Հայաստանում և հետխորհրդային մի շարք երկրներում քաղաքական համակարգի կայացման առանցքային խնդիրներից մեկը կուսակցությունների կայացումն է։ Եթե անհրաժեշտ խնդիրները ժամանակին լուծվեին, Հայաստանը կարող էր այսօր շատ ավելի ամուր դիրքերում լինել, իսկ Արցախը, վստահաբար, չէր հանձնվի։ Նման կարծիքի է ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանը։
Թորոսյանի խոսքով՝ Հայաստանի սխալների և թերությունների մի մասը բնորոշ է նաև հետխորհրդային այլ երկրներին՝ Ուկրաինային, Վրաստանին և Մոլդովային։ Այդ խնդիրներից առանցքայինը կուսակցությունների կայացումն է, որը, նրա գնահատմամբ, այդպես էլ չի հաջողել։
2005 թվականի սահմանադրական փոփոխությունների հնարավորությունները չօգտագործվեցին
Թորոսյանը հիշեցրել է, որ 2005 թվականին Հայաստանում իրականացվեցին սահմանադրական փոփոխություններ, որոնք հնարավորություն էին տալիս կուսակցություններին ավելի կարևոր դերակատարություն ստանձնել երկրի քաղաքական կյանքում։
Սակայն 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ակնհայտ դարձավ, որ կուսակցությունների կայացման խնդրի լուծումը բարդ է լինելու։ Նրա խոսքով՝ խորհրդարանում ձևավորվեց իրավիճակ, երբ իշխող կուսակցության հետ խորհրդարանական մեծամասնություն կազմելու պատրաստ ուժերի առկայությունը անհամամասնություն էր ստեղծում մեծամասնության և ընդդիմության միջև։
Մյուս հանգամանքն այն էր, որ խորհրդարանում երկրորդ խոշոր քաղաքական ուժը՝ «Բարգավաճ Հայաստանը», չուներ քաղաքական գործունեության բավարար փորձ․ այն ձևավորվել էր ընդամենը մեկ տարի առաջ։ «Սա նույնպես շատ լուրջ հարված եղավ ընդհանուր քաղաքական համակարգի կայացմանը»,- նշել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ կուսակցությունների կայացումը կարևոր է, քանի որ հենց կուսակցություններից է ձևավորվում խորհրդարանը, որն իր հերթին հաստատում է կառավարության կազմն ու ծրագիրը և նշանակումներ կատարում մի շարք պաշտոններում։
Թորոսյանը նշել է, որ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո անհրաժեշտ էր ընդունել շուրջ 60 օրենք կամ փոփոխություններ կատարել գործող օրենքներում՝ ստեղծված հնարավորություններն օգտագործելու համար։ Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխություններն իրականացվել էին, իսկ 2007 թվականին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձևում արձանագրվել էր Հայաստանի առաջընթացը։ Այնուամենայնիվ, ըստ նրա, երկիրը չշարունակեց զարգանալ այն ուղղությամբ, որը կարող էր նպաստել քաղաքական համակարգի կայացմանը։
Կուսակցությունների չկայացած լինելու պայմաններում խորհրