Մոսկվան և Բաքուն ակտիվանում են զուգահեռաբար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, Իլհամ Ալիևը շարունակում է առաջ քաշել Հայաստանի տարածքի նկատմամբ իր հավակնությունները։ «Միտք» վերլուծական կենտրոնի ղեկավար Լիլիթ Դալաքյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը միաժամանակ երկու ուղղությամբ է գործում․ Արևմուտքում փորձում է ներկայանալ որպես խաղաղության կողմնակից և էներգետիկ այլընտրանք Ռուսաստանին, իսկ այլ հարթակներում շարունակում է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին։
Խաղաղության մասին հայտարարությունները չեն հիմնավորվում իրական գործընթացներով

Դալաքյանի խոսքով՝ ինքը բազմիցս նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չի հաստատվել։ Նրա գնահատմամբ՝ խաղաղության մասին հայտարարությունները չեն հիմնավորվում իրական գործընթացներով։

«Խաղաղությունը ֆիկցիա է։ Չկա ոչ մի փաստաթուղթ, չկա դելիմիտացիա, կան ինչ-որ խոսքեր, մրցանակներ»,- նշել է նա։ Փորձագետի խոսքով՝ Ալիևը երբեք չի թաքցրել Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ իր հավակնությունները։ Նա հիշեցրել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունները, որոնցում վերջինս կտրուկ կերպով առաջ էր մղում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։ Դալաքյանի գնահատմամբ՝ Հայաստանի իշխանությունների հասցեին Ալիևի հայտարարությունները, այդ թվում՝ Արցախի վերաբերյալ վերջին խոսույթը, նույնպես ճնշման գործիքներ են։

«Իլհամ Ալիևը երկու խաղ է խաղում։ Մեկը՝ Արևմուտքում, որպեսզի ներդրումներ լինեն նաև Եվրոպայի կողմից իր ենթակառուցվածքներում, էներգետիկ ոլորտում, որպեսզի Ադրբեջանը դիտարկվի որպես այլընտրանք Ռուսաստանին։ Այդ հարթակում նա խոսում է խաղաղությունից։ Մյուս հարթակում խոսում է միջանցքից, նոր պահանջներ է ներկայացնում»,- ասել է Դալաքյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն արդեն ստացել է իր համար կարևոր տարածքային արդյունքները՝ առանց դրանց դիմաց համարժեք զիջումներ կատարելու։ Այժմ, միջազգային իրադրության փոփոխության պայմաններում, Բաքուն կարող է փորձել առաջ մղել իր հաջորդ պահանջները։ 

Դալաքյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի հետագա քայլերը մեծապես կախված են լինելու միջազգային զարգացումներից։

Միջազգային անկայունությունը կարող է ազդել Հարավային Կովկասի վրա

Խոսելով աշխարհում ստեղծված իրավիճակի մասին՝ Դալաքյանը նշել է, որ լարվածության աճ է նկատվում տարբեր տարածաշրջաններում՝ Մերձավոր Արևելքից մինչև Ասիա, Աֆրիկա, Եվրոպա և Լատինական Ամերիկա։ Նրա խոսքով՝ համաշխարհային զարգացումներն արդեն այնպիսի ընթացք են ստացել, որ նախկինում քննարկվող երրորդ համաշխարհային պատերազմի հնարավորության մասին խոսակցությունները ստանում են ավելի ու ավելի շոշափելի տեսք, իսկ հակամարտությունների տարածումն ու նոր ռազմական սպառնալիքների առաջացումը կարող են անմիջական ազդեցություն ունենալ նաև Հարավային Կովկասի վրա։

Որպես օրինակ՝ նա հիշատակել է Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը, ըստ որի՝ Իրանը կարող է հարվածներ հասցնել ամերիկյան քաղաքներին։ Դալաքյանի խոսքով՝ ԱՄՆ-ում այս թեմայով հրապարակումներ են եղել, այդ թվում՝ Կուբային Իրանի և Ռուսաստանի կողմից ժամանակակից անօդաչու թռչող սարքեր վաճառելու վերաբերյալ։ Ըստ այդ հրապարակումների՝ նման զինատեսակները կարող են օգտագործվել Կարիբյան ավազանում ամերիկյան էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելու համար։ 

