Հայաստանի տնտեսությունն արդեն ճգնաժամի մեջ է

Հայաստանը ոչ խոհեմ քաղաքականության հետևանքով արդեն շուրջ 1 մլրդ դոլարի վնաս է կրել, իսկ էներգակիրների թանկացումը կարող է հանգեցնել տնտեսության կաթվածահար վիճակի։ Այս մասին հայտարարել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, փորձելով միաժամանակ մանևրել Բրյուսելի և Մոսկվայի միջև, միայն բարդացնում է իրավիճակը։ «Մեզնից պահանջում են երկու բևեռները, մենք դեռ մեզ թվում է, որ մանկական խաղեր ենք անում և այդ գավառամտությամբ կարող ենք բավական լուրջ ուժերին՝ Բրյուսելին ու Մոսկվային, պտտացնել մատների շուրջ և ասել՝ տեսաք՝ ինչ ուզեցինք, արեցինք։ Ոչ, ամենաողբալի վիճակում մենք ենք հայտնվել այսօր»,- ասել է Մանասերյանը։

Տնտեսագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում իշխանությունները չեն կարողանում հստակ քայլեր ձեռնարկել արտաքին առևտրի խնդիրների լիարժեք լուծում ապահովելու և տնտեսությունում կառավարելի իրավիճակ ստեղծելու համար։ Արդյունքում՝ գները աճում են, մարդկանց կյանքի որակը ընկնում, բայց այս ամենը, ըստ փորձագետի, դեռ սկիզբն է։ 

Մանասերյանը նախազգուշացրել է, որ էներգակիրների թանկացումով էլ ավելի ծանր հետևանքներ կհասցվեն Հայաստանի տնտեսությանը։ Նրա խոսքով՝ աղքատության բարձր մակարդակը սահմանափակելու է բնակչության հնարավորությունները՝ հաղթահարելու տնտեսական ցնցումները։

Այս մտահոգությունները հաստատում են նաև պաշտոնական վիճակագրական տվյալները։ Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին գնահատականների՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է շուրջ 21.7%, իսկ ծայրահեղ աղքատության ցուցանիշը գնահատվում է 0.6%։ Փորձագիտական զեկույցներում նշվում է, որ երկրում գրեթե յուրաքանչյուր չորս երեխայից մեկը գտնվում է աղքատության շեմից ցածր, ինչը ընտանիքներին դարձնում է առանձնապես խոցելի կոմունալ սակագների կամ պարենային գների ցանկացած աճի դեպքում։

«Առաջիկայում մենք ունենալու ենք կատաստրոֆիկ վիճակ տնտեսության մեջ միայն էներգակիրների գների պատճառով։ Ցավոք սրտի, Հայաստանի տնտեսությունն այլևս չի կարող կյանք ունենալ։ Կաթվածահար է լինելու և՛ տնտեսությունը, և՛ բնակչության մի զգալի մասը»,- նշել է նա՝ հավելելով, որ աղքատության բարձր մակարդակի պայմաններում դժվար է ակնկալել դրա կրճատում։

Իսկ այն որ էներգակիրների գները Հայաստանի համար կաճեն, տնտեսագետը կասկած չունի։ «Ռուսաստանի Դաշնությունը գազային դիվանագիտությունը փայլուն կերպով օգտագործում է ամբողջ աշխարհի հետ հարաբերություններում։ Ես չեմ կարծում որ Հայաստանի Հանրապետությունը կլինի բացառություն։ Ինչ անում ենք, այն էլ ստանում ենք», — ասաց նա։

Անդրադառնալով տնտեսության հնարավոր ճգնաժամի ժամկետների վերաբերյալ հարցին՝ Մանասերյանը հայտարարել է, որ, իր գնահատմամբ, ճգնաժամն արդեն սկսվել է, սակայն դրա հետևանքները դեռ ամբողջությամբ չեն զգացվում։

Որպես հիմնավորում՝ նա հիշատակել է Կենտրոնական բանկի վերջին հայտարարությունը՝ ընդգծելով, որ կառույցն անդրադարձել է տոկոսադրույքների բարձրացման անհրաժեշտությանը՝ գնաճը զսպելու և բացասական միտումները սահմանափակելու նպատակով, ինչպես նաև զգուշացրել գազի թանկացման դեպքում Հայաստանի տնտեսությանը սպառնացող վտանգների մասին։

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը սեպտեմբերի 15-ին հայտարարել էր, որ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել գնաճի արագացման և տնտեսական ակտիվության թուլացման։ ԿԲ ղեկավարի գնահատմամբ՝ եթե Ռուսաստանը որոշի Հայաստանի համար գազի գինը բարձրացնել, այն «երկակի վատ էֆեկտ կունենա տնտեսության վրա»՝ մի կողմից արագացնելով գնաճը, մյուս կողմից՝ թուլացնելով տնտեսական ակտիվությունը և զբաղվածությունը։ Այդպիսի սցենարի դեպքում, նրա խոսքով, ԿԲ-ն ստիպված կլինի արձագանքել ավելի ուժգին և ոչ բնականոն միջոցներով։

Նույն օրը ԿԲ խորհուրդը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել էր 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%։ Կարգավորիչի ներկայացմամբ՝ որոշման նպատակն էր զսպել գնաճային ճնշումները և պահպանել գների կայունությունը։

Փորձագետները նաև ընդգծում են, որ գազի սակագնի բարձրացումը Հայաստանում անխուսափելիորեն կհանգեցնի ոչ միայն կոմունալ ծախսերի, այլև արդյունաբերական և պարենային ապրանքների թանկացման, քանի որ բնական գազը էլեկտրաէներգիայի արտադրության և ջերմամատակարարման հիմնական բաղադրիչն է։ Սա ստեղծում է գնաճային պարույրի վտանգ, որը դժվարությամբ է ենթարկվում կառավարման՝ հատկապես գնողունակության անկման պայմաններում։

«Կենտրոնական բանկը քաղաքականացված կառույց չէ և անկախ է կառավարությունից»,- ընդգծել է Մանասերյանը՝ կոչ անելով լուրջ վերաբերվել կարգավորող կառույցի նախազգուշացումներին։


👉 Տնտեսություն

Scroll to Top