Մեկ շաբաթվա տարբերությամբ Թեհրանում ընդունեցին և՛ Ադրբեջանի փոխվարչապետին, և՛ Հայաստանի արտգործնախարարին։ Սա պատահականությո՞ւն էր, թե՞ օրինաչափություն։
Քաղաքական վերլուծաբան Դավիթ Կարապետյանի գնահատմամբ՝ այցերը նախապես ծրագրված էին, իսկ դրանց հաջորդականությունը պայմանավորված էր Իրանի՝ տարածաշրջանային զարգացումների, մասնավորապես Թրամփի ուղու և լոգիստիկ միջանցքների վերաբերյալ հստակություն ստանալու անհրաժեշտությամբ։ Ըստ նրա՝ Թեհրանի համար դեռևս անպատասխան հարցեր կան ինչպես ծրագրի գործնական իրականացման, այնպես էլ Երևանի և Բաքվի հայտարարությունների ու իրական մտադրությունների վերաբերյալ։
Կարապետյանի խոսքով՝ Իրանը ցանկանում է հասկանալ, թե ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվում Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչ դերակատարում են ունենալու տարբեր կողմերը, և ինչ հետևանքներ կարող են ունենալ նախատեսվող ենթակառուցվածքները Իրանի հյուսիսային սահմանի անվտանգության համար։
«Սա նախապես պլանավորված այցեր էին։ Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, դրանք հաշվարկված քայլեր են՝ դիվանագիտական խողովակներով երկուստեք հստակություն մտցնելու համար»,- ասել է նա։ Վերլուծաբանի կարծիքով՝ Թեհրանը դիվանագիտական մեխանիզմ է գործարկել՝ հասկանալու համար, թե ինչ պայմանավորվածություններ կարող են ձեռք բերվել երկու երկրների հետ։ Հատկանշական է համարում այն, որ առաջինը հրավիրվել է Ադրբեջանը։
«Ըստ իս՝ Ադրբեջանի հետ ավելի շատ հարցեր կան ճշգրտելու և սլաքներ ուղղելու, հետո նոր՝ Երևանի հետ։ Թեհրանի համար գերնպատակն է հստակություն մտցնել տարածաշրջանային այս կոնֆիգուրացիաների, մասնավորապես իր հյուսիսային սահմանի հետ կապված հարցերում»,- նշել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում արդեն խոսվում է Թրամփի ուղու գործարկման մասին, իսկ իրավապայմանագրային հարաբերությունները հասել են գործնական փուլին, երբ նախատեսվող փոփոխությունները պետք է իրականություն դառնան հենց տեղում։ Այս անցումային փուլում Իրանը որոշակի վերապահումներ ունի և ցանկանում է լսել ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ Երևանի քաղաքական դիրքորոշումները։
Թեև Թեհրանում տեղի ունեցած հանդիպումների բովանդակության մասին շատ տեղեկություններ չկան, Կարապետյանի գնահատմամբ՝ քննարկումները հիմնականում վերաբերում էին իրանա-ադրբեջանական հարաբերություններին, կողմերի դերակատարությանը և այն հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Ադրբեջանը տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ։
Վերլուծաբանը կարևոր է համարում նախ Բաքվի դիրքորոշումը հասկանալը, ապա՝ Հայաստանի։ Այդ կերպ Իրանը փորձում է ձևավորել սեփական դիրքորոշումը՝ հանդես չգալով որպես երրորդ կողմ կամ միջնորդ, այլ գնահատելով ստեղծվող իրավիճակն իր ազգային շահերի տեսանկյունից։
Իրանի երեք հիմնական մտահոգությունները
Դավիթ Կարապետյանի խոսքով՝ Իրանը Թրամփի ուղու և տարածաշրջանային նոր ենթակառուցվածքների վերաբերյալ մի շարք վերապահումներ ունի։ Դրանք բազմաթիվ են, սակայն վերլուծաբանը առանձնացնում է երեք հիմնական խնդիր, որոնք անմիջականորեն առնչվում են Իրանի անվտանգությանը, տարածաշրջանում ուժերի հարաբերակցությանը և հայ-իրանական սահմանի կարգավիճակին։
Առաջին խնդիրը ամերիկյան ներկայությունն է Իրանի հյուսիսային սահմանի երկայնքով։ Կարապետյանի խոսքով՝ Իրանի համար կարմիր գիծ է ամերիկյան ներկայության հաստատումը իր հյուսիսային սահմանի ամբողջ երկայնքով։ Այս դեպքում հարցը միայն տնտեսական կամ տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցումը չէ․ առաջնային է դառնում անվտանգության բաղադրիչը։
«Իրանի համար գերնպատակն այն է, որ հայկական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնեն բոլոր ենթադրյալ կառույցների նկատմամբ, այդ թվում՝ մաքսային, հարկային և այլ ոլորտներում։ Անվտանգության բաղադրիչը նույնպես պետք է ամբողջությամբ լինի հայկական կողմի վերահսկողության ներքո»,- ասել է վերլուծաբանը։
Նրա գնահատմամբ՝ Իրանի համար նախընտրելի տարբերակ կարող է լինել նաև տարածաշրջանում արդեն իսկ ներկա ուժերից մեկի՝ տվյալ դեպքում Ռուսաստանի ներգրավվածությունը։ Կարապետյանը դա պայմանավորում է երկու երկրների միջև առկա դաշնակցային և ռազմավարական հարաբերություններով։
