Բաքվի նպատակը` նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանության վերադարձն է

Ադրբեջանի հիմնական նպատակներից մեկը TRIPP նախագծով նախատեսվող ճանապարհային հաղորդակցության միջոցով Սյունիքի նկատմամբ ազդեցության լրացուցիչ լծակներ ձևավորելն է։ Նման կարծիքի է քաղաքական վերլուծաբան Գոռ Աբրահամյանը։  Նրա խոսքով՝ Բաքուն փորձում է Հայաստանը տարածաշրջանային երկրների կոնգլոմերացիայից կախվածության մեջ դնել և աստիճանաբար չեզոքացնել Հայաստանի քաղաքական սուբյեկտայնությունը։

Ադրբեջանի համար TRIPP-ը ճանապարհ ձեռք բերելու միջոց է

Աբրահամյանի խոսքով՝ TRIPP-ի շրջանակում Հայաստանի օրենսդրության կիրառումը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների առաջնահերթությունը Ադրբեջանը ձգտում է դարձնել ձևական։

«Ադրբեջանի համար ամերիկյան նախաձեռնությունը՝ TRIPP-ը, եղել է ընդամենը միջոց՝ հասնելու այդ ճանապարհի ձեռքբերմանը», — նշել է նա։ Վերլուծաբանի կարծիքով՝ այժմ, երբ այդ ճանապարհի իրականացման հարցում ներգրավված է Միացյալ Նահանգները, Բաքուն փորձում է օգտագործել նաև Վաշինգտոնի հետ հարաբերությունները՝ սեփական նպատակներին հասնելու համար։ 

Միաժամանակ, ըստ Աբրահամյանի, Ադրբեջանը ձգտելու է տարածաշրջանային գործընթացները վերադարձնել նախկին՝ «3+2» տրամաբանությանը, որտեղ ԱՄՆ-ի դերակատարությունը աստիճանաբար կնվազի, իսկ տարածաշրջանում կրկին գերակշռող կդառնա ռուս-ադրբեջանա-թուրքական փոխգործակցությունը։

Նրա գնահատմամբ՝ այդ դեպքում Միացյալ Նահանգների համար ճանապարհի՝ որպես ավելի լայն գլոբալ հաղորդուղու բաղադրիչի, աշխարհաքաղաքական նշանակությունը կնվազի։ Իսկ դրանից հետո տարածաշրջանային գործընթացները կարող են վերադառնալ այն տրամաբանությանը, որը, նրա խոսքով, ի սկզբանե նախատեսված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիմքում։

Այս համատեքստում Աբրահամյանը պատահական չի համարում վերջին շրջանում Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում նկատվող մերձեցումը և տարբեր խնդիրների լուծմանն ուղղված փոխադարձ քայլերը։

Հայաստանի սուբյեկտայնությունը պետք է ամրապնդել այլընտրանքներով

Վերլուծաբանի համոզմամբ՝ եթե Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Հայաստանի սուբյեկտայնության չեզոքացմանը, ապա Հայաստանի ռազմավարական քաղաքականությունը պետք է հակառակ ուղղությամբ շարժվի՝ այդ սուբյեկտայնությանը իրական բովանդակություն հաղորդելով։

Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքներ և այնպես ձևավորել տարածաշրջանային հարաբերությունները, որ այստեղ տարբեր գերտերությունների շահերը, հատկապես տնտեսական շահերը, փոխկապակցվեն միմյանց հետ։

«Տարածաշրջանում գերտերությունների շահերի, ընդ որում՝ շատ կարևոր է այս հանգամանքը, տնտեսական շահերի այնպիսի զուգակցում լինի, որը կբացառի որևէ տեսակի հետագայում ռազմական էսկալացիան կամ անգամ դրա հնարավորությունը», — ասել է Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ հենց այս տրամաբանության վրա պետք է կառուցվի Հայաստանի անվտանգության բանաձևը։

Նոր հովանավոր փնտրելը լուծում չէ

Աբրահամյանը անիրատեսական է համարում Ռուսաստանի ազդեցությունից դուրս գալուց հետո պարզապես մեկ այլ հովանավոր գտնելու գաղափարը՝ լինի դա ԱՄՆ-ը, Իրանը կամ Չինաստանը։