Փորձագետը զուգահեռ է անցկացրել Ուկրաինայում և Իրանում ենթակառուցվածքների դեմ իրականացվող հարվածների հետ՝ ընդգծելով, որ ժամանակակից պատերազմներում տեխնոլոգիաների կիրառումը նոր մարտահրավերներ է ստեղծում նույնիսկ խոշոր տերությունների համար։ Դալաքյանի խոսքով՝ Վենեսուելայի օրինակը նույնպես ցույց է տալիս, որ երկրի ղեկավարին հեռացնելը բավարար չէ խնդիրները լուծելու համար։ Նա կարծում է, որ Միացյալ Նահանգները պատշաճ կերպով չի նախապատրաստվել նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ պատերազմներին և ամբողջությամբ հաշվի չի առել Ուկրաինայի փորձը։ 

Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմին զուգահեռ՝ փորձագետը նշել է նաև Թուրքիայի և Պակիստանի՝ Սաուդյան Արաբիայում զորքեր տեղակայելու հնարավորության մասին խոսակցությունները։ Նրա խոսքով՝ Աֆղանստանը զինվում է՝ ստանալով սպառազինություն Բելառուսից և Հնդկաստանից, իսկ Պակիստանի հետ սահմանին բախումները շարունակում են լարված պահել իրավիճակը։ Անհանգստացնող զարգացումներ կան նաև Արևելյան Ասիայում։ Դալաքյանի գնահատմամբ՝ Հարավային Կորեայի ղեկավարությունը մտահոգված է, որ Հյուսիսային Կորեան կարող է դիմել սադրանքի։ Միաժամանակ Սեուլը չի ցանկանում ավելի սրել հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ վատթարացնելով նաև Ուկրաինայի հետ շփումները։

Փորձագետն անդրադարձել է նաև Սերբիայի և Կոսովոյի միջև լարվածությանը՝ նշելով, որ վերջին իրադարձությունները նորից սրել են հարաբերությունները։ Նրա խոսքով՝ Կոսովոյի նախկին ղեկավար Հաշիմ Թաչիի դատավարությունից հետո այնտեղ ցույցեր են տեղի ունենում։ «Աշխարհի տարբեր կետերում մենք տեսնելու ենք անկայունությունների աճ, և դա չի կարող իր ազդեցությունը չունենալ Հարավային Կովկասի վրա»,- ընդգծել է Դալաքյանը։

ԱՄՆ-ի ներքին զարգացումները կարող են նոր հնարավորություններ ստեղծել Ադրբեջանի համար

Փորձագետի գնահատմամբ՝ Ալիևի հետագա քայլերը կախված են լինելու նաև Միացյալ Նահանգներում տեղի ունեցող գործընթացներից։ Եթե ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններից հետո ներքաղաքական լարվածությունը խորանա, դա կարող է փոխել միջազգային ուժերի հարաբերակցությունը և ազդել տարածաշրջանային գործընթացների վրա։ 

Դալաքյանը հիշեցրել է, որ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր Հանրապետական կուսակցության ընտրական պարտության դեպքում ԱՄՆ-ում քաղաքացիական պատերազմի և անկայունության հնարավորության մասին՝ այդ իրավիճակը համարելով Ռուսաստանի և Չինաստանի շահերին համապատասխանող զարգացում։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում կարող են ակտիվանալ նաև Թրամփի ընտանիքի գործունեության վերաբերյալ հետաքննությունները։ Փորձագետը կարծում է, որ Թրամփը դժվարությամբ կընդունի հնարավոր ընտրական պարտությունը, իսկ Իրանի դեմ գործողությունների և էներգակիրների գների բարձրացման շուրջ դժգոհությունը կարող է ավելի բարդացնել նրա քաղաքական վիճակը։

