Իրանի դեմ պատերազմը ևս մեկ անգամ ընդգծեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հետ կապերի ռազմավարական կարևորությունը Թեհրանի համար։ Այս մասին Երևանում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությանը կից Քաղաքական և միջազգային ուսումնասիրությունների կենտրոնի գլխավոր տնօրեն Ալիռեզա Խոդաղոլիփուրը։
Ըստ նրա՝ Հայաստանի հետ հարաբերությունները տարեցտարի զարգանում և ընդլայնվում են։ Առաջիկայում նախատեսվում է նոր փաստաթղթերի ստորագրում, որոնցով դրանք կբարձրացվեն ռազմավարական գործընկերության մակարդակի։ Խոդաղոլիփուրը նշեց, որ տարածաշրջանի բոլոր երկրները կարևոր են Իրանի համար, սակայն հարաբերությունների մակարդակը տարբեր է և պայմանավորված է փոխլրացվող կարիքներով, ընդհանուր շահերով ու մտահոգություններով։
«Թրամփ» նախագիծը չի կարող փոխարինել մյուս հաղորդուղիներին
Խոսելով տարածաշրջանային կապակցվածության մասին՝ իրանցի փորձագետը շեշտեց, որ անվտանգությունն ու զարգացումը փոխկապակցված են։ «Թրամփ» անվամբ հայտնի նախագիծը նա բնութագրեց որպես տարածաշրջանային հաղորդուղիներից մեկը միայն և ընդգծեց, որ նոր նախագծերը պետք է լրացնեն միմյանց, այլ ոչ թե բացառեն։
«Իրանի երթուղին և նրա դիրքն անփոխարինելի են», — ասաց նա՝ հիշեցնելով, որ երկիրը պատմականորեն կապում է Պարսից ծոցը Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Սև ծովի և Եվրոպայի հետ։ Ցանկացած փորձ՝ նոր ճանապարհների միջոցով Իրանին դուրս թողնել տարածաշրջանային տնտեսական համակարգից, նրա գնահատմամբ, «մեծ թյուրիմացություն է» և անընդունելի։
Այս հանատեքստում նա հատուկ ընդգծեց Հյուսիս-Հարավ միջանցքը։ Խոդաղոլիփուրը այն անվանեց աշխարհի կարևորագույն նախագծերից մեկը։ Իրանի տարածքում մնացել է միայն փոքր հատված, որի ավարտը, ըստ նրա, շուտով կիրականացվի։ Ծրագրի ամբողջական գործարկումը կարող է զգալի տնտեսական վերելք բերել տարածաշրջանին։
Միաժամանակ նա զգուշացրեց արտատարածաշրջանային դերակատարների կողմից նման նախագծերը քաղաքական նպատակներով օգտագործելու վտանգի մասին և նշեց, որ այդ մտահոգությունը փոխանցվել է Հայաստանի կառավարությանը։
Իրանական գազը Հայաստան. հեռանկարը իրատեսական է
Խոդաղոլիփուրը հայտարարեց, որ Իրանը պատրաստ է մասնակցել Հայաստանի էներգետիկ կարիքների ապահովմանը։ Տեխնիկական բանակցություններ արդեն ընթացքի մեջ են։
«Նման հեռանկարը բավականին իրատեսական է», — ասաց նա։ Թեև հիմնական պաշարները գտնվում են երկրի հարավում, Իրանի նավթագազային ցանցը ծածկում է գրեթե ամբողջ տարածքը, և տեխնիկական խոչընդոտ չկա։ Որպես օրինակ նա բերեց երկարամյա մատակարարումները Թուրքիա և Իրաք։ Հիմնական հարցը ծախսերի հաշվարկն է, սակայն քաղաքական կամք և համապատասխան կարողություն կան։
Ռուսաստանին դուրս մղել հնարավոր չէ
Անդրադառնալով Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի հնարավոր թուլացմանը՝ Խոդաղոլիփուրը նշեց, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ազդեցիկ դերակատար։ Նրան տարածաշրջանային հավասարակշռությունից դուրս թողնելու գաղափարը նա համարեց անիրատեսական։
«Ողջամտությունը հուշում է, որ պետությունները ձգտում են կապերի բազմազանեցման, այլ ոչ թե մեկ գործընկերոջը մյուսով փոխարինելու», — ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի ղեկավարությունը, իր համոզմամբ, հասկանում է այս իրողությունը։

