Ադրբեջանը փորձում է Հայաստանը վերածել էլեկտրաէներգիա ներկրող երկրի

Ադրբեջանը փորձում է Հայաստանին համոզել, որ Սյունիքի տարածքով նախատեսվող էլեկտրամիջանցքը առաջին հերթին բխում է Հայաստանի շահերից։ Այս մասին նշում է քաղաքական մեկնաբան Արտյոմ Երկանյանը։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից օրերս հնչեցրած առաջարկի տակ թաքնված են  Հայաստանի էներգետիկ ինքնաբավությունը թուլացնելու և երկիրը էլեկտրաէներգիա ներկրող պետության վերածելու նպատակներ։

Ադրբեջանի էլեկտրաէներգիայի առաջարկը և Հայաստանի էներգետիկ անվտանգությունը

«Ադրբեջանի նպատակն է հասնել նրան, որ Հայաստանը էներգոինքնաբավ պետությունից վերածվի էլեկտրաէներգիա ներկրող պետության»,- նշում է քաղաքական մեկնաբանը։

Նրա խոսքով՝ նման իրավիճակը անմիջականորեն կազդի Հայաստանի էներգետիկ անվտանգության վրա և Ադրբեջանին կտա էներգետիկ «փականի» հնարավորություն, որը հետագայում կօգտագործվի  քաղաքական նպատակներով։

Երկանյանը ուշադրություն է հրավիրում նաև այն հանգամանքի վրա, որ այս առաջարկը հնչում է այն ժամանակ, երբ Ռուսաստանից Հայաստանի համար գազի սակագնի բարձրացման վերաբերյալ սպառնալիքներ են հնչում։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի ջերմաէլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը մեծապես կախված է ռուսական գազից։

Ադրբեջանը նախկինում ևս առաջարկներ է արել էներգետիկ ոլորտում

Երկանյանը նշեց, որ  սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը Հայաստանին առաջին հայացքից շահավետ թվացող առաջարկ է ներկայացնում էներգետիկ ոլորտում։

Նա հիշեցնում է, որ անցած աշնանը Հայաստանը Ադրբեջանից նավթամթերք էր ձեռք բերել, այդ թվում՝ 95 տեսակի բենզին։ Միևնույն ժամանակ, ըստ Երկանյանի, Ադրբեջանն ինքը այդ տեսակի բենզինը ներկրում է այլ երկրներից։

«Այսինքն՝ Ադրբեջանը փողով առնում է, հետո փողով Հայաստանին վաճառում։ Տնտեսական շահ այս դեպքում չակնկալելով՝ բնականաբար, ակնկալում է քաղաքական ինչ-որ շարք շահեր»,- ասում է նա։

Ըստ նրա՝ այն փաստը, որ Ադրբեջանը կարող է սեփական տնտեսական շահերին հակառակ քայլեր անել՝ քաղաքական նպատակներով, պետք է մտահոգիչ լինի Հայաստանի համար։

Մեծամորի ատոմակայանը՝ Ադրբեջանի հերթական թիրախը

Ալիևի ելույթում կրկին հնչել է նաև Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջը։ Ադրբեջանի նախագահը հերթական անգամ պնդել է, թե ատոմակայանը էկոլոգիական վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար և հիշեցրել, որ Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս բարձրացրել են այդ հարցը։

Երկանյանի խոսքով՝ այս թեման ևս կարող է օգտագործվել Հայաստանի էներգետիկ հնարավորությունները սահմանափակելու համար։ Եթե Հայաստանը հրաժարվի ատոմային էներգետիկայից և միաժամանակ կախվածության մեջ հայտնվի արտաքին էլեկտրաէներգիայի մատակարարումներից, նրա էներգետիկ ինքնուրույնությունը զգալիորեն կնվազի։

