ԱՄՆ-ի տնտեսական ճնշումը Իրանի նկատմամբ կազդի նաև TRIPP նախագծի վրա

Վերջին շաբաթը հագեցած էր հայ-իրանական հանդիպումներով և շփումներով։ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպեց իր իրանցի գործընկերոջը և ԻԻՀ նախագահին։ Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, իսկ ավելի ուշ երկու երկրների ղեկավարները հանդիպեցին ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում։

Հանդիպումներին և շփումներին հաջորդեցին հայտարարություններն այն մասին, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանալու և նոր մակարդակի բարձրանալու ուղի են բռնել։ Իրականում ինչի՞  մասին է վկայում հայ-իրանական շփումների հաճախակիացումը և ի՞նչ գործընթացներ են դրանց հիմքում։ Իր կարծիքն է հայտնում իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հուսսեյնին։

«Հայ-իրանական հարաբերություններին վերաբերող բոլոր քայլերը գնահատելի են։ Որքան հաճախակի լինեն շփումները, այնքան երկու կողմերն ավելի շատ հնարավորություններ կունենան հարցեր քննարկելու համար», — նշել է Հուսսեյնին։

Նրա խոսքով՝ Իրանի շուրջ իրավիճակը սրվել է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ֆոնին։ Վերլուծաբանի գնահատմամբ՝ տեղի ունեցողը պարզապես պատժամիջոցների կիրառում չէ, այլ տնտեսական պատերազմ Իրանի դեմ։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարը ևս այդ գործողությունները բնութագրել է որպես պատերազմի մաս, իսկ իրանական կողմն այն համարում է տնտեսական ահաբեկչություն։

Հուսսեյնին ընդգծել է, որ Վաշինգտոնը փորձում է Իրանի հարևան երկրներին ներգրավել այդ տնտեսական ճնշման քաղաքականության մեջ՝ պահանջելով սահմանափակել Թեհրանի հետ հարաբերությունները։ Նրա խոսքով՝ Իրանը զգուշացրել է, որ իր ժողովրդի դեմ տնտեսական պատերազմին միացող երկրների գործողությունները չեն մնա անպատասխան։ Միևնույն ժամանակ, ըստ վերլուծաբանի, Թեհրանը փորձում է թույլ չտալ, որ ԱՄՆ-ի ճնշումները վնասեն հարևանների հետ իր հարաբերություններին։ Այդ համատեքստում նա կարևորել է նաև Հայաստանի ջանքերը՝ Իրանի վստահությունը պահպանելու և Թեհրանի դեմ ուղղված սահմանափակումներին չմիանալու ուղղությամբ։

ԱՄՆ-ի ճնշումները և Հայաստանի ընտրությունը

Հուսսեյնիի խոսքով՝ Հայաստանը մինչ այժմ չի միացել Իրանի դեմ սահմանափակումների այդ քաղաքականությանը, սակայն ստիպված է հաշվի առնել նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների գործոնը։ Նրա գնահատմամբ՝ Երևանը փորձում է պահպանել հավասարակշռությունը՝ մի կողմից չվտանգելով հարաբերությունները Վաշինգտոնի հետ, մյուս կողմից՝ թույլ չտալով, որ վնասվեն կենսական նշանակություն ունեցող հայ-իրանական կապերը։

Վերլուծաբանը նշել է, որ այլ երկրներ ևս կարողացել են բանակցությունների միջոցով որոշակի բացառություններ կամ արտոնություններ ստանալ՝ օգտագործելով ԱՄՆ-ի հետ իրենց հարաբերությունները։ «Եթե երկիրը ենթարկվում է, ԱՄՆ-ն կարող է ավելի մեծացնել ճնշումը և նոր պահանջներ ներկայացնել։ Բայց կան երկրներ, որոնք բանակցել են և կարողացել են իրենց համար բացառություններ ստանալ», — նշել է նա։ Հուսսեյնիի խոսքով՝ որևէ մեկը շահագրգռված չէ, որ Հայաստանը հայտնվի պատժամիջոցների տակ, սակայն նույնքան կարևոր է թույլ չտալ, որ հայ-իրանական հարաբերությունները վնասվեն։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ հարցը միայն Հայաստանի և Իրանի միջև վստահության մակարդակով չի սահմանափակվում։ ԱՄՆ-ի ճնշումները տարածվում են Իրանի հարևան երկրների վրա, և այդ հանգամանքը կարող է սահմանափակել նույնիսկ այն երկրների հնարավորությունները, որոնք ցանկանում են պահպանել բնականոն հարաբերությունները Թեհրանի հետ։ Վերլուծաբանի գնահատմամբ՝ ճնշումների հաջորդ փուլերում կարող են սահմանափակումներ կիրառվել ոչ միայն ծովային և օդային հաղորդակցության, այլև ցամաքային ճանապարհների նկատմամբ։ Եթե Վաշինգտոնը նման պահանջ ներկայացնի Իրանի հարևան երկրներին, տարածաշրջանային հաղորդակցությունների և տնտեսական կապերի վրա ազդեցությունը կարող է ավելի խորանալ։

