խոսքով՝ ինքնարժեքի աճը կարող է որոշ տնտեսվարողների հասցնել այնպիսի իրավիճակի, երբ իրենց արտադրանքը շուկայում այլևս մրցունակ չլինի։ «Բավականին շատ տնտեսվարողներ կարող է հայտնվեն նաև, այսպես ասած, սնանկության հորիզոնում, որովհետև այլևս իրենց արտադրանքը մրցունակ չի լինելու»,– նշել է նա։ Տնտեսագետը դա բացատրել է փոքր արտադրողների օրինակով։ Նրանք, ի տարբերություն խոշոր ընկերությունների, շուկայական գնի վրա ազդելու հնարավորություն չունեն։

«Ենթադրենք՝ իրենք կարողանում էին կոնկրետ ապրանքը արտադրել 1000 դրամով, իսկ շուկայական գինը 1200 դրամ է։ Երբ իրենց ինքնարժեքը արդեն բարձրանում է 1300 դրամ, նրանք չեն կարող ասել՝ գիտե՞ք ինչ, ես առաջարկում եմ 1300 դրամով։ Որովհետև իրենք փոքր խաղացող են տնտեսության մեջ, և բնականաբար սպառողը դա չի գնի»,– ասել է Արամյանը։ Արդյունքում, նրա խոսքով, այդ արտադրողները կարող են դուրս մղվել շուկայից և փակվել։

Արտահանողները արդեն իսկ բարդ իրավիճակում են

Արամյանի խոսքով՝ խնդիրների առանձին խումբ է առաջանալու նաև արտահանողների համար։ Նա ընդգծել է, որ Հայաստանի արտահանելի հատվածը 2022 թվականից ի վեր գտնվում է բավական բարդ իրավիճակում։ «Ես նույնիսկ ինձ թույլ եմ տվել մի փոքր կոպիտ բառ ասել, բայց դա իրականում բնորոշում է իրենց վիճակը։ Դա, ասենք, խռխռոցն է։ Իրականում արտահանողները բավականին բարդ վիճակում են»,– ասել է նա։

Տնտեսագետի խոսքով՝ արտահանողները միաժամանակ խոցվում են մի քանի ուղղություններով։ Առաջինը փոխարժեքն է։ Ըստ նրա՝ դրամի արժևորումը բացասաբար է անդրադառնում արտահանողների մրցունակության վրա։ Երկրորդը հարաբերական գներն են։ Արտահանելի հատվածի արտադրողները ստիպված են մրցակցել նաև ներմուծվող ապրանքների հետ, և փոխարժեքի փոփոխության պայմաններում ներմուծվող ապրանքները կարող են ավելի մրցունակ դառնալ։

Արամյանը օրինակ է բերել խմիչքի շուկան։ «Ենթադրենք՝ մենք ունենք ներքին արտադրության օղի։ Այդ օղիները չեն կարող շատ իջեցնել գները։ Իսկ ներմուծողները, ենթադրենք՝ նույն Beluga-ն կամ այլ ներմուծվող խմիչքներ, բնականաբար, փոխարժեքի հաշվին կարողանում են գինն իջեցնել։ Եվ այդտեղ մեր արտադրողները պարտվում են»,– ասել է նա։

Այսինքն՝ արտահանելի հատվածի խնդիրը միայն արտաքին շուկաներում մրցունակության կորուստը չէ։ Ներքին շուկայում ևս տեղական արտադրողները մրցակցում են ներմուծվող ապրանքների հետ, և փոխարժեքի փոփոխությունը կարող է այդ մրցակցությունը նրանց համար ավելի բարդ դարձնել։

Ոչ արտահանելի հատվածը ռեսուրսներ է վերցնում արտահանելի հատվածից

Արամյանը մատնանշել է նաև մեկ այլ խնդիր՝ Հայաստանի ոչ արտահանելի հատվածի արագ աճը։ «Մյուս մասը, որը ներքին, արդեն հարաբերական գներն են, այն է, որ մեր արտահանողները պարտվում են նաև ոչ արտահանելի հատվածին»,– ասել է նա։

