Փաշինյանը դե-ֆակտո ՌԴ-ին տալիս է ՀՀ տարածքում աշխարհաքաղաքական որոշում կայացնելու իրավունք

Ռուսաստանը ձգտում է հայ հասարակության տրամադրությունները օգտագործել Հայաստանի դեմ

Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացումը Ռուսաստանի համար կարևոր քաղաքական նշանակություն ունի։ Այս մասին նշեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ 

Նրա գնահատմամբ՝ եթե Հայաստանի քաղաքացիներին առաջարկվի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, հասարակության մեծամասնությունը, մեծ հավանականությամբ, կընտրի Եվրոպական ուղղությունը։ Ղևոնդյանը նշել է, որ դրա մասին են վկայում ինչպես Եվրաքվեի գործընթացը, այնպես էլ տարբեր սոցիոլոգիական հարցումները և հասարակության ընդհանուր տրամադրությունները։ Նրա խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու կողմնակիցների և ԵԱՏՄ-ում մնալու կողմնակիցների միջև տարբերությունը բավական մեծ է։ Քաղաքագետի գնահատմամբ՝ հնարավոր հանրաքվեի դեպքում խոսքը կարող է ոչ թե 51 տոկոսի, այլ 70-80 և ավելի տոկոսի աջակցության մասին լինել։

Հանրաքվեն՝ Ռուսաստանի համար ճնշումների նոր հիմք

Ղևոնդյանի կարծիքով՝ եթե հանրաքվեի արդյունքում Հայաստանի ժողովուրդը ընտրի Եվրամիության ուղղությունը և փաստացի մերժի ԵԱՏՄ-ն, դա Ռուսաստանին կարող է լեգիտիմ առիթ տալ Հայաստանի նկատմամբ ճնշումները խորացնելու համար։

Նրա խոսքով՝ նման իրավիճակում Մոսկվան կարող է սկսել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթացը, կիրառել շանտաժի և վախեցնելու մեթոդներ, ինչպես նաև Հայաստանին այլընտրանքներ առաջարկել՝ որոշակի հարցերում զիջումների դիմաց։

«Հայաստանը փաստացի լեգիտիմ առիթ կտա Ռուսաստանին գործելու էլ ավելի կոշտ միջոցներով, էլ ավելի շատ ճնշում գործադրելու Հայաստանի նկատմամբ»,– ասել է Ղևոնդյանը։

Նրա գնահատմամբ՝ հենց այս ռիսկերը հասկանալով՝ Հայաստանի իշխանությունները ներկայումս չեն գնում նման հանրաքվեի անցկացման ճանապարհով։

Հանրաքվեի անցկացումը Հայաստանի ինքնիշխան որոշումն է

Քաղաքագետն ընդգծել է, որ հանրաքվե անցկացնելու որոշումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավասության շրջանակում է։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանություններն են որոշելու, թե երբ է անհրաժեշտ դիմել ժողովրդին և երբ պետք է հանրաքվե անցկացնել։

Ղևոնդյանը հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հայտ ներկայացնելուց հետո կանցկացվի հանրաքվե։ Նրա խոսքով՝ դա Հայաստանի լեգիտիմ ընտրված իշխանությունների՝ սեփական ընտրողներին դիմելու որոշումն է։

Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանում և ԵԱՏՄ անդամ այլ երկրներում տարբեր հայտարարություններ կարող են հնչել, սակայն դրանք ինքնին չեն կարող որոշել՝ Հայաստանում երբ և ինչպիսի հանրաքվե պետք է անցկացվի։

Ռուսաստանի ճնշումները հակառուսական տրամադրությունները չեն նվազեցնում

Ղևոնդյանի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներն ու ճնշումները նպաստում են ոչ թե ռուսամետ տրամադրությունների ամրապնդմանը, այլ հակառուսական տրամադրությունների հետագա խորացմանը։

Նա կարծում է, որ Ռուսաստանում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը ճիշտ չեն գնահատում կամ Մոսկվա հասնող տեղեկատվությունը չի արտացոլում իրական պատկերը։

«Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության ներսում տիրող իրավիճակը ճիշտ չեն գնահատում կամ այն, ինչ իրենց զեկուցվում է, ճիշտ չեն զեկուցում»,– նշել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հասարակության, հասարակական հարաբերությունների, իշխանության և հասարակության փոխհարաբերությունների, ինչպես նաև գործող կառավարության նկատմամբ հանրային վերաբերմունքի մասին Ռուսաստանի պատկերացումները կարող են ձևավորվել առանձին անհատների, այդ թվում՝ ընդդիմադիր շրջանակների հայտարարությունների հիման վրա։

Ղևոնդյանի գնահատմամբ՝ նման տեղեկատվությունը չի արտացոլում Հայաստանի քաղաքացիների մեծամասնության դիրքորոշումը ոչ կառավարության գործողությունների, ոչ էլ արտաքին քաղաքականության հիմնական մոտեցումների վերաբերյալ։

Նրա խոսքով՝ դրա հետևանքով Ռուսաստանը քայլեր է իրականացնում, որոնք ոչ թե մեղմացնում, այլ ավելի են խորացնում Հայաստանի և Ռուսաստանի միջև արդեն իսկ գոյություն ունեցող խնդիրները։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top