Երևանի անշարժ գույքի շուկայում վերջին ամիսներին արձանագրվել է կտրուկ աճ։ Գույքի գները կենտրոնում երեք ամսվա կտրվածքով բարձրացել են 41 տոկոսով, Արաբկիրում՝ 40, իսկ Էրեբունիում՝ 71 տոկոսով։ Վարձակալության շուկայում ևս նկատվում է զգալի թանկացում։ Այս մասին հայտնել է տնտեսագետ Աղասի Թավադյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականի կեսերից մինչև 2026 թվականը անշարժ գույքի շուկայում ընդհանուր առմամբ գների սառեցում էր նկատվում, սակայն վերջին ամիսներին իրավիճակը փոխվել է։ Աճել են ինչպես վարձակալության, այնպես էլ անշարժ գույքի և շինարարության գները։ 2026 թվականի այս սեզոնին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է եկել մոտ 400 հազար մարդ։ Միաժամանակ, ներկայում Հայաստանում մեկ օրվա կտրվածքով գտնվում է Ռուսաստանի Դաշնության շուրջ 100 հազար քաղաքացի։ Թավադյանի խոսքով՝ այս ցուցանիշը մոտավորապես համապատասխանում է 2023 թվականի պիկային սեզոնի մակարդակին։
Անշարժ գույքի շուկայում վերջին ամիսների աճն արտահայտվել է նաև վարձակալության գներում։ Օրինակ՝ Արաբկիրում մեկ սենյականոց բնակարանի վարձակալության գինը նախորդ տարվա ամռանը մոտ 350 հազար դրամ էր, իսկ այս սեզոնին այն հասել է մոտ 500 հազար դրամի։
Թավադյանի խոսքով՝ շուկայում առկա բնակարանների մի մասի սեփականատերերը բարձրացրել են գները, իսկ մյուսները պահպանել են նախկին գինը։ Սակայն ավելի ցածր գնով առաջարկները արագ սպառվել են, և շուկայում հիմնականում մնացել են ավելի բարձր գնով բնակարանները։ Նրա գնահատմամբ՝ 2026 թվականի այս աճը 2022-2023 թվականների ալիքից փոքր է։
Անշարժ գույքի շուկայի աճը
Թավադյանի խոսքով՝ վերջին երկու-երեք ամիսներին Կադաստրի տվյալները ևս արձանագրում են շուկայի ակտիվացում։ Աճել են անշարժ գույքի գները և շինարարության ծավալները։ Միաժամանակ աճ է արձանագրվել բանկային համակարգում։
Թավադյանի խոսքով՝ այս գործընթացների արդյունքում Երևանի կենտրոնում արձանագրվող աճը զգալի ազդեցություն է ունենում նաև հանրապետության ընդհանուր տնտեսական աճի ցուցանիշների վրա։ Միաժամանակ, ըստ նրա, աճում են նաև այլ գներ, այդ թվում՝ բենզինի և դիզելային վառելիքի թանկացման պայմաններում։
Թավադյանի խոսքով՝ կառավարությունը շուրջ մեկ տարի փորձում է կարգավորել վարձակալությունից ստացվող եկամուտների հարկումը՝ նախատեսելով 5 և 10 տոկոս դրույքաչափեր, սակայն այդ համակարգը լիարժեք չի գործում։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս բարձր պահանջարկի պայմաններում բնակարանների վարձակալության գների աճը շարունակվում է։
Թավադյանը կարծում է, որ պետական միջամտության դեպքում ավելի արդյունավետ կարող է լինել ոչ թե վարձակալության գների վերևից սահմանափակումը, այլ այն քաղաքացիների ժամանակավոր աջակցությունը, որոնք իրականում ունեն վարձակալության անհրաժեշտություն։
Նրա խոսքով՝ հատկապես ուշադրության կարիք ունեն այն քաղաքացիները, որոնք 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ստիպված տեղափոխվել են Հայաստան և բնակվում են վարձակալությամբ։
Թավադյանի գնահատմամբ՝ ժամանակավոր աջակցությունը կարող է կիրառվել կարճ ժամանակահատվածում՝ մինչև շուկայական իրավիճակի փոփոխությունը։
Աճը կարող է ժամանակավոր լինել
Թավադյանը կարծում է, որ 2026 թվականին անշարժ գույքի շուկայում արձանագրված կտրուկ աճը կարող է ժամանակավոր բնույթ ունենալ։
Նրա խոսքով՝ ինչպես 2022 թվականի շուկայական ակտիվացումից հետո իրավիճակը հաջորդ տարի հանդարտվեց, այնպես էլ ներկայիս աճից հետո կարելի է սպասել շուկայի ավելի հանգիստ փուլ։
Միաժամանակ, ըստ նրա, պետության երկարաժամկետ խնդիրը պետք է լինի այն, որ ժամանակավոր մեծ հոսքերը չստեղծեն երկարաժամկետ խնդիրներ բնակարանային շուկայում։
Թավադյանի խոսքով՝ այս ուղղությամբ Հայաստանում իրականացվում են նաև հյուրանոցային նոր ներդրումներ և կառուցվում են լրացուցիչ հյուրանոցներ։
Նա նաև նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում ներկայում խնդիրներ և անկում են արձանագրվում, մինչդեռ Երևանի անշարժ գույքի, շինարարության և բանկային համակարգի ակտիվությունը շարունակում է դրական ազդեցություն ունենալ տնտեսական աճի ցուցանիշների վրա։

