Հայաստանի նոր ատոմային բլոկի ընտրությունը չի կարող սահմանափակվել այն հարցով, թե որ տեխնոլոգիան է ավելի էժան։ Եթե որոշումն իսկապես լինելու է տնտեսական, ապա հանրությանը պետք է ներկայացվի համադրելի հաշվարկ՝ էլեկտրաէներգիայի ամբողջ կյանքի ցիկլի բերված արժեքը՝ LCOE-ն, ներառյալ համակարգային ծախսերը։ Միաժամանակ պետք է պարզ լինի, թե ինչ արժենալու է նախագիծը Հայաստանի համար՝ հաշվի առնելով վարկի արժեքը, շինարարության ժամկետները, վառելիքը, շահագործումը, ապամոնտաժումը և թափոնների կառավարումը։ Այս մասին նշել է տնտեսական հարցերով փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով «Ռոսատոմի» առաջարկին, նոր ատոմային բլոկի հնարավոր կառուցմանը և Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրներին։
«Կոնկրետ առաջարկը» դեռ պայմանագիր չէ
«Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ ռուսական կողմը Հայաստանին ներկայացրել է «կոնկրետ առաջարկ»։ Սակայն, Դավթյանի խոսքով, այս ձևակերպումը դեռ չի նշանակում, որ արդեն առկա է վերջնական ֆինանսական կամ պայմանագրային փաթեթ։ Հանրայնացված տեղեկություններից հայտնի է հիմնական տեխնոլոգիական պարամետրը՝ խոսքը առնվազն 1 ԳՎտ հզորությամբ ՋՋԷՌ-1000 տիպի բլոկի մասին է։ Սակայն դեռևս հրապարակված չեն նախագծի ամբողջական արժեքը, ֆինանսավորման կառուցվածքը, վարկի տոկոսադրույքը, շինարարության հստակ ժամկետը, պետական երաշխիքների ծավալը և վերջնական պայմանագրային սխեման։
Ավելին, հենց Լիխաչովն է նշել, որ «Ռոսատոմը» առաջիկա ամիսներին պետք է ձևակերպի առավել մրցունակ առաջարկը։ Հայաստանի կառավարության հաղորդագրություններում ևս խոսվում է առաջարկների և դրանց իրականացման հնարավոր մեխանիզմների մասին, այլ ոչ թե ստորագրման պատրաստ EPC պայմանագրի։«Կա առաջարկվող ռեակտորի ընտանիք, կա առաջարկվող հզորություն, հավանաբար կան նաև նախնական ֆինանսատնտեսական հաշվարկներ, որոնք դեռ հրապարակված չեն»,– նշել է փորձագետը։
Նրա խոսքով՝ իրական հստակեցումը կսկսվի այն ժամանակ, երբ սեղանին դրվեն հիմնական թվերը՝ կապիտալ ծախսը, վարկի արժեքը, շինարարության ժամկետը, մեկ կՎտժ-ի հաշվարկային արժեքը, վառելիքի մատակարարման պայմանները, թափոնների կառավարման և կայանի շահագործումից հանելու ծախսերը։
2046 թվականը չպետք է հետաձգի նոր բլոկի որոշումը
Հայաստանը կարող է դիտարկել գործող ատոմակայանի շահագործումը մինչև 2046 թվականը երկարաձգելու տարբերակը։ Սակայն դա, ըստ Դավթյանի, չի հակասում նոր բլոկի մասին որոշում կայացնելու անհրաժեշտությանը։ Նոր ատոմային կայանի ընտրությունից մինչև դրա առևտրային շահագործումը կարող է անցնել տասը և ավելի տարի։ Այդ ընթացքում անհրաժեշտ են տեխնոլոգիայի ընտրություն, ֆինանսական փակում, լիցենզավորում, նախագծում, շինարարություն, փորձարկումներ և ցանցին միացում։
«Եթե Հայաստանը նոր բլոկի մասին սկսի մտածել միայն 2035-2036 թվականներին, դա շատ ուշ կլինի։ Հենց այդ պատճառով ընտրությունը պետք է կատարվի հիմա»,– ասում է փորձագետը։ Միաժամանակ մինչև 2046 թվականը գործող բլոկի շահագործման հնարավորության ուսումնասիրությունը, նրա գնահատմամբ, տրամաբանական է։ Այն կարող է Հայաստանին ժամանակային ռեզերվ տալ, եթե նոր նախագծի շինարարությունը ուշանա կամ ընտրված տեխնոլոգիան դեռ բավարար կոմերցիոն հասունության չհասնի։ Սակայն երկարաձգումը չպետք է վերածվի նոր բլոկի վերաբերյալ որոշումը հետաձգելու պատճառի, ընդգծել է Դավթյանը։
ՋՋԷՌ-1000-ը և SMR-ները պետք է համեմատել նույն չափանիշով
Նոր ատոմային բլոկի ընտրության ամենակարևոր հարցը, ըստ փորձագետի, տեխնոլոգիայի անվանումը չէ, այլ այն, թե Հայաստանի համար որքան կարժենա արտադրվող էլեկտրաէներգիան։ Եթե ընտրությունը հայտարարվում է բացառապես տնտեսական, ապա, նրա խոսքով, հանրությանը պետք է ներկայացվի համադրելի թիվ, այլ ոչ թե ընդհանուր հայտարարություն, թե այս կամ այն տեխնոլոգիան «ավելի էժան» է։