TRIPP նախագծի ճակատագիրը կախված է նաև ԱՄՆ-Իրան հարաբերություններից

Հուսսեյնին չի բացառել, որ Իրանի դեմ ճնշումների նման ընդլայնումը կարող է անդրադառնալ նաև TRIPP նախագծի վրա։ Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ը փորձի սահմանափակել Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը, այդ գործընթացը կարող է խնդիրներ ստեղծել նաև տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի իրականացման համար։ «Դա կարող է նույնիսկ անմիջականորեն ազդել TRIPP նախագծի վրա։ Նախագիծը կարող է նաև գործիք դառնալ, որի միջոցով փորձ կարվի սահմանափակել ցամաքային ճանապարհները», — նշել է վերլուծաբանը։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների համար կարևոր խնդիր է ԱՄՆ-ին ներկայացնել Իրանի հետ հարաբերությունների պահպանման կենսական նշանակությունը Հայաստանի համար։ Հուսսեյնիի խոսքով՝ Երևանը կարող է Վաշինգտոնին բացատրել, որ Իրանի դեմ սահմանափակումներին չմիանալը բխում է Հայաստանի ազգային շահերից։ Նա կարծում է, որ ԱՄՆ-ը ևս պետք է հաշվի առնի իր շահերը տարածաշրջանում, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացման և տարածաշրջանային ներկայության պահպանման հարցում։

Հուսսեյնին չի բացառել, որ Վաշինգտոնը կարող է կոշտ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Թեհրանի հետ հարաբերությունները սահմանափակելու նպատակով։ Սակայն, նրա գնահատմամբ, նման քաղաքականությունը կարող է հակասել նաև ԱՄՆ-ի սեփական շահերին, քանի որ Իրանը պատասխան քայլեր կձեռնարկի, որոնք խնդիրներ կստեղծեն TRIPP նախագծի համար։

Տարածաշրջանային զարգացումները կախված են ԱՄՆ-Իրան հակամարտության ընթացքից

Հուսսեյնիի խոսքով՝ այս պահին հնարավոր չէ հստակ կանխատեսել, թե ինչպես կզարգանան Իրանի հարաբերությունները հարևան երկրների հետ և ինչպիսի ճակատագիր կունենան տարածաշրջանային հաղորդակցային նախագծերը։ Դրանց վրա, նրա գնահատմամբ, մեծապես ազդելու է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության ընթացքն ու դրա ավարտը։

Նա նշել է, որ նույնիսկ Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնման հնարավորությունը կարող է փոխել տարածաշրջանային հաշվարկները։ Եթե հակամարտությունը խորանա, Իրանը կարող է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել իր սահմանների հարևանությամբ ԱՄՆ-ի ներկայության նկատմամբ։

Վերլուծաբանի գնահատմամբ՝ նույնը վերաբերում է նաև հնարավոր ցամաքային սահմանափակումներին։ Եթե ԱՄՆ-ը տնտեսական ճնշումների շրջանակում փորձի հասնել Իրանի հետ հարևան երկրների ցամաքային հաղորդակցության սահմանափակմանը, տարածաշրջանի համար հետևանքները կարող են ավելի բարդ լինել։

«Ամեն ինչ մեծապես կախված է ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի ընթացքից», — եզրափակել է Հուսսեյնին։


👉 Տարածաշրջան

Scroll to Top