Միրզոյանի գլխավոր փորձությունը՝ համոզել Թեհրանին, որ TRIPP-ը վտանգ չէ

Հայաստանի և Իրանի միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը կարևոր է ոչ միայն երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգի, այլև տարածաշրջանային զարգացումների և Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացի համատեքստում։ Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Արարատ Միրզոյանի այցը Թեհրան պետք է դիտարկել հենց այս ավելի լայն շրջանակում։

Պետրոսյանը կարևորում է իրանական կողմի հետ պարբերական շփումները, պարզաբանումներն ու բանակցությունները՝ հատկապես հաշվի առնելով, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը, թեև որոշակիորեն կառավարելի է, շարունակում է մնալ չլուծված։ Նրա խոսքով՝ Իրանը զգայուն դիրքորոշում ունի տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներկայության վերաբերյալ, մինչդեռ Հայաստանի տարածքով նախատեսվող նոր հաղորդակցությունների նախագիծը անմիջականորեն կապված է ամերիկյան ներկայության հետ։

«Քանի որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցություններ չկան, Հայաստանի համար առանցքային արտաքին քաղաքական անելիքներից մեկը իրանական կողմի հետ ակտիվ երկխոսության պահպանումն է։ Հայաստանը պետք է մի կողմից փորձի չեզոքացնել իրանական կողմի մտահոգությունները, մյուս կողմից՝ շարունակաբար ներկայացնի այն հնարավոր առավելությունները, որոնք կարող են առաջանալ ապաշրջափակման գործընթացի արդյունքում»,– նշել է փորձագետը։

ԹՐԻՓՓ-ն՝ օրակարգի կարևոր, բայց ոչ միակ հարցը

Պետրոսյանի գնահատմամբ՝ Միրզոյանի այցի օրակարգը չի սահմանափակվում Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունների նախագծով։ Հայաստան-Իրան հարաբերություններում առկա է բավական լայն երկկողմ օրակարգ, որի մի շարք հարցեր կրկին քննարկվել են նաև Արարատ Միրզոյանի բանակցությունների ընթացքում։

Խոսքը, մասնավորապես, երրորդ էլեկտրահաղորդման գծի աշխատանքների ավարտի, երկրորդ կամրջի շինարարության, երկու երկրների միջև սահմանային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև առևտրաշրջանառության ակտիվացման մասին է։

Առանձին կարևոր ուղղություն է նաև Իրանի նկատմամբ աստիճանաբար ուժեղացող պատժամիջոցների պայմաններում Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերությունների պահպանումը։ Ըստ Պետրոսյանի՝ Երևանը պետք է երկխոսության միջոցով փորձի նվազեցնել այդ սահմանափակումների հնարավոր բացասական ազդեցությունը երկկողմ տնտեսական կապերի վրա։

«Այսինքն՝ կա և՛ երկկողմ օրակարգ, և՛, բնականաբար, այն պարզաբանումները, որոնք կարևոր են և մեծ նշանակություն ունեն այս նախագծի անխափան ընթացքն ապահովելու համար»,– ասել է նա։

Տարածաշրջանային լարվածությունը մեծացնում է երկխոսության անհրաժեշտությունը

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի և Իրանի միջև ակտիվ շփումների անհրաժեշտությունն ավելի է մեծանում նաև տարածաշրջանում շարունակվող մտահոգիչ զարգացումների պայմաններում։ Նա, մասնավորապես, մատնանշել է ոչ միայն ԱՄՆ-Իրան հակամարտությունը, այլև Իսրայելի շարունակվող ակտիվությունը, Սաուդյան Արաբիայի և Եմենի հութիների միջև հակասությունները, ինչպես նաև Ադրբեջանի վերջին շրջանի մտահոգիչ գործողությունները։

Այս պայմաններում, Պետրոսյանի համոզմամբ, Երևան-Թեհրան երկխոսությունը պետք է շարունակական լինի՝ երկու երկրների համար զգայուն հարցերը քննարկելու և առկա օրակարգն առաջ մղելու նպատակով։ Նա Միրզոյանի այցը դիտարկում է որպես հայկական կողմի նախաձեռնողականության արդյունք և ընդգծում է, որ նման բանակցություններն անհրաժեշտ են ինչպես երկկողմ հարաբերությունների, այնպես էլ տարածաշրջանային զարգացումների համատեքստում։


👉 Տարածաշրջան

Scroll to Top