Այդ ցուցանիշը պետք է լինի էլեկտրաէներգիայի ամբողջ կյանքի ցիկլի բերված արժեքը՝ LCOE-ն՝ ցանկալի է նաև համակարգային ծախսերի հաշվառմամբ։ Հաշվարկում պետք է ներառվեն ոչ միայն ռեակտորի արժեքը, այլև վարկի գինը, շինարարության ընթացքում կապիտալի սպասարկումը, վառելիքը, շահագործումն ու վերանորոգումները, ապամոնտաժումը, թափոնների կառավարումը, ինչպես նաև Հայաստանի էլեկտրական ցանցի համար անհրաժեշտ լրացուցիչ ներդրումները։
Դավթյանը զգուշացնում է, որ այս պահին սխալ կլինի կոնկրետ թիվ ներկայացնել և ասել, օրինակ, որ ՋՋԷՌ-ը մեկ կՎտժ-ի հաշվով այսքան է, իսկ SMR-ը՝ այսքան։ Ամերիկյան փոքր մոդուլային ռեակտորների մեծ մասը դեռ առաջին կոմերցիոն նախագծերի փուլում է։ Տարբեր գնահատականներով՝ 2030-ականների SMR-ների հաշվարկային LCOE-ն կարող է մոտենալ 94-121 դոլար/ՄՎտ.ժ միջակայքին, սակայն դա մոդելավորում է և ոչ Հայաստանի համար ստացված կոմերցիոն առաջարկ։
Նույնը վերաբերում է ռուսական նախագծին։ Քանի դեռ հայտնի չեն դրա կապիտալ ծախսը, վարկի տոկոսադրույքը, մարման ժամկետը և երաշխավորված շինարարական ժամկետը, հնարավոր չէ հաշվարկել, թե Հայաստանի սպառողի համար իրականում որքան կարժենա մեկ կՎտժ-ը։
1 ԳՎտ-ը Հայաստանի կարի՞քն է, թե՞ առաջարկվող տեխնոլոգիայի չափը
Դավթյանի գնահատմամբ՝ 1 ԳՎտ հզորության առաջարկի դեպքում երկու տրամաբանություն է միավորվում։ Մի կողմից՝ ռուսական կողմը կանխատեսում է Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջարկի աճ մինչև 2040 թվականը։ Մյուս կողմից՝ 1 ԳՎտ-ը մեծ ատոմային ռեակտորի բնական տեխնոլոգիական մասշտաբն է։ Ուստի հարցը պետք է դրվի հակառակ ուղղությամբ՝ ոչ թե ինչ հզորությամբ բլոկ է Հայաստանին առաջարկվում, այլ ինչ հզորություն կարող է օպտիմալ կերպով ինտեգրվել երկրի էներգահամակարգում։
Հայաստանի էներգահամակարգը համեմատաբար փոքր է։ Համաշխարհային բանկի տվյալների հիման վրա կատարված հաշվարկներում 2040 թվականի պիկային պահանջարկը գնահատվում է մոտ 1,8 ԳՎտ։ Այս համատեքստում 1 ԳՎտ-անոց բլոկը կարող է չափազանց խոշոր միավոր լինել։ Սակայն փորձագետը միաժամանակ մատնանշում է էլեկտրաէներգիայի պահանջարկի հնարավոր աճը՝ հատկապես Հայաստանում արհեստական բանականության և այլ թվային ենթակառուցվածքների զարգացման պայմաններում։
Եթե Հայաստանը երկարաժամկետ ռազմավարական ուղղություն է համարում թվային տեխնոլոգիաների զարգացումը, ապա էլեկտրաէներգիայի պահանջարկը կարող է էապես աճել։ Բացի այդ, եթե Հայաստանը ձգտում է դառնալ էլեկտրաէներգիա արտահանող երկիր, մեծ հզորությամբ ատոմակայանը կարող է այդ նպատակին ծառայող ենթակառուցվածք դառնալ։ Դավթյանը որպես հնարավոր շուկաներ առանձնացնում է Իրանը և Վրաստանը, որտեղ էլեկտրաէներգիայի պահանջարկի աճ է կանխատեսվում։ Նրա խոսքով՝ այս հնարավորությունը պետք է դիտարկել նաև Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման համատեքստում։
Նոր ատոմակայանը պետք է բարձրացնի անվտանգությունը, ոչ թե ստեղծի նոր կախվածություն
Ռուսական տեխնոլոգիայի ընտրության դեպքում առանցքային հարցերից մեկը, ըստ փորձագետի, երկարաժամկետ կախվածության կառավարումն է։ Ատոմակայանը Հայաստանի էներգետիկ անվտանգության կարևորագույն գործոններից է, քանի որ ապահովում է մեծ ծավալի բազային արտադրություն և նվազեցնում էլեկտրաէներգիայի արտադրության կախվածությունը բնական գազից։
Դավթյանի խոսքով՝ խնդիրը չպետք է ձևակերպել որպես Ռուսաստանի հետ համագործակցության բացառման հարց։ Ավելի կարևոր է հասկանալ, թե ինչպես կառուցել նախագիծը այնպես, որ այն առաջիկա 60-80 տարիների ընթացքում չստեղծի մեկ մատակարարից անփոխարինելի կախվածություն։
Այս առումով նա դրական է գնահատում միջազգային կոնսորցիումի հնարավոր ձևաչափը, որի մասին խոսում է նաև «Ռոսատոմը»՝ եվրոպական և ասիական արտադրողների ներգրավմամբ։ Սակայն, նրա խոսքով, միջազգային մասնակցությունը պետք է լինի իրական տեխնոլոգիական դիվերսիֆիկացում, այլ ոչ թե ձևական ներկայություն։