Նրա խոսքով՝ այսօր ոչ արտահանելի հատվածը ակտիվորեն զարգանում է, ինչը, ըստ նրա, երևում է տնտեսական ակտիվության ցուցանիշներում։ «Նայեք, որ այնտեղ հիմնական լիդինգ ուղղությունները ոչ արտահանելի հատվածն են՝ կապիտալ շինարարություն, ծառայությունների ոլորտներ»,– նշել է տնտեսագետը։

Արամյանի գնահատմամբ՝ եթե ոչ արտահանելի հատվածում շահութաբերությունն աճում է, այդ ոլորտները սկսում են ռեսուրսներ ներգրավել արտահանելի հատվածից։ Խոսքը հատկապես աշխատուժի և կապիտալի մասին է։ «Որովհետև արտահանելի հատվածը և ոչ արտահանելի հատվածը մրցում են նույն արտադրական ռեսուրսների համար՝ կապիտալի կամ աշխատուժի»,– ասել է նա։

Նա օրինակ է բերել աշխատավարձերի տարբերությունը։ «Պատկերացրեք՝ արտահանելի հատվածը տալիս է 300 հազար դրամ, ոչ արտահանելի հատվածը՝ 350 հազար։ 350 հազարով նա հաղթում է այդ պատերազմում, իր կողմ է քաշում աշխատուժին։ Աշխատուժը, փոխանակ պահած աշխատի արտադրական ընկերությունում, գնում է և դառնում է ծառայությունների ոլորտում ինչ-որ գործի աշխատակից»,– նշել է Արամյանը։

Այսպիսով, նրա խոսքով, արտահանելի հատվածը ոչ միայն բախվում է արտաքին մրցակցության և փոխարժեքի խնդիրներին, այլև ներսում մրցակցում է ավելի բարձր շահութաբերություն ունեցող ոչ արտահանելի ոլորտների հետ՝ աշխատուժի և այլ ռեսուրսների համար։

Ուղղակի և մուլտիպլիկատիվ ազդեցություն

Արամյանը Ռուսաստանի սահմանափակումների և գազի սակագնի հնարավոր բարձրացման ազդեցությունը բնութագրում է երկու մակարդակով՝ ուղղակի և մուլտիպլիկատիվ։ « Ուղղակի էֆեկտն այն է, որ միանգամից քեզ մոտ ծախսերը մեծանում են՝ անկախ նրանից՝ դու տնային տնտեսություն ես, թե արտադրող։ Երկուսի մոտ էլ ծախսերը բարձրանում են»,– նշել է նա։

Տնային տնտեսությունների դեպքում դա նշանակում է, որ նույն եկամտի պայմաններում ավելի մեծ մասն է ուղղվելու գազի վճարմանը, ինչի հետևանքով կրճատվելու է այլ ապրանքների և ծառայությունների նկատմամբ պահանջարկը։ Արտադրողների դեպքում ծախսերի աճը բարձրացնելու է ինքնարժեքը, իսկ փոքր արտադրողների և արտահանողների համար դա կարող է նշանակել մրցունակության կորուստ։

Սակայն Արամյանի խոսքով՝ ավելի խորքային խնդիրը մուլտիպլիկատիվ ազդեցությունն է, երբ սկզբնական հարվածը սկսում է տարածվել տնտեսության այլ հատվածների վրա։ «Կա դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը, երբ դա շարունակում է։ Կամաց-կամաց, ենթադրենք, արտահանողները շուկայից դուրս են մղվում, սպառողները կամաց-կամաց սկսում են կրճատել իրենց սպառումը այլ ուղղություններով, և դա հանգեցնում է արդեն ավելի խորը տնտեսական անկման»,– ասել է տնտեսագետը։


👉 Տնտեսություն

Scroll to Top