Նրա խոսքով՝ խնդիրը ոչ թե հովանավորի փոփոխությունն է, այլ այնպիսի պայմանների ստեղծումը, որոնց դեպքում Հայաստանը կախված չի լինի որևէ մեկ կենտրոնից։

«Մեզ համար էական չէ, թե որ երկիրն է հովանավորը, այսպես ասած, եթե մեկ հովանավորի մասին ենք խոսում, որովհետև դերակատարների կամ դեմքերի փոփոխության արդյունքում, ռեալ պոլիտիկի կանոնն է դա, էությունը չի փոխվում», — նշել է նա։

Փոխարենը, ըստ վերլուծաբանի, Հայաստանը պետք է ձգտի ներգրավել ներդրումներ և կապիտալ, որոնք տարբեր միջազգային դերակատարների համար կստեղծեն սեփական տնտեսական շահերի պաշտպանության անհրաժեշտություն։

Այդպիսի փոխկապակցվածությունը, նրա գնահատմամբ, կարող է անուղղակիորեն ձևավորել նաև Հայաստանի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։

ԱՄՆ-ի ներկայությունը պետք է ամրապնդել

Աբրահամյանի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին նաև տակտիկական պայքար է ընթանում, որի կարևոր ուղղություններից մեկը տարածաշրջանում Միացյալ Նահանգների դերակատարության ամրապնդումն է։

Նա կարծում է, որ ԱՄՆ-ի ներգրավվածությունը պետք է դիտարկել ոչ միայն ուղիղ, այլև խորհրդանշական իմաստով։ Որպես օրինակ՝ նա նշել է արհեստական բանականության գործարանի ստեղծումը, որը, իր գնահատմամբ, տեխնոլոգիական առումով բարձրացնում է Հայաստանի կարգավիճակը։

Վերլուծաբանը նաև անդրադարձել է TRIPP-ի համար ձևավորվող հիմնադրամին՝ նշելով, որ դրա ծավալը հասել է շուրջ 400 միլիոն դոլարի և, իր համոզմամբ, հետագայում պետք է ավելանա։

Սակայն, նրա կարծիքով, միայն այդ ֆինանսական միջոցները բավարար չեն խնդիրը լուծելու համար։

Հայաստանի համար կարևոր է լուծել երկաթուղիների հարցը

Աբրահամյանի համոզմամբ՝ Հայաստանի առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկը երկաթուղային հաղորդակցության հարցի լուծումն է։

«Մենք շատ կարևոր խնդիր ունենք։ Ես չգիտեմ՝ դա հենց Միացյալ Նահանգների միջոցով է հնարավոր անել, թե ինչպես, բայց մենք երկաթուղիների խնդիրը լուծելու սուր անհրաժեշտություն ունենք և որևէ ձևով այդ հարցը պետք է լուծենք», — ասել է նա։

Նա նշել է, որ հարցի լուծման տարբերակներից մեկը կարող է լինել փոխհատուցումների մեխանիզմը՝ հիշեցնելով, որ Ռուսաստանից նման գաղափար արդեն հնչել է, այդ թվում՝ բավական մեծ փոխհատուցումների մասին խոսակցությունների համատեքստում։

Աբրահամյանի գնահատմամբ՝ նման քայլերը հնարավորություն կտան Հայաստանին ոչ միայն հակադարձել Ադրբեջանի առաջ քաշած նարատիվներին, այլև ստեղծել արտաքին զսպման այնպիսի համակարգ, որը կբարձրացնի Ադրբեջանի համար հնարավոր ագրեսիվ քայլերի գինը։

«Արտաքին զսպման միջոցները Ադրբեջանի նկատմամբ այնքան ուժեղանան, այնքան ակտուալիզացվեն, որ Ադրբեջանը երբևէ չհամարձակվի իր կողմից առաջ քաշվող նարատիվները գործնականացնել», — ընդգծել է քաղաքական վերլուծաբանը։


👉 Vectors — Քաղաքականություն

Scroll to Top