Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) Հայաստանի դուրս գալու դեպքում գազի ներմուծման արժեքը կարող է տարեկան 268,5 միլիոն դոլարով կամ 69%-ով աճել՝ 389 միլիոն դոլարից հասնելով 657,5 միլիոն դոլարի։ Նման գնահատական է ներկայացված Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած զեկույցում։ Հաշվարկը հիմնված է հազար խորանարդ մետր գազի դիմաց 300 դոլար գնի և մատակարարումների ֆիզիկական ծավալների պահպանման վրա։
300 դոլարի հաշվարկը հիմնավորված չէ
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի գծով նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանի խոսքով՝ զեկույցում ներկայացված չեն 300 դոլար գնի հաշվարկի բավարար հիմնավորումներ։ Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գինը կարգավորվում է առանձին պայմանագրային հիմքով, և դրա հնարավոր փոփոխությունները պետք է գնահատել գործող համաձայնագրերի ու դրանցում նախատեսված գնագոյացման մեխանիզմների համատեքստում։
«300 դոլարի հաշվարկը չեմ կարող ասել՝ որտեղից է բերված։ Զեկույցը թերթելիս որևէ հիմնավորված հաշվարկ չնկատեցի։ Մենք Ռուսաստանի հետ ունենք իրավապայմանագրային բազա, և գիտենք՝ ինչպես կարող է գինը փոխվել։ Այդտեղ տարբեր սցենարներ կան»,— ասել է Վարդանյանը։
Նրա գնահատմամբ՝ գործող պայմանագրային մեխանիզմի հիման վրա գազի գինը կարող է կազմել շուրջ 253 դոլար՝ հազար խորանարդ մետրի դիմաց՝ հաշվի առնելով 165 դոլար բազային արժեքը, մաքսատուրքն ու կալորիականության գործոնը։ Այդպիսով, Վարդանյանը կասկածի տակ է դնում զեկույցում օգտագործված 300 դոլար գնի հաշվարկի մեթոդաբանության հստակությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ գազի գնի հնարավոր փոփոխությունները կախված կլինեն իրավապայմանագրային կարգավորումների հետագա ընթացքից։
Հայաստանի համար գազի գինը չի սահմանվում ԵԱՏՄ պայմանագրով
Ավելին՝ Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի համար գազի գինը չի սահմանվում ԵԱՏՄ պայմանագրով։ Նա պարզաբանել է, որ միության շրջանակում նավթամթերքը, գազը և չմշակված ալմաստները բացառություն են արտահանման մաքսատուրքերի ընդհանուր կարգավորումից, իսկ այդ ապրանքների համար մաքսատուրքից ազատման հարցը Ռուսաստանի և անդամ երկրների միջև կարգավորվում է առանձին համաձայնագրերով։
«ԵԱՏՄ անդամակցությունը դադարեցնելը հիմք չէ գազի գնի վերանայման համար, հիմք է ՌԴ-ի հետ երկկողմանի համաձայնագրերը, այդ առանձին համաձայնագրերում պետք է կատարվեն փոփոխություններ։ Միությունից դուրս գալու տնտեսական հետևանքները շատ ավելի լայն կլինեն, քան գազի գնի փոփոխությունը, որովհետև մենք բավականին ինտեգրված ենք ԵԱՏՄ շուկային»,— նշել է նախկին փոխնախարարը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ընդունել ստեղծված իրողությունները և գնահատել հնարավոր ռիսկերն ու դրանց հաղթահարման միջոցները։ Վարդանյանը չի կարծում, որ զեկույցում ներկայացված բացասական սցենարներն անպայման կիրականանան՝ ընդգծելով, որ Հայաստանի տնտեսությունն այսօր ավելի դիմադրունակ է, իսկ բիզնեսն ու տնտեսության ճյուղերը՝ ավելի կազմակերպված, քան 2013 թվականին։
