Հայաստանի և Ռուսաստանի միջև ներկայում երկու զուգահեռ մենախոսություն է ընթանում, իրական երկխոսության փոխարեն։ Նման կարծիքի է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։ Նրա գնահատմամբ՝ կողմերը ներկայացնում են իրենց դիրքորոշումները, սակայն միմյանց առաջարկների և ակնկալիքների շուրջ ընդհանուր լուծումներ գտնելու գործընթաց չկա։
Պողոսյանի կարծիքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը բավական հստակ է։ Եթե Հայաստանի ներկայիս իշխանությունների ռազմավարական նպատակը, թեկուզ երկարաժամկետ հեռանկարում, Եվրամիությանն անդամակցելն է, ապա Ռուսաստանը չի ցանկանում, որ այդ գործընթացի ընթացքում Հայաստանը շարունակաբար օգտվի Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների արտոնություններից։
Ռուսաստանի տնտեսական լծակները
Պողոսյանի գնահատմամբ՝ Հայաստանը չի շտապում այս հարցում հստակություն մտցնի, քանի որ ներկայում փորձում է խուսափել Ռուսաստանի կողմից առավել կոշտ տնտեսական սահմանափակումների կիրառումից։ Նրա կարծիքով՝ մինչ այժմ օգտագործված տնտեսական լծակները համեմատաբար քիչ ցավոտ են եղել, սակայն Ռուսաստանի տրամադրության տակ կան ավելի ազդեցիկ միջոցներ։
Դրանց թվում նա առանձնացնում է ռուսական շուկայի փակումը հայկական աշխատուժի համար, ֆինանսական փոխանցումների սահմանափակումը, Հայաստան-Ռուսաստան ուղիղ ավիափոխադրումների դադարեցումը և գազի գնի բարձրացումը, մատակարարումների սահմանափակումը կամ դադարեցումը։
Քաղաքագետը հիշեցնում է, որ միայն նախորդ տարի Ռուսաստանի կողմից Հայաստան իրականացված բանկային փոխանցումների ծավալը կազմել է շուրջ 3,9 միլիարդ դոլար։ Միաժամանակ, Հայաստան այցելող զբոսաշրջիկների մոտ 40-41 տոկոսը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Հետևաբար ուղիղ ավիափոխադրումների դադարեցումը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի զբոսաշրջության ոլորտին։
Գազի գնի բարձրացումը կամ մատակարարումների դադարեցումը, ըստ Պողոսյանի, նույնպես կարող է շղթայական ազդեցություն ունենալ՝ հանգեցնելով էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և, ընդհանուր առմամբ, ապրանքների ու ծառայությունների թանկացման։
2026 թվականի դեկտեմբերը՝ որպես հնարավոր վերջնաժամկետ
Պողոսյանը կարծում է, որ Մոսկվայում Հայաստանի համար որոշակի ժամանակային սահման կարող են դիտարկել 2026 թվականի դեկտեմբերը։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը կարող է ակնկալել, որ մինչև այդ Հայաստանը կա՛մ կհրաժարվի ԵՄ-ին անդամակցության գործընթացի հետ կապված իր օրենքից, կա՛մ առնվազն կհստակեցնի այդ գործընթացի հետագա ընթացքը։
Քաղաքագետի մեկնաբանությամբ՝ եթե մինչև 2026 թվականի դեկտեմբերը Հայաստանը չեղարկի 2025 թվականին ընդունված համապատասխան օրենքը կամ չնշանակի ԵՄ անդամակցության հանրաքվեի օրը, Մոսկվայում դա կարող է ընկալվել որպես ազդանշան, որ Հայաստանը որոշել է հեռանկարում դուրս գալ ԵԱՏՄ-ից։
Այդ դեպքում, նրա կարծիքով, արդեն 2027 թվականի սկզբից հնարավոր է ռուսական կողմից ավելի կոշտ տնտեսական սահմանափակումների կիրառում։
Էսկալացիայի դեպքում առավելությունը Ռուսաստանի կողմում է
Պողոսյանը նշեց, որ Ռուսաստանում մտավախություն չունեն, որ վերջնականապես կկորցնեն իրենց դիրքերը Հայաստանում, քանի որ համոզված են, որ ունեն «էսկալացիոն առավելություն»։ «Քաղաքականության մեջ գոյություն ունի «էսկալացիայի աստիճանների» հասկացություն։ Դա կողմերից մեկի քայլերին սեփական հակաքայլերով պատասխանելու հնարավորություններն են։ Օրինակ՝ գազի գնի բարձրացման դեպքում Հայաստանը կարող է քայլեր ձեռնարկել ռուսական գազային ակտիվների նկատմամբ, ավիափոխադրումների սահմանափակման դեպքում՝ պատասխան միջոցներ կիրառել բարձրացնելով ռուս սահմանապահների կամ ռուսական ռազմակայանի ներկայության հարցը։ Բայց կգա մի պահ, երբ հայկական կողմի պատասխան քայլեր կիրառելու հնարավորությունները կարող են սպառվել», — նշում է Պողոսյանը։
Նրա խոսքով՝ երկու երկրների ներուժի էական տարբերությունը նշանակում է, որ էսկալացիայի յուրաքանչյուր հաջորդ փուլում Ռուսաստանն ավելի մեծ հնարավորություններ ունի։ «Էսկալացիոն առավելությունը միշտ Ռուսաստանի կողմն է՝ հաշվի առնելով երկու պետությունների ներուժների հսկայական տարբերությունը․ Եվ դա շատ լավ հասկանում են Մոսկվայում»,– եզրափակեց Պողոսյանը։

