Հաղորդակցություններին հարվածները դառնում են պատերազմի սովորական գործիք 

TRIPP-ի նկատմամբ Իրանի մտահոգությունները ամբողջությամբ բացառել հնարավոր չէ, սակայն դրա նկատմամբ Թեհրանի վերաբերմունքը ձևավորվել է նաև այն զարգացումների ազդեցությամբ, որոնք նախորդել են նախագծի ի հայտ գալուն։ Իրանագետ Ալեն Շադունցի խոսքով՝ այդ տարիներին Հայաստանի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի կողմից դրվում էր հարցականի տակ, որոշ փուլերում ՀՀ-ի հարցով  Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումների տարբերությունը արդեն ակնհայտ էր։

Շադունցի խոսքով՝ այդ ժամանակ իրանական կողմը վտանգ էր տեսնում Ադրբեջանի հնարավոր «կառավարելի ագրեսիայի» մեջ, քանի որ դա կարող էր սպառնալիք ստեղծել Հայաստանի հարավում և Իրանի հետ սահմանային կապի համար։ Նրա գնահատմամբ՝ հենց այս համատեքստում է պետք դիտարկել Իրանի ավելի հանգիստ վերաբերմունքը եվրոպական դիտորդների ներկայության նկատմամբ, ինչպես նաև TRIPP-ի հանդեպ ձևավորված դիրքորոշումը։ «Եվրոպական մոնիտորների ներկայությանը Իրանը ավելի հանգիստ է արձագանքել, և նույնիսկ TRIPP-ի ներկայությունը Իրանի համար ավելի տանելի էր ընկալվում», — ասում է Շադունցը։

Միաժամանակ, նա կարծում է, որ իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Եթե Իրան-ԱՄՆ հակամարտությունը նոր մակարդակի հասնի, տեսականորեն չի կարելի բացառել, որ տարածաշրջանային որոշ ենթակառուցվածքներ կարող են հայտնվել ռազմական գործողությունների թիրախում։ Շադունցը, սակայն, ընդգծում է, որ այս պահին TRIPP-ի թիրախ դառնալու հավանականությունը մեծ չի համարում։ 

Նրա խոսքով՝ վտանգը կայանում է նրանում, որ նույնիսկ եթե Իրանի պաշտոնական մոտեցումը լինի այն, որ TRIPP-ին հարվածել պետք չէ, Իրանի պաշտպանության ներկայիս ապակենտրոնացված բնույթի պայմաններում առանձին օղակներում կարող են առաջանալ այլ որոշումներ այս հարցի շուրջ։ «Քանի որ իրենք ապակենտրոնացված պաշտպանության են անցել, այդ մոզայիկ պաշտպանական ենթակառուցվածքում ինչ-որ մեկի մտքով կարող է անցնել, որ ինչ-որ քար նետի նաև TRIPP-ի ուղղությամբ», — նշում է փորձագետը: Շադունցի խոսքով՝ ռիսկը մեծանում է նաև TRIPP-ի՝ Իրանի սահմանին մոտ գտնվելու պատճառով։

Փորձագետի գնահատմամբ՝ պատերազմի ընթացքում փոխվել է նաև Իրանի ռազմավարական հաշվարկը։ Թեհրանն ավելի մեծ ուշադրություն է դարձնում տնտեսական ազդեցություն ստեղծելուն՝ փորձելով խափանել այն հաղորդակցություններն ու տնտեսական գործընթացները, որոնց վրա հիմնված է տարածաշրջանի տնտեսությունը։ Շադունցը օրինակ է բերում Պարսից ծոցում ամերիկյան ռազմակայաններին հասցված հարվածներն ու Հորմուզի նեղուցի փակման հետևանքները։ «Ամերիկյան բազաներին հարվածելը Պարսից ծոցում այդքան մեծ ազդեցություն չունեցավ, ինչքան Հորմուզի նեղուցը փակելը և նավթի գները բարձրացնելը», — ասում է նա։

Իրանի հաշվարկի հիմքում, ըստ Շադունցի, տնտեսական ճնշումն է։ Սակայն այստեղ նա տեսնում է ևս մեկ վտանգ՝ տնտեսական ենթակառուցվածքների և հաղորդակցությունների նկատմամբ հարձակումները կարող են աստիճանաբար վերածվել սովորական պատերազմի գործիքի։ «Վտանգն այն է, որ տնտեսական ենթակառուցվածքների վրա հարձակումը դառնա սովորական երևույթ,  ինչի հետևանքով դրա աշխարհագրությունը մեծանա», — նշում է փորձագետը։ Նա միաժամանակ ընդգծում է, որ թեև այս պահին նման սցենարի հավանականությունը փոքր է, սակայն պատերազմական իրավիճակում զարգացումները արագ են փոխվում։


👉 Քաղաքականություն

Scroll to Top