Դադիվանքի արժեքների հարցով Ադրբեջանը դիմել է Ինտերպոլ՝ սակայն Բաքվի պահանջը մերժվելու է

Ադրբեջանը Դադիվանքից հայկական մշակութային արժեքները Հայաստան տեղափոխելու հարցը փորձում է տեղափոխել միջազգային իրավապահ հարթակ՝ դիմելով Ինտերպոլին։ Բաքուն պնդում է, թե վանական համալիրից արժեքները «գողացվել» և տեղափոխվել են Հայաստան, իսկ դրանց տեղափոխման մեջ ներգրավված անձանց նկատմամբ պահանջում է միջազգային հետախուզում հայտարարել։ Արդյոք Ինտերպոլը իսկապես ընթացք է տվել Ադրբեջանի դիմումին։
Պաշտպանության լավագույն մարտավարությունը հարձակումն է

Քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանը Ադրբեջանի այս քայլը դիտարկում է որպես Բաքվի համար արդեն հայտնի քաղաքական մարտավարության հերթական դրսևորում։ Նրա խոսքով՝ մի կողմից Ադրբեջանը շարունակում է հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման իր քաղաքականությունը, մյուս կողմից՝ հենց հայկական կողմին է մեղադրում այդ ժառանգությունը յուրացնելու մեջ։

«Պաշտպանության լավագույն մարտավարությունը հարձակումն է», — ասում է Երկանյանը՝ նշելով, որ Ադրբեջանը փորձում է նաև միջազգային ոստիկանական մեխանիզմներն օգտագործել իր քաղաքական և աշխարհաքաղաքական նպատակների համար։

Այս համատեքստում նա Դադիվանքի, Գանձասարի և Արցախի մյուս հայկական հուշարձանները «աղվանական» ժառանգություն ներկայացնելու ադրբեջանական փորձերը կապում է Ինտերպոլին ուղղված դիմումի հետ։

Ինտերպոլի կողմից ընդունվելու շանսերը

Երկանյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի դիմումի՝ Ինտերպոլի կողմից ընդունվելու հիմքերը բացակայում են։

Նա հիշեցնում է, որ Ինտերպոլի կանոնադրությունը սահմանափակում է կազմակերպության միջամտությունը այն գործերին, որոնք ունեն քաղաքական, ռասայական կամ կրոնական բնույթ։ Դադիվանքի դեպքում, նրա խոսքով, այդ հանգամանքը ակնհայտ է։

Երկանյանը նաև հիշեցնում է, որ Ինտերպոլը նախկինում բազմիցս մերժել է Ադրբեջանի նմանատիպ դիմումները։ Մասնավորապես, նա հիշատակում է հասարակական գործիչ Զորի Բալայանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու ադրբեջանական պահանջը, որը ևս մերժվել էր՝ հաշվի առնելով Ինտերպոլի կանոնադրության համապատասխան դրույթները։

«Ես գրեթե վստահ եմ, որ նույն այդ կետը վկայակոչելով՝ այս անգամ ևս այդ պահանջը կմերժվի կամ միգուցե արդեն մերժվել է», — ասում է նա։

Դադիվանքի արժեքների տեղափոխումը՝ ոչ թե գողություն, այլ տարհանում

Երկանյանը չի հերքում, որ Դադիվանքից որոշ պատմական և մշակութային արժեքներ՝ այդ թվում զանգեր, խաչեր և խաչքարեր, տեղափոխվել են Հայաստան։ Սակայն, նրա խոսքով, դրանց տեղափոխման նպատակը եղել է հուշարձաններն ու արժեքները հնարավոր ոչնչացումից և վանդալիզմից փրկելը։

Նա այս պնդումը հիմնավորում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական մշակութային ժառանգության նախկին ճակատագրով։

Երկանյանը հիշեցնում է Ջուղայի խաչքարերի ոչնչացումը, Գանձասարի և Արցախի մյուս հայկական հուշարձանների նկատմամբ իրականացված գործողությունները, ինչպես նաև Ղազանչեցոց եկեղեցու նկատմամբ վերաբերմունքը։

Այս համատեքստում նա կարծում է, որ Դադիվանքի մշակութային արժեքների տեղափոխումը պետք է դիտարկել որպես պատմական ժառանգության տարհանում, այլ ոչ թե քրեական իմաստով գողություն։

Նրա խոսքով՝ այդ քայլի նպատակը եղել է արժեքները հնարավոր պղծումից և վանդալիզմից պաշտպանելը, ուստի հիմքեր չկան այն քրեորեն հետապնդվող արարք որակելու համար։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top