Ամուլսարի շահագործման ռիսկերը կառավարելի չեն․ սա աղետ է դառնալու

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը անթույլատրելի է՝ տարածքի սեյսմիկ վտանգների, սողանքների, թթվային դրենաժի և ռադիացիոն ռիսկերի պատճառով։ Այս մասին հայտարարել է բնապահպան իրավաբան Նազելի Վարդանյանը։

Վարդանյանը, որը շուրջ տասը տարի դատարանում ներկայացրել է Գնդևազի և Ջերմուկի համայնքների բնակիչների շահերը, հիշեցնում է, որ դեռևս 2012 թվականին Սևանի հանձնաժողովը առանձնացրել էր Ամուլսարի հետ կապված չորս հիմնական վտանգ, որոնք հետագայում հաստատել են նաև այլ փորձագետներ։

Առաջինը տարածքի սեյսմիկ վտանգավորությունն է․ ըստ Վարդանյանի՝ այն 10 բալանոց սեյսմիկ գոտի է։ Երկրորդը սողանքային վտանգն է․ Ամուլսարը Հայաստանի մեծությամբ երկրորդ սողանքային տարածքն է։ Երրորդը թթվային դրենաժի վտանգն է, որը, նրա գնահատմամբ, հնարավոր չէ կառավարել։ Չորրորդը ռադիացիոն բարձր վտանգն է, քանի որ տարածքը դեռևս 1950-ական թվականներից երկրաբանական ֆոնդում գրանցված է որպես թորիումի և ուրանի երևակում։

«Այս չորս կետերն այն ռիսկերն են, որոնք չեն կարող փոխվել և կառավարվել։ Նրանք, ովքեր ասում են, թե հնարավոր է դրանք կառավարել կամ դրա համար նոր տեխնոլոգիաներ կան, սխալվում են։ Չկան այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք կարող են կառավարել կամ կանխել սեյսմիկ վտանգը, սողանքները, ռադիացիան և թթվային դրենաժը»,– ասել է Վարդանյանը՝ Ամուլսարի շահագործումը բնութագրելով որպես մեծ աղետի վտանգ։

Նրա խոսքով՝ Ամուլսարը գտնվում է Սևանա լճի ջրհավաք ավազանում, ինչն անթույլատրելի է «Սևանա լճի մասին» օրենքի տեսանկյունից։ Վարդանյանը պնդում է, որ ծրագրի թույլտվությունները տրվել են նաև Կենսաբազմազանության մասին, Բեռնի և Օրհուսի կոնվենցիաների խախտմամբ։ Նրա գնահատմամբ՝ առկա բնապահպանական ռիսկերն անմիջական սպառնալիք են Ջերմուկի և Սևանա լճի համար։

«Բոլոր փորձագետները միաձայն ասել են, որ այդ ջրերն աղտոտվելու են։ Եվ եթե նույնիսկ 500 տարի միլիարդներ ծախսեք, չեք կարողանա վերականգնել դրանք»,– նշել է նա՝ ընդգծելով, որ վտանգված են ոչ միայն բնական միջավայրը, այլև մարդկանց առողջության և առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքները։

Վարդանյանը հատկապես ընդգծել է Ամուլսարի տարածքում հանքարդյունաբերական աշխատանքները շարունակելու օրինականության հարցը։ Նրա խոսքով՝ Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունը, իրենց դիմումի հիման վրա, որոշում է կայացրել անհապաղ դադարեցնել Ամուլսարում շինարարությունն ու հանքարդյունաբերությունը և նշանակել նոր փորձաքննություն։

«Առանց փորձաքննական եզրակացության հնարավոր չէ հանքարդյունաբերություն իրականացնել։ Դա անօրինական գործունեություն է։ Մեր կառավարությունն անտեսում է միջազգային կազմակերպության պահանջը։ COP17-ից առաջ ձեռնոց է նետում միջազգային հանրությանը»,– ասել է Վարդանյանը։

Նա պնդում է, որ առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության և միջազգային նորմերի պահպանման՝ հանքավայրի շահագործումն անթույլատրելի է։ Վարդանյանի խոսքով՝ եթե Ամուլսարում հանքարդյունաբերությունը շարունակվի առանց անհրաժեշտ իրավական հիմքերի, ապա դրա համար պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Վարդանյանը նաև անդրադարձել է տարածքում տարիներ շարունակ իրականացված աշխատանքների հետևանքներին։ Նրա խոսքով՝ հանքային ծրագրի շուրջ 21 տարվա ընթացքում զբաղեցվել են հողեր ու արոտավայրեր, իրականացվել են պայթեցումներ, վնասվել է էկոհամակարգը, իսկ Գնդևազի ծիրանի այգիները տարիներ շարունակ ծածկվել են փոշով։ Նա պնդում է, որ բնակիչները դրա հետևանքով ստիպված են եղել թափել բերքը, քանի որ փոշին նստել է այգիների վրա։

Նրա գնահատմամբ՝ այս հանգամանքները ևս վկայում են, որ ծրագրի շարունակությունը չի կարելի դիտարկել միայն տնտեսական շահի տեսանկյունից։ Վարդանյանը շեշտել է, որ ոսկու պաշարների արդյունահանումը չի կարող արդարացնել ջրային ռեսուրսների, բնական միջավայրի և մարդկանց առողջության վտանգումը։

«Մեր ոսկին մեր ջուրն է, մեր ոսկին Ջերմուկն է։ Մենք իրավունք չունենք ինչ-որ ոսկու պաշարի կամ որոշ մարդկանց շահի համար կորցնել մեր հայրենիքը և մեր ունեցվածքը»,– ասել է նա։

Ամուլսարի շահագործման օրինականության վերաբերյալ Վարդանյանը նաև նշել է, որ իրենք շարունակում են պայքարը միջազգային մակարդակում և ֆինանսական կազմակերպությունների հետ՝ պահանջելով, որ վերջիններս չֆինանսավորեն ծրագիրը։ Նրա խոսքով՝ նախկինում իրենց պահանջով ծրագրից դուրս են եկել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և Միջազգային ֆինանսական կորպորացիան՝ IFC-ն։

Վարդանյանը պնդում է, որ ներկայումս ևս հանքարդյունաբերական ծրագրի ֆինանսավորման հարցը մնում է խնդրահարույց, և ֆինանսական կառույցները պետք է պատասխանատվություն կրեն իրենց մասնակցությամբ առաջացած բնապահպանական խնդիրների համար։

Նա ընդգծել է, որ Ամուլսարի հարցում իրենց պահանջը շարունակում է մնալ անփոփոխ․ հանքավայրի շահագործումը չպետք է թույլատրվի, քանի դեռ չեն պահպանվել բնապահպանական և իրավական բոլոր պահանջները։


👉 Տնտեսություն

Scroll to Top