Ինչո՞ւ են Հայաստանում շարունակում աճել անշարժ գույքի գները

Հայաստանում անշարժ գույքի գները ոչ միայն չեն նվազում, այլ շարունակում են աճել։ Վերջին ամիսներին նորակառույցների շուկայում գործարքների թիվն ավելացել է շուրջ երկու անգամ, իսկ գները բարձրացել են մոտ 15 տոկոսով։ Չնայած նախկինում հնչող կանխատեսումներին, թե ռուսաստանցի ռելոկանտների հոսքի նվազումից հետո շուկայում ձևավորված «փուչիկը» կպայթի և կհանգեցնի ճգնաժամի, շուկան շարունակում է ակտիվությունը։

Անշարժ գույքի շուկայում գործող «Ակցերն Հոլդինգ» ընկերության նախագահ Հակոբ Բաղդասարյանի խոսքով՝ շուկայի ներկայիս ակտիվությունը պայմանավորված է մի քանի գործոններով, և դրանցից մեկը շարունակում է մնալ Ռուսաստանից եկող մարդկանց հոսքը։

Նրա խոսքով՝ ռուս-ուկրաինական պատերազմը դեռևս չի ավարտվել, ավելին՝ վերջին շրջանում նոր լարվածության և պատերազմի նոր թափի վտանգներ են ի հայտ գալիս։ Այդ պատճառով ռելոկանտների հոսքը չի դադարել․ մարդիկ շարունակում են գալ Հայաստան, մի մասը հեռանում է, սակայն ընդհանուր շարժը պահպանվում է։

Բաղդասարյանը, վկայակոչելով լրատվամիջոցների հրապարակած տվյալները, նշում է, որ հայ-վրացական սահմանին օրական արձանագրվում է մոտ 20 հազար մուտք։ «Դա որոշակիորեն նման է 2022 թվականի փետրվարյան հոսքին։ Այսինքն՝ այդ խնդիրը կարգավորված չէ, և Ռուսաստանի հետ կապված իրավիճակն այս պահին կարծես այնպիսին է, ասես պատերազմը նոր սկսված լինի»,– ասում է նա։

Շուկայի վրա ազդեցություն ունեցող մյուս կարևոր գործոնը, ըստ Բաղդասարյանի, Ռուսաստանում պահվող խնայողությունների նկատմամբ աճող անվստահությունն է։ Հնարավոր դեֆոլտի, միջոցների սառեցման և խնայողությունների պահպանության հետ կապված մտահոգությունները, նրա գնահատմամբ, աստիճանաբար խորանում են։

Նա նշում է, որ այդ գործընթացի որոշակի արտահայտությունն արդեն նկատելի է նաև բանկերից միջոցների ելքի ծավալների աճի տեսքով։ Ռուսաստանից դուրս բերվող գումարների մի մասը, բնականաբար, հայտնվում է նաև Հայաստանում։

Ռուսաստանից եկող հոսքի ազդեցությունն առավելապես առաջին հերթին արտահայտվում է վարձակալության շուկայում։ Վարձակալության ակտիվացումը և գների բարձրացումը, իր հերթին, ազդեցություն են ունենում բնակարանների վաճառքի շուկայի վրա։

«Երբ նույն կարգի բնակարանի վարձակալության գինը թանկանում է, դա ավտոմատ ճնշում է գործադրում և չի կարող ազդեցություն չունենալ արդեն կառուցվող կամ վաճառվող գույքի վրա»,– ասում է Բաղդասարյանը։

Միաժամանակ, նրա խոսքով, վերջին շրջանում նկատվում է նաև ոչ միայն ռուսաստանահայերի, այլև ազգությամբ ռուս Ռուսաստանի քաղաքացիների կողմից Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու միտում։

Բաղդասարյանը դա կապում է նաև պատերազմի տևական բնույթի հետ։ Պատերազմն արդեն հինգերորդ տարին է շարունակվում, և այդ պայմաններում Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար կարող է դիտարկվել որպես պահուստային երկիր՝ մշտական կամ ժամանակավոր բնակության, ինչպես նաև բիզնես գործունեություն իրականացնելու համար։

«Պատերազմը երկարեց։ Արդեն հինգերորդ տարին է, և բնականաբար նույն ռուսական քաղաքացիություն ունեցող մարդկանց համար Հայաստանը կարող է հանդիսանալ պահուստային երկիր՝ թեկուզ հիմնական կամ ժամանակավոր բնակվելու կամ բիզնես գործունեություն ծավալելու համար»,– նշում է նա։

Բաղդասարյանը հաստատում է նաև վերջին ամիսներին անշարժ գույքի շուկայում արձանագրված գների և գործարքների աճը։ Նրա խոսքով՝ «Ակցերն Հոլդինգի» տվյալները ևս վկայում են մոտ 15 տոկոսանոց թանկացման և գործարքների թվի աճի մասին։

Սակայն նա ընդգծում է, որ Հայաստանի անշարժ գույքի շուկայի ակտիվությունը միայն Ռուսաստանի գործոնով պայմանավորված չէ։

Մյուս կարևոր գործոնը, ըստ նրա, Իրանի շուկան է։ Իրանում տնտեսական իրավիճակի և ազգային արժույթի արժեզրկման խորացման պայմաններում Հայաստանի Հանրապետությունը իրանցի քաղաքացիների համար դիտարկվում է որպես լրացուցիչ ֆինանսական և բիզնես հնարավորություններ ապահովող երկիր։

Նրա խոսքով՝ Իրանից դեպի Հայաստան հիմնականում նկատվում է բիզնես կապիտալի ներհոսք։ Իրանցի քաղաքացիները Հայաստանում հնարավորություն են փնտրում բիզնես գործունեություն ծավալելու համար, ինչն իր հերթին որոշակի ազդեցություն է ունենում նաև անշարժ գույքի շուկայի վրա։

Բաղդասարյանը նշում է, որ Իրանից ֆինանսական միջոցների դուրսբերման գործընթացը, այնուամենայնիվ, ավելի բարդ է, քան Ռուսաստանից։ Ռուսաստանի դեպքում, ըստ նրա, տարբեր մեխանիզմների շնորհիվ ֆինանսական միջոցների տեղաշարժն ավելի հեշտ է իրականացվում։

Շուկայի ակտիվացմանը նպաստող մյուս գործոնների թվում նա առանձնացնում է նաև ավիափոխադրումների զարգացումը և Հայաստանում այնպիսի տնտեսական ենթաճյուղերի առկայությունը, որոնք նախկինում կամ գոյություն չունեին, կամ այնքան զարգացած չէին։

Այսպիսով, ըստ մասնագետի, Հայաստանի անշարժ գույքի շուկայի ներկայիս աճը մեկ գործոնով պայմանավորված չէ։ Ռուսաստանի և Իրանի հետ կապված գործընթացները, կապիտալի ներհոսքը, վարձակալության շուկայի ակտիվությունը, բիզնեսի համար Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը և նոր տնտեսական ուղղությունների զարգացումը միասին շարունակում են ապահովել անշարժ գույքի պահանջարկը։


👉 Տնտեսություն — Vectors.am

Scroll to Top