Հայաստանի բանկերի ակտիվների և երկրի ՀՆԱ-ի հարաբերակցությունն այսօր կազմում է 113 տոկոս՝ 2015 թվականի 65 տոկոսի փոխարեն։ Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի խոսքով՝ զարգացած տնտեսություններում բանկերի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը կարող է հասնել 400-500 տոկոսի։ Այս ցուցանիշի աճը, մասնավորապես, նշանակում է, որ բանկերը մեծացնում են իրենց գործունեությունը Հայաստանի սահմաններից դուրս և ձեռք են բերում միջազգային ակտիվներ։
«Որքան այդ ցուցանիշը մեծանա, այնքան Հայաստանի բանկերը դուրս են գալիս Հայաստանի սահմաններից, այսինքն՝ իրենք գնում են նաև միջազգային ակտիվներ, այլ երկրների ակտիվներ»,– նշել է Ազատյանը։ Նրա գնահատմամբ՝ այսօր Հայաստանի բանկերի ակտիվների մեծ մասը շարունակում է կապված լինել երկրի տնտեսության հետ, սակայն դրանց մի մասն արդեն կապված է նաև արտաքին շուկաների հետ։
Բանկային համակարգը դարձել է ավելի կայուն և կապիտալացված
Նրա խոսքով՝ ՀՀ բանկային համակարգը վերջին 4-5 տարիներին կայունացել է ինչպես շահութաբերության, այնպես էլ կապիտալի կուտակման առումով։ «Մենք ունենք ավելի կայուն, ավելի իրացվելի, ավելի կապիտալացված բանկային համակարգ, ինչը թույլ է տալիս մեզ ավելի ազատ գործել, մեծանալ և միջազգայնացվել»,– ասել է նա։
Ազատյանի խոսքով՝ Հայաստանի բանկային համակարգի շահութաբերությունը ներկայում կազմում է մոտ 20-21 տոկոս։ Այդ ցուցանիշը հաշվարկվում է՝ տարեկան շահույթը ներդրված կապիտալի նկատմամբ հարաբերակցելով։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանի ցուցանիշը համադրելի է տարածաշրջանի և այլ երկրների հետ։ Վրաստանում այն, օրինակ, կազմում է շուրջ 23 տոկոս, իսկ եվրոպական երկրներում՝ ավելի քան 10 տոկոս՝ որոշ դեպքերում հասնելով 15-17 տոկոսի։
Միաժամանակ, Ազատյանը սխալ է համարում Հայաստանի բանկերի շահութաբերությունը «գերշահույթ» անվանելը՝ առանց այն այլ տնտեսական ոլորտների ցուցանիշների հետ համեմատելու։ Նրա խոսքով՝ Հայաստանում բազմաթիվ ոլորտների շահութաբերությունն ու եկամտաբերությունն աճել են, սակայն այլ ճյուղերի վերաբերյալ հրապարակային համադրելի տվյալներ միշտ չէ, որ կան։ Բանկերի շահութաբերության աճը, ըստ նրա, պայմանավորված է նաև նախկինում համակարգում կատարված ներդրումներով և ստեղծված ենթակառուցվածքով, որը բանկերին հնարավորություն է տվել օգտագործել ստեղծված նոր հնարավորությունները։
Վարկերը վերջին հինգ տարում գրեթե կրկնապատկվել են
Ազատյանի խոսքով՝ բանկային համակարգի շահույթի զգալի մասը ձևավորվել է ակտիվների և վարկավորման ծավալների աճի հաշվին։ Վերջին հինգ տարում վարկերը, նրա գնահատմամբ, մոտավորապես կրկնապատկվել են։ Միաժամանակ բանկերը շուկայում սկսել են առաջարկել նոր ծառայություններ, այդ թվում՝ միջազգային և քարտային փոխանցումների տարբեր ծառայություններ։
Բանկերի եկամուտների մոտ 60-70 տոկոսը, ըստ Ազատյանի, բաժին է ընկնում տոկոսային եկամուտներին, իսկ մոտ 30-40 տոկոսը՝ ոչ տոկոսային եկամուտներին։ Վերջիններիս աճը նա համարում է բանկային համակարգի զարգացման դրական ցուցանիշ։ Նրա խոսքով՝ ոչ տոկոսային եկամուտները միայն միջնորդավճարներից չեն ձևավորվում։ Դրանց մեջ մտնում են նաև տարբեր ֆինանսական ծառայություններ, որոնցից հաճախորդները կարող են օգտվել մեկ կամ երկու տարվա ընթացքում։
Ազատյանի գնահատմամբ՝ որքան բանկերը միայն վարկ տրամադրող կառույցներից վերածվում են ավելի լայն շրջանակի ֆինանսական ծառայություններ մատուցողների, այնքան զարգանում է բանկային համակարգը։ Նրա խոսքով՝ տոկոսային և ոչ տոկոսային եկամուտների ներկայիս հարաբերակցությունը, ենթադրաբար, վերջին 30 տարվա ընթացքում ամենաբարձրն է։