Նա  կասկածի տակ է դնում նաև Մեծամորի ատոմակայանի վտանգավորության վերաբերյալ Ադրբեջանի պնդումները՝ նշելով, որ նման գնահատականներ տալու իրավասություն ունեցող միջազգային կառույցը Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունն է՝ ՄԱԳԱՏԷ-ն։Իսկ այս կառույցի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Մեծամորում գործակալության փորձագետների իրականացրած վերլուծությունը որևէ վտանգ չի արձանագրել ոչ Հայաստանի, ոչ էլ հարևան երկրների համար։

Բաքվի միջազգային արշավը Մեծամորի դեմ

Միևնույն ժամանակ,  Ադրբեջանը շարունակում է Մեծամորի ատոմակայանի դեմ իր միջազգային արշավը, նշում է փորձագետը։ Երկանյանը հիշեցրեց, որ Ալիևը, մասնավորապես, Սեուլի միջազգային էներգետիկ գագաթնաժողովի ընթացքում անձամբ կոչ է արել հասնել ատոմակայանի փակմանը։

Դրանից հետո Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան ևս դիմել է միջազգային հանրությանը՝ պնդելով, թե Հայաստանի ատոմակայանը սպառնում է տարածաշրջանի էկոլոգիական անվտանգությանը։

Ադրբեջանում մի շարք իրավապաշտպան և բնապահպանական կազմակերպություններ միավորվել են «Anti-Metsamor» նախաձեռնության շուրջ՝ առաջ քաշելով նաև Կովկասը միջուկային էներգետիկայից ազատելու գաղափարը։

Սակայն, ինչպես ընդգծում է Երկանյանը, այստեղ հակասություն կա. նույն ժամանակահատվածում Ադրբեջանն ինքը պատրաստվում է ատոմակայան կառուցել իր տարածքում։

Նրա խոսքով՝ անցած տարի Ալիևը հաստատել էր, որ Նավայի գյուղի տարածքում ատոմակայան կառուցելու համար արդեն հողատարածք է հատկացվել, իսկ ծրագրի իրականացման նպատակով պետական բյուջեից միլիոնավոր դոլարներ են նախատեսվել։

Էսպոյի կոնվենցիան՝ վետոյի իրավունք չի տալիս

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը իրավական մեխանիզմներ ունի՝ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կամ փոքր մոդուլային ռեակտորների կառուցմանը խոչընդոտելու համար, Երկանյանը նշում է, որ Բաքուն հաճախ հղում է անում Էսպոյի կոնվենցիային։

Քաղաքագետի գնահատմամբ՝ կոնվենցիան չի տալիս հարևան երկրին վետոյի իրավունք՝ մեկ այլ պետության տարածքում ատոմակայան կառուցելու հարցում։ Այն հիմնականում սահմանում է անդրսահմանային բնապահպանական ազդեցությունների գնահատման և հարևան պետություններին համապատասխան տեղեկատվություն տրամադրելու պարտավորություններ։

Այսինքն՝ Հայաստանը պարտավոր չէ Ադրբեջանի թույլտվությունը ստանալ իր տարածքում նոր էներգաբլոկ կամ մոդուլային ռեակտոր կառուցելու համար։

Միևնույն ժամանակ, ըստ Երկանյանի, Ադրբեջանը կարող է փորձել օգտագործել կոնվենցիայի դրույթները գործընթացը երկարաձգելու և նոր հարցադրումներ ու խոչընդոտներ ստեղծելու նպատակով։

Նա որպես օրինակ բերում է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությանն առընթեր Միջուկային վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ադիլ Ղարիբովի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը պետք է կոնվենցիայի շրջանակում հետևողականորեն նոր հարցադրումներ բարձրացնի։

Երկանյանի գնահատմամբ՝ այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ Բաքուն մտադիր է միջազգային և իրավական մեխանիզմներն օգտագործել Հայաստանի նոր միջուկային էներգետիկ նախագծերին հնարավորինս երկար հակազդելու համար։


👉 Vectors — Քաղաքականություն

Scroll to Top