Այս ֆոնին Դալաքյանը կարևոր է համարում Ռուսաստանի և Ադրբեջանի գործողությունների զուգահեռությունը։ Նրա գնահատմամբ՝ երկու երկրները կարող են կրկին ակտիվացնել «3+3» տարածաշրջանային ձևաչափի քննարկումները և Հայաստանից պահանջել հնարավորինս արագ իրականացնել հաղորդակցությունների բացման պայմանավորվածությունները։

«Հիմա Ռուսաստանի ղեկավարն ու Ադրբեջանը զուգահեռաբար են ակտիվանում։ ԱՄՆ-ում նման սցենարի առկայության դեպքում, նրանք նորից կխոսեն «3+3» հարթակի ակտիվացման մասին, Հայաստանի հետ 2020 թվականի նոյեմբերի Եռակողմ համաձայնագրի մասին և կասեն՝ պետք է բացեք միջանցքը հենց հիմա։ Հիշո՞ւմ եք՝ Ալիևը ձեռքը խփում էր սեղանին՝ “հենց հիմա բացում ես”»,- ասել է Դալաքյանը։

Նրա գնահատմամբ՝ այս իրավիճակում հարց է առաջանում, թե ինչ տեղ է ունենալու Թրամփի ուղին, եթե Ադրբեջանը փորձի արագացնել իր պահանջների իրականացումը։

Դալաքյանը հիշեցրել է, որ օգոստոսի 8-ից հետո տարբեր հայտարարություններ էին հնչում տարածաշրջանում Ռուսաստանի դերի նվազման, Հայաստանի ատոմային էներգետիկայի ոլորտում ռուսական ներգրավվածության հնարավոր փոփոխության, մոդուլային ատոմակայանների կառուցման և սահմանազատման շարունակման մասին։

Սակայն, նրա խոսքով, այդ հայտարարությունների մի մասը չի վերածվել իրական գործընթացների։ Մասնավորապես, սահմանազատման աշխատանքների շարունակության հարցը մնում է արդիական նաև Թրամփի ուղու համար անհրաժեշտ հատվածներում։

Փորձագետը հիշեցրել է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Թրամփի ուղին կարող է ծառայել Ադրբեջանի տարբեր հատվածները միմյանց կապելուն։ Դալաքյանի գնահատմամբ՝ սա հարց է առաջացնում Հայաստանի համար այդ ծրագրի իրական օգուտների վերաբերյալ։

«Թրամփի ուղու կառուցումը մեզ ինչո՞վ է օգուտ։ Միայն նրա՞ համար, որ Ադրբեջանը չհարձակվի»,- հարցադրում է արել նա։

Ռուսաստանը փորձում է Իրանի միջոցով հակազդել Թրամփի ուղուն

Դալաքյանի խոսքով՝ Թրամփի ուղու հարցը պետք է դիտարկել նաև Իրանի դիրքորոշման և ռուս-իրանական հարաբերությունների համատեքստում։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանը փորձում է գրգռել իրանական կողմին՝ ծրագրի նկատմամբ անվստահություն ձևավորելու նպատակով։

Փորձագետը հիշատակել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Շևցովի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությունը, ըստ որի՝ Իրանը տեղեկացված է, որ Թրամփի ուղու կառուցման դեպքում ԱՄՆ հետախուզական ուժեր կարող են տեղակայվել տարածաշրջանում։

Դալաքյանը նման պնդումը համարում է անհիմն և այն բնութագրել է որպես հեքիաթ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանն այսօր Իրանին զինում է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչն ավելի է բարդացնում իրավիճակը։

Այս համատեքստում փորձագետը հարց է բարձրացրել՝ արդյոք Իրանը պատրաստ կլինի աջակցել Թրամփի ուղու կառուցմանն ուղղված Հայաստանի քաղաքականությանը, թե նախապատվությունը կտա իր դաշնակից Ռուսաստանին, որը, նրա գնահատմամբ, ամեն ինչ կանի՝ ծրագիրը տարածաշրջանում չթույլատրելու համար։


👉 Տարածաշրջան

Scroll to Top