Ռուսաստանը Հայաստանին չի դիտարկում որպես ինքնիշխան պետություն և ձգտում է նրան վերադարձնել մի կարգավիճակի, որը մոտ կլինի Բելառուսի կարգավիճակին։ Այս մասին ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի իշխանությունների վարած արտաքին քաղաքականությանը և վերջին շրջանում ռուսական կողմի հետ քննարկումներին։
Նրա կարծիքով՝ այս պատճառով Մոսկվան շահագրգռված է Հայաստանի ապաշրջափակման գործընթացի ձախողմամբ, քանի որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների ու հաղորդակցությունների բացումը կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա։ Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները պետք է հստակ գնահատեն Ռուսաստանի քաղաքականության տրամաբանությունը և դադարեն հույս դնել, որ Մոսկվայի նկատմամբ դրական քայլերն ու փոխզիջումները կփոխեն նրա վերաբերմունքը Երևանի հանդեպ։ «Ռուսաստանի քաղաքականությունը մեր նկատմամբ չի փոխվի, այն բացասական է և շարունակելու է բացասական մնալ»,- ասել է քաղաքագետը։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը նախկինում Հայաստանին դիտարկում էր որպես իր ֆորպոստ, իսկ այժմ, երբ Հայաստանը փորձում է ինքնուրույն որոշումներ կայացնել, Մոսկվան ձգտում է նրան վերադարձնել նախկին կարգավիճակին։ ՌԴ տրամաբանության շրջանակում Հայաստանը չպետք է այլընտրանքներ ունենա և հնարավորություն ստանա ինքնուրույն որոշելու իր արտաքին քաղաքականության ուղղությունը։
Գրիգորյանի խոսքով՝ այս համատեքստում կառուցողական առաջարկները, փոխադարձ շահերի մասին խոսակցություններն ու Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձերը բավարար արդյունք չեն տա։
Ապաշրջափակումը կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը
Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանի ապաշրջափակումը կարող է էապես փոխել տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը։ Նա մատնանշել է, որ հաղորդակցությունների մասնակի բացումն արդեն դրական ազդեցություն է ունեցել երկրի տնտեսական ակտիվության վրա․ ավելացել են զբոսաշրջային հոսքերը, ակտիվացել են Ադրբեջանի հետ որոշ առևտրային կապեր, իսկ բյուջեի աճը ցույց է տալիս, որ տնտեսական կյանքն աշխուժանում է։
Քաղաքագետը չի բացառում, որ Թուրքիայի հետ սահմանի բացման հարցում կարող է առաջընթաց լինել նաև առաջիկայում՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարություններն ու ակնարկները։ Այդ դեպքում, նրա կարծիքով, կրկին հարցականի տակ կհայտնվի Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության անհրաժեշտությունը, քանի որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կփոխի անվտանգության միջավայրը։ «Ահա թե ինչու Ռուսաստանը չի ուզում, որ ապաշրջափակում լինի»,- նշել է Գրիգորյանը։
Նա ուշադրություն է հրավիրել նաև Հայաստանի և Ռուսաստանի երկաթուղային հաղորդակցության վերաբերյալ քննարկումների վրա։ Քաղաքագետի խոսքով՝ ռուսական կողմի հայտարարություններում չի հիշատակվել Ախուրիկ–Գյումրի հատվածի վերանորոգումը կամ Երասխից դեպի Նախիջևան երկաթուղային հատվածի վերականգնումը։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունները, ըստ նրա, պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել այդ աշխատանքները։
Գրիգորյանը հարց է բարձրացրել՝ եթե այդ հատվածները չվերականգնվեն, ինչպե՞ս կարող են ապագայում գործել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ երկաթուղային հաղորդակցությունները։ Նրա գնահատմամբ՝ այդ աշխատանքների բացակայությունը կարող է խոչընդոտել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը։
Ռուսաստանի հետ մանևրելու փոխարեն՝ հստակ որոշումներ
Գրիգորյանը քննադատել է Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը։ Նրա խոսքով՝ իշխանությունները փորձում են մի փուլում ակտիվացնել հարաբերությունները Եվրամիության հետ և առաջ տանել եվրաինտեգրումը, իսկ մյուս փուլում՝ դրական ազդակներ ուղարկել Ռուսաստանին։
Քաղաքագետը նաև զգուշացրել է, որ ռուսական կողմը կարող է Հայաստանի իշխանությունների քայլերը դիտարկել որպես փորձ՝ դրական ազդակներով հասնելու տնտեսական զիջումների։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է հայկական ապրանքների՝ ռուսական շուկա արտահանման սահմանափակումների վերացման հնարավորությանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները կարող են ակնկալել, որ Մոսկվայի հետ հարաբերություններում դրական քայլերից հետո Ռուսաստանը կվերացնի այդ սահմանափակումները, սակայն նման ակնկալիքները չեն արդարանալու։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի քաղաքականությունը բազմաշերտ է, և այն լուրջ գնահատելու փոխարեն Մոսկվայի գործողությունները թերագնահատելը կարող է սխալ լինել։ Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի քաղաքական վերնախավում երբեմն տպավորություն է ստեղծվում, թե հնարավոր է մանիպուլացնել Ռուսաստանին կամ դրական ազդակներ ուղարկելով ստիպել նրան փոխել դիրքորոշումը, բայց դրա հավանականությունը գրեթե զրո է։
Մոսկվան նախապայմաններ է առաջադրում
Գրիգորյանի կարծիքով՝ Ռուսաստանի երկաթուղիների ղեկավարի և «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովի այցերը Հայաստան պետք է դիտարկել որպես Երևանի դիրքորոշումը պարզելու փորձ։ Նա ենթադրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է այդ հանդիպումների արդյունքներով որոշել՝ արդյոք նպատակահարմար է հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
Քաղաքագետը չի բացառել, որ Մոսկվան Հայաստանի հետ բարձր մակարդակի հանդիպման համար կարող է մի շարք նախապայմաններ առաջադրել։ Դրանց թվում նա նշել է ատոմակայանի հարցում ռուսական տարբերակի ընտրությունը, երկաթուղիների կառավարման խնդրի լուծումը, եվրաինտեգրման ուղղությունից հրապարակային հրաժարումը և ռուսամետ քաղաքական գործիչների ազատ արձակումը։
Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է ավելի բաց և անկեղծ խոսի Ռուսաստանի հետ՝ հստակ ներկայացնելով իր պահանջները։ Օրինակ՝ երկաթուղիների կոնցեսիայի հարցում Հայաստանը կարող է առաջարկել ռուսական կողմին հրաժարվել կառավարումից և այն փոխանցել Ղազախստանին կամ փոխհատուցել ռուսական կողմի ներդրումները՝ հայկական երկաթուղիները վերադարձնելու դիմաց։
Քաղաքագետի կարծիքով՝ անհրաժեշտ է հստակ ձևակերպել, որ Ռուսաստանը Հայաստանի գործընկերն է, սակայն ռազմավարական գործընկերոջ կարգավիճակն այլևս չի կարելի ինքնաբերաբար ենթադրել։ Միաժամանակ, նրա խոսքով, Երևանի նպատակը չպետք է լինի Մոսկվային նեղացնելը, այլ սեփական շահերի հստակ պաշտպանությունը։