Այս տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանի բանկերը, ըստ նրա, ստացել են մոտ 200 մլրդ դրամի շահույթ։ Այդ շահույթի 30-40 տոկոսը՝ ոչ տոկոսային եկամուտներն են, կրկնեց նա՝ հավելելով, որ վերջիններս նախորդ տարվա համեմատ աճել են մոտ 20 տոկոսով։
Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունից հետո բանկերը սպասարկել են նոր միջազգային հոսքեր
Ազատյանի խոսքով՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակն ազդեց նաև Հայաստանի բանկային համակարգի գործունեության վրա։ Բանկերը սկսեցին ծառայություններ մատուցել միջազգային գործարքների շրջանակում այն հաճախորդներին և բիզնեսներին, որոնք կապ ունեին Ռուսաստանի և Ուկրաինայի շուկաների հետ։ Նրա գնահատմամբ՝ աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանքով Հայաստանի բանկային համակարգի որոշ ցուցանիշների աճի մոտ 20-30 տոկոսը միայն կարող է կապված լինել այդ գործընթացների հետ։
Որպես օրինակ՝ Ազատյանը նշել է Հայաստան տեղափոխված տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին։ Նրանց բարձր եկամուտները, Հայաստանում բնակվելն ու սպառումը, նրա խոսքով, ազդեցություն են ունեցել ոչ միայն բանկային համակարգի, այլև երկրի տնտեսության և հասարակության վրա։ Միաժամանակ Ազատյանը ընդգծել է, որ բանկային համակարգը շահագրգռված է աշխարհաքաղաքական կայունությամբ։ «Վերջին հինգ-յոթ տարիները ցույց տվեցին, որ աշխարհը արագ փոփոխվում է ու մշտապես ինչ-որ տեղ խնդիրներ կան»,– ասել է նա՝ ընդգծելով, որ բանկերը չեն կարող սպասել, թե որտեղ կարող է առաջանալ հաջորդ խնդիրը։
Նրա խոսքով՝ հակամարտությունից հետո Հայաստան տեղափոխված հաճախորդների մի մասը հետագայում հեռացավ, սակայն մի մասը մնաց հայկական բանկային համակարգում։ Եթե հաճախորդը երկար ժամանակ՝ երկու և ավելի տարի, Հայաստանում բանկային ծառայություններ է ստանում և այստեղ իրեն հարմարավետ է զգում, նրա՝ համակարգից հեռանալու հավանականությունը նվազում է։
Բանկերը հրաժարվել են հարյուր հազարավոր գործարքներից՝ պատժամիջոցների ռիսկերից խուսափելու համար
Ազատյանն ընդգծել է նաև պատժամիջոցների հետ կապված ռիսկերի նկատմամբ Հայաստանի բանկերի զգուշավորությունը։ Նրա խոսքով՝ բանկային համակարգի աշխատակիցների և ղեկավարների մոտեցումը, Կենտրոնական բանկի խստապահանջությունն ու զգուշավորությունը, ինչպես նաև միջազգային ֆինանսական համակարգին ինտեգրված լինելը թույլ են տվել խուսափել լուրջ խնդիրներից։
«Բավական է մեկ-երկու խնդիր ունենայինք լուրջ, Հայաստանը լինելով փոքր երկիր և այսպես սահմանային վիճակում միջազգային գործընկերների հետ գործընկերության մասով, այդ խնդիրը շատ ավելի մեծ բացասական ազդեցություն կունենար»,– նշել է նա։ Ազատյանի խոսքով՝ Հայաստանի բանկերը հրաժարվել են հարյուր հազարավոր գործարքներից, այդ թվում՝ բազմաթիվ գործարքներից, որոնք պատժամիջոցների ռիսկերից խուսափելու համար։
Նա նշել է նաև, որ ռուսական շուկայում եվրոպական և ամերիկյան ընկերությունների կողմից կատարված բազմաթիվ ներդրումներ հետագայում դուրս են եկել այդ շուկայից։ Այդ միջոցների փոխանցման և սպասարկման գործընթացում միջազգային ֆինանսական կառույցները պետք է միջնորդի դեր կատարեին, այդ թվում՝ միջոցների՝ Հայաստան փոխանցման և այստեղ ներդրման ուղղությամբ։ Ազատյանի խոսքով՝ այս գործընթացները նույնպես նոր հնարավորություններ են ստեղծել Հայաստանի բանկային համակարգի համար, սակայն համակարգի կայունությունը շարունակում է մնալ առաջնային խնդիր։