«Իհարկե, կարող են որոշակի դժվարություններ լինել, նույնիսկ՝ ծանր դժվարություններ։ Բայց եթե հաղթահարենք դրանք, կարծում եմ՝ ավելի ուժեղ դուրս կգանք։ Էներգետիկ առումով դա ժամանակ կպահանջի, սակայն իրավիճակը հաղթահարելի կլինի»,— ասել է նա։
Գազի թանկացման հիմնական ռիսկը ջեռուցման համակարգի կախվածությունն է
Վարդանյանի խոսքով՝ Հայաստանի էներգետիկ անվտանգության տեսանկյունից ամենասուր խնդիրը կարող է դառնալ ջեռուցումը, քանի որ երկրի ջեռուցման համակարգը հիմնականում հիմնված է գազի վրա։
«Մեր ամբողջ ջեռուցման համակարգը կառուցված է գազի վրա։ Այդ փոփոխությունը պետք է իրականացնենք, իսկ դրա համար ժամանակ և ռեսուրսներ են անհրաժեշտ։ Պետք է գազից անցում կատարենք էլեկտրաէներգիայի կամ այլ միջոցների, սակայն էլեկտրաէներգիայի ուղղակի անցումն էլ հնարավոր չի լինի, քանի որ մեր ցանցերը նման հնարավորություն չունեն»,— նշել է նա։
Նախկին փոխնախարարի կարծիքով՝ անհրաժեշտ կլինի զարգացնել տեղում արևային էներգիայի արտադրությունն ու էներգիայի կուտակման համակարգերը՝ աստիճանաբար նվազեցնելով գազից կախվածությունը։
Կառավարությունը պետք է որոշի՝ ինչն է նպատակահարմար սուբսիդավորել
Վարդանյանի խոսքով՝ գազի թանկացման դեպքում կառավարությունը պետք է գնահատի ոչ միայն բնակչության ծախսերի, այլև բիզնեսի մրցունակության վրա հնարավոր ազդեցությունը։ Եթե գազի թանկացումը ներառվի արտադրանքի ինքնարժեքում, որոշ ձեռնարկություններ կարող են կորցնել մրցունակությունը և դադարեցնել գործունեությունը՝ առաջացնելով ավելի լայն տնտեսական հետևանքներ։
Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է քննարկել՝ նպատակահարմար է սուբսիդավորել գազի գի՞նը, թե՞ ավելի արդյունավետ կլինի աջակցել էներգիայի կուտակման համակարգերի տեղադրմանը և էներգահամակարգի վերափոխման ծրագրերին։
«Կառավարությունը չի կարող անվերջ սուբսիդավորել գազի թանկացումը։ Պետք է որոշել՝ ինչն է սուբսիդավորվելու։ Գազի գնի սուբսիդավորումը երկարաժամկետ լուծում չէ, քանի որ դրա դադարեցման դեպքում կրկին հայտնվելու ենք նույն իրավիճակում։ Պետք է խորությամբ վերլուծել՝ ինչն է նպատակահարմար սուբսիդավորել՝ գազի գի՞նը, թե՞ էներգետիկ համակարգի վերափոխումը»,— նշել է Վարդանյանը։
Վարդանյանը չի բացառում, որ գազի գնի կտրուկ աճի դեպքում տնտեսությունը կարող է կարճաժամկետ անկում գրանցել, սակայն չի կարծում, որ նման իրավիճակը երկարաժամկետ բնույթ կկրի։ Նա նաև ընդգծել է, որ Հայաստանի Կենտրոնական բանկը վերջին տարիներին կուտակել է տնտեսական ցնցումներին դիմակայելու համար անհրաժեշտ ռեսուրսներ։
Անկախությունն իր գինն ունի
Ամփոփելով՝ Վարդանյանը նշել է, որ Հայաստանի համար կարևոր է հասկանալ ինքնուրույն որոշումներ կայացնելու տնտեսական գինը և գնահատել՝ արդյոք երկիրը պատրաստ է այն վճարել։
«Ամեն ինչ ինքնուրույն որոշելը գին ունի։ Պետք է հասկանալ՝ ուզում ենք այդ գինը վճարել, թե ոչ։ Կարծում եմ՝ մենք որպես ազգ շատ առաջ ենք այն կետից, երբ կարելի էր հետադարձ քայլերի դիմել։ Եթե ընտրել ենք այս ուղղությունը, պետք է հաշվի առնեինք դրա հետևանքները և պատրաստ լինեինք հաղթահարելու դժվարությունները՝ ավելի լավ ու անկախ երկիր ունենալու համար»,— ասել է Հակոբ Վարդանյանը։