«Իրենց համար ավելի նպատակահարմար է և քիմքին հաճելի ռուսական ներկայացվածությունը, քան ամերիկյանը։ Նրանք բացառում են ամերիկյան ներկայությունը»,- նշել է նա։
Այսպիսով, ըստ վերլուծաբանի, Թեհրանի համար սկզբունքային նշանակություն ունի այն հարցը, թե ով է վերահսկելու հայ-իրանական սահմանի երկայնքով կառուցվող ենթակառուցվածքների անվտանգությունը։ Իրանի նախընտրած տարբերակներով՝ այդ վերահսկողությունը պետք է իրականացնի Հայաստանը կամ, լավագույն դեպքում, Ռուսաստանը՝ բացառելով ամերիկյան ներկայությունը։
Երկրորդ խնդիրը կառուցվող ենթակառուցվածքների բնույթն ու դրանց անվտանգությունն ապահովողների ինքնությունն է։
Կարապետյանի խոսքով՝ հայկական կողմը տարբեր առիթներով փորձել է փարատել Իրանի հակաիրանական հնարավոր զարգացումների վերաբերյալ մտահոգությունները, սակայն դրանք պահպանվում են։ Թեհրանին հետաքրքրում է՝ արդյոք կառուցվելիք և շահագործվելիք ենթակառուցվածքները լինելու են ամերիկյան, թե այլ երկրների ընկերությունների վերահսկողության ներքո, և հատկապես՝ ով է ապահովելու դրանց անվտանգությունը։
«Հարցն այն է, թե այդ ենթակառուցվածքները, երբ դրանց անվտանգությունն ապահովելու անհրաժեշտություն առաջանա, ովքե՞ր են պաշտպանելու։ Օրինակ՝ եթե ամերիկյան ինչ-որ ընկերություն ստանձնի նման պարտավորություն, նույնիսկ եթե այնտեղ զինվորական համազգեստով մեկը լինի, Իրանի համար դա գերխնդիր է»,- նշել է վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ Իրանը մտավախություն ունի, որ այդ կառույցների ներկայացուցիչները կարող են հետախուզական տվյալներ տրամադրել հակաիրանական նպատակներով։ Հետևաբար, Թեհրանի անհանգստությունը պայմանավորված է ոչ միայն ամերիկյան ընկերությունների հնարավոր ներգրավվածությամբ, այլև այն վտանգով, որ սահմանամերձ ենթակառուցվածքները կարող են օգտագործվել Իրանի դեմ հետախուզական գործունեության համար։
Կարապետյանի գնահատմամբ՝ Իրանի համար անընդունելի է, որ իր հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ ամերիկյան որևէ ներկայություն ձևավորվի՝ անկախ դրա դրսևորման ձևից։ Այդ պատճառով էլ Թեհրանը ցանկանում է բացառել ամերիկյան ներգրավվածության ցանկացած տարբերակ։
Երրորդ խնդիրը հայ-իրանական սահմանի անփոփոխելիությունն ու Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումն է։
Կարապետյանի խոսքով՝ Իրանի համար սկզբունքային է, որ հայ-իրանական պատմական սահմանը որևէ ձևափոխման կամ աղավաղման չենթարկվի։ Սահմանի երկայնքով երթևեկությունը պետք է լինի անխափան և անխոչընդոտ, իսկ գործող կարգը՝ պահպանվի։
«Իրանի համար գերխնդիր է, որ հայ-իրանական պատմական սահմանը որևէ ձևափոխման և ձևախեղման չենթարկվի։ Սահմանի երթևեկությունն ու ամեն ինչ պետք է անխափան և անխոչընդոտ լինեն, պահպանվի այն, ինչ եղել է ժամանակին»,- ասել է վերլուծաբանը։
Նրա գնահատմամբ՝ այս մտահոգությունը վերաբերում է նաև Թուրքիային և Ադրբեջանին, քանի որ Իրանը բացառում է արտատարածքային միջանցքի ստեղծման այնպիսի տարբերակ, որը կվտանգի հայ-իրանական սահմանի պահպանությունը կամ Հայաստանի ինքնիշխանությունը։
Կարապետյանի խոսքով՝ Իրանի համար կարևոր է, որ Հայաստանի սահմանները մնան անձեռնմխելի, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվի, իսկ սահմանային բոլոր գործընթացներն իրականացվեն բացառապես Հայաստանի իրավազորության ներքո։
«Խոսքը հայ-իրանական սահմանի պահպանման, Հայաստանի սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության մասին է։ Այդ ամենը պետք է լինի բացառապես Հայաստանի տիրույթում»,- ընդգծել է նա։
Վերլուծաբանի խոսքով՝ հենց այս երեք հարցերի շուրջ է Իրանը պարբերաբար փորձում հստակություն ստանալ դիվանագիտական խողովակներով։ Դրա շրջանակում կարևոր դեր ունեն ինչպես Իրանում Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումները, այնպես էլ Հայաստանում Իրանի դեսպանի գործունեությունը։
Կարապետյանի գնահատմամբ՝ պաշտոնական Երևանի խնդիրն այդ շփումների ընթացքում Իրանի մտահոգությունները փարատելն է և հստակեցնելը, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը չի հանգեցնելու Հայաստանի ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության կամ Իրանի անվտանգության համար սպառնալիքների առաջացմանը։

