Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների վերսկսման շուրջ նոր զարգացումներ են արձանագրվել։ Թեհրանը հայտարարել է, որ Վաշինգտոնից պաշտոնական արձագանք է ստացել իր ներկայացրած առաջարկներին։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ օրը կտրականապես մերժել էր Իրանի առաջարկած մոտեցումը։ Բանակցային գործընթացը զարգանում է պատերազմի յոթերորդ ամսում, իսկ նոյեմբերի 3-ի ընտրություններին ընդառաջ կողմերի համար ժամանակի գործոնը լրացուցիչ նշանակություն է ստանում։
Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանի գնահատմամբ՝ ներկա փուլում թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը փորձում են ժամանակ շահել՝ զուգահեռաբար ամրապնդելով իրենց դիրքերը։ Նրա խոսքով՝ պատերազմն այժմ գտնվում է առավել մաշող փուլում, և կողմերից յուրաքանչյուրի համար կարևոր է ձեռք բերել հավելյալ առավելություններ մինչև բանակցային գործընթացի հնարավոր հաջորդ փուլը։
Շահնազարյանի գնահատմամբ՝ այս փուլում Իրանը շարունակում է պահպանել ռազմավարական առավելություն։ Նրա խոսքով՝ այդ առավելությունը չի սահմանափակվում Հորմուզի նեղուցով և տարածվել է նաև Բաբ էլ-Մանդեբի ուղղությամբ՝ Եմենի հուսիների գործողությունների շնորհիվ։
«Կողմերից յուրաքանչյուրը փորձում է ժամանակ շահել, փորձում է խաղալ ժամանակի վրա, դիրքավորել և ամրապնդել իր դիրքերը»,– նշել է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ նոյեմբերի 3-ի ընտրություններին ընդառաջ ժամանակի գործոնը հատկապես կարևոր է դառնում Միացյալ Նահանգների համար։ Վաշինգտոնը, ըստ Շահնազարյանի, պետք է փորձի մինչև ընտրությունները ձեռք բերել առնվազն մեկ տեսանելի քաղաքական «խաղաքարտ», որը հնարավոր կլինի օգտագործել ընտրություններից առաջ և այդպիսով ամրապնդել Թրամփի դիրքերը։
Միաժամանակ փորձագետը կարծում է, որ Իրանի ներկայացրած յոթ կետանոց պայմանների ընդունումը Վաշինգտոնի համար կնշանակեր փաստացի ընդունել իր գործողությունների ձախողումը։
«Եթե Միացյալ Նահանգները փորձեր ընդունել այն յոթ կետանոց պայմանները, որոնք Իրանը առաջարկել էր բանակցությունները վերսկսելու համար, դա կնշանակեր, որ Միացյալ Նահանգները կրկին ընդունել է իր ձախողումը այս գործողությունների ընթացքում և, ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս Իրանի պայմաններով նստելու է բանակցային սեղանի շուրջ»,– ասել է Շահնազարյանը։
Փորձագետի խոսքով՝ այս պայմաններում դեռ վաղ է միանշանակ գնահատել՝ կողմերի միջև ընթացող շփումները վերածվելու են իրական բանակցությունների, թե դրանք պարզապես ժամանակ շահելու և սեփական դիրքերը բարելավելու փորձ են։

