Հայաստանի համար ավելի ձեռնտու է ռուսական միջուկային տեխնոլոգիան

Հայաստանի համար ավելի նպատակահարմար է գործող միջուկային համակարգի հետ համատեղելի ռուսական տեխնոլոգիաների ուղղությունը։ Նման կարծիքի է փորձագետ Արմեն Մանվելյանը։ 

Նրա խոսքով՝ այստեղ որոշիչը տեխնոլոգիայի ծագումը չէ։ Հայաստանի համար կարևոր են արդեն ձևավորված մասնագիտական և կրթական համակարգերը։ «Հայաստանում կան մասնագետներ, սա շատ կարևոր համակարգ է, որպեսզի դու կարողանաս այդպիսի բարդագույն տեխնոլոգիա, ոնց որ միջուկային էներգետիկան է, սպասարկել։ Երկրորդը՝ մենք ունենք համապատասխան բուհական համակարգ, որը արտադրում է համապատասխան մասնագետներ։ Սա էլ հազվագյուտ բան է ամբողջ տարածաշրջանում», — ասում է փորձագետը։

Միաժամանակ նա ընդգծում է, որ գործող մասնագետներին հնարավոր չէ պարզապես տեղափոխել մոդուլային ռեակտորների սպասարկման համակարգ։ Այդ տեխնոլոգիաները, ըստ նրա, էապես տարբեր են։

Մոդուլային կայանը Հայաստանի համար տնտեսական իմաստով արդյունավետ տարբերակ չէ

Մոդուլային ռեակտորների առավելությունները, ըստ Մանվելյանի, պետք է դիտարկել կոնկրետ երկրի պայմաններից ելնելով։ Նա նշում է, որ փոքր մոդուլային կայանների զարգացմամբ զբաղվում են Ռուսաստանը, Չինաստանը և ԱՄՆ-ը, իսկ նման նախագծերի նկատմամբ հետաքրքրություն կա նաև այլ երկրներում։

Փորձագետի խոսքով՝ 50, 100 կամ 200 մեգավատ հզորությամբ կայանները հատկապես նպատակահարմար են մեծ տարածք ունեցող պետությունների համար, որտեղ կան կենտրոններից հեռու բնակավայրեր։ Այդ դեպքում փոքր կայանը կարող է ապահովել տվյալ տարածքի էլեկտրամատակարարումը՝ առանց երկար էլեկտրահաղորդման ցանցեր կառուցելու։

Հայաստանի դեպքում Մանվելյանը նման մոտեցումը արդյունավետ չի համարում։ «Հայաստանին դա բացարձակ ձեռնտու չի՝ զուտ որովհետև դա փոքր կայաններ են՝ 50-ից մինչև 300 մեգավատ հզորությամբ», — ասում է նա։ Նրա հաշվարկով՝ Հայաստանի համար ավելի կարևոր է բարձր հզորությամբ կայանը։ Մանվելյանը օրինակ է բերում մոտ 1200 մեգավատ հզորությամբ տարբերակը, որը կարող է ապահովել երկրի երկարաժամկետ էլեկտրամատակարարումը և հնարավորություն տալ նաև էլեկտրաէներգիա արտահանել։

Նոր ԱԷԿ-ի շուրջ վերջնական որոշում չկա

Մանվելյանը կասկածի տակ է դնում նաև այն մոտեցումը, թե Հայաստանում ՋՋԷԿ տիպի կայանի մասով վերջնական որոշում է ընդունվել։

Նրա խոսքով՝ նման որոշումները կարող են փոխվել քաղաքական իրավիճակի փոփոխությանը զուգահեռ։ Փորձագետը նաև չի համաձայնում իշխանության այն պնդումների հետ, թե ընտրությունը զուտ տնտեսական հաշվարկի արդյունք է։

«Ես դրան չեմ հավատում, որ սա զուտ տնտեսական որոշում է, որովհետև այդպիսի տնտեսական որոշումներ չեն ընտրում։ Առավել ևս էներգետիկան այն ուղղություններից է, որը ուղղակիորեն կախված է քաղաքական որոշումներից», — ասում է Մանվելյանը։

Նրա համոզմամբ՝ էներգետիկ ոլորտում գրեթե յուրաքանչյուր խոշոր որոշում ունի քաղաքական բաղադրիչ, և կոնկրետ այս դեպքում պետք է հաշվի առնել նաև արտաքին ու ներքին քաղաքական փոփոխությունները։

Փորձագետը հիշեցնում է նաև ավելի վաղ հայտարարված մոդուլային կայանի շուրջ մոտ 9 միլիարդի պայմանավորվածությունը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ այդ գումարը ներկայացվում էր որպես ներդրում, մինչդեռ իր ընկալմամբ խոսքը կայանի համար Հայաստանի կողմից կատարվելիք վճարման մասին էր։


👉 Քաղաքականություն

Scroll to Top