Հայաստանին 2036-2037 թվականների հորիզոնում անհրաժեշտ կլինի մոտ 1200 ՄՎտ նոր ատոմային հզորություն՝ որպես երաշխավորված բազային հզորություն։ Այս մասին հայտարարել է Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արամ Մարջանյանը։
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե 1000 ՄՎտ հզորությամբ նոր ատոմակայանը կարող է Հայաստանի համար լինել ամենատրամաբանական լուծումը, ցույց է տալիս, որ կառավարությունը աստիճանաբար մոտենում է ավելի իրատեսական դիրքորոշման։ Մարջանյանը հիշեցրել է, որ դեռ 2023 թվականի օգոստոսին Հայաստանի էներգետիկ նախաձեռնության առաջին կլոր սեղանի ժամանակ արձանագրվել էր՝ 2036-2037 թվականների հորիզոնում Հայաստանին անհրաժեշտ է մոտ 1200 ՄՎտ նոր հզորություն՝ ատոմային ռեակտորի տեսքով։ Նրա խոսքով՝ Հայաստանի էներգահամակարգին անհրաժեշտ է բազային երաշխավորված հզորություն, որը չեն կարող ապահովել արևային ֆոտովոլտային և հողմային կայանները։
Մարջանյանը նաև ուշադրություն է հրավիրել Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրի վրա, որտեղ, ըստ նրա, հստակ նշված է բազային երաշխավորված հզորությունների և էներգիայի կուտակիչների անհրաժեշտությունը։ Մարջանյանի գնահատմամբ՝ այս փոփոխությունը դրական և ոգևորող միտում է, քանի որ այս հարցում էլ կառավարությունը մոտենում է ավելի իրատեսական և պրոֆեսիոնալ դիրքորոշման։
Ատոմակայանի տեխնոլոգիայի ընտրությունը պետք է լինի մասնագիտական
Վարչապետի վերջին հայտարարության մեկ այլ կարևոր դրույթ, ըստ Մարջանյանի, այն է, որ նոր ատոմային բլոկի տեխնոլոգիայի ընտրությունը պետք է կատարվի բացառապես մասնագիտական, ինժեներական և տնտեսագիտական հարթությունում, այլ ոչ թե քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով։
Փորձագետի խոսքով՝ նախկինում նույնպես հայտարարվում էր, որ ատոմակայանի տեխնոլոգիայի ընտրությունը Հայաստանի համար քաղաքական հարց չէ և պետք է պայմանավորված լինի տնտեսական ու էներգետիկ անվտանգության նկատառումներով։ Սակայն մոդուլային ռեակտորների նկատմամբ նախապատվությունը, նրա գնահատմամբ, ավելի շատ աշխարհաքաղաքական ընտրություն էր։ Մարջանյանը նշել է, որ մոդուլային ռեակտորների ուղղությամբ ներկայում հատկապես ԱՄՆ-ում իրականացվում են լայնածավալ ծրագրեր։ Նրա խոսքով՝ առաջիկա 5-7 տարիներին հնարավոր է տեսնել նման կայանների առաջին փորձարկումները։
Սակայն Հայաստանի խնդիրը, նրա գնահատմամբ, այն է, որ նոր ատոմային բլոկը պետք է պատրաստ լինի և հուսալիորեն աշխատի արդեն 2036-2037 թվականներին։ Մարջանյանի կարծիքով՝ հենց այս անհրաժեշտության գիտակցումն է ստիպում դիտարկել առաջին հերթին ջրաջրային ռեակտորների առաջարկները։
Խոսքից՝ գործ․ ով է պատրաստ կառուցել ԱԷԿ Հայաստանում
Փորձագետը նշել է, որ Հայաստանին նոր ատոմային բլոկ առաջարկող մի քանի երկրներ կան, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Հարավային Կորեան, Ֆրանսիան և Ռուսաստանը։ Խոսվում է նաև Չինաստանի մասնակցության մասին։ Սակայն Մարջանյանը տարբերակում է ատոմակայան կառուցելու պոտենցիալը և արդեն մշակված, ինժեներական ու տնտեսագիտական առումով հիմնավորված առաջարկ ունենալը։ «Ուզում են կառուցել և կարող են կառուցել, դրանք շատ տարբեր բաներ են»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ այս պահին քիչ թե շատ մշակված և համալիր առաջարկ Հայաստանին ունի միայն Ռուսաստանը։ Մարջանյանը նշել է նաև «Ռոսատոմ» կորպորացիայի ղեկավարի՝ Հայաստան կատարած այցը, որի ընթացքում, ըստ նրա, ներկայացվել են արդեն բավականին կոնկրետ առաջարկներ։
ԱՄՆ-ի առաջարկը դեռ չի հիմնվում գործող ռեակտորի վրա
Անդրադառնալով ԱՄՆ-ի հնարավոր առաջարկին՝ Մարջանյանը շեշտել է, որ խնդիրն ամերիկյան կողմի տեխնոլոգիական կամ ֆինանսական պոտենցիալի բացակայությունը չէ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը տասնամյակներ շարունակ նոր ատոմակայաններ չի կառուցել իր ազգային տարածքից դուրս, իսկ ամերիկյան ընկերությունների կողմից վերջին կառուցված ատոմակայանը մոտ երկու տասնամյակ առաջ է եղել։
Մարջանյանի գնահատմամբ՝ վերջին 30 տարիների ընթացքում ԱՄՆ-ը ջրաջրային ռեակտորների հիման վրա աշխատող և տնտեսապես արդյունավետ ատոմակայանների կառուցման ոլորտում հետ է մնացել Ռուսաստանից և անգամ Չինաստանից։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում այժմ իրականացվում է ատոմային էներգետիկայի զարգացման նոր ծրագիր։
Հայաստան-ԱՄՆ համագործակցության մեկ այլ կարևոր պայման է, ըստ Մարջանյանի, այսպես կոչված 123 համաձայնագիրը։ Նա նշել է, որ դրա շուրջ աշխատանքներն արդեն սկսվել են, սակայն համաձայնագիրը դեռ ստորագրված և վավերացված չէ։ Փորձագետի գնահատմամբ՝ դրա ստորագրումն ու վավերացումը կարող է պահանջել ևս 6-12 ամիս, որից հետո միայն կստեղծվի կոնկրետ առաջարկների համար անհրաժեշտ իրավական հիմքը։
Մարջանյանը նաև նշել է, որ ԱՄՆ-ի ներկայացրած տեխնիկատնտեսական վերլուծությունը չի կարելի նույնացնել արդեն ինժեներականորեն մշակված առաջարկի հետ։ «Ես չեմ կարող դիտարկել որպես ինժեներական մշակված առաջարկ, որովհետև այն չի հիմնվում արդեն մշակված և շահագործման մեջ գտնվող ռեակտորի վրա»,– ասել է նա։ Նրա խոսքով՝ ռուսական առաջարկի դեպքում արդեն հայտնի է, թե խոսքը որ ռեակտորի, ինչ հզորության և ինչ տեխնոլոգիայի մասին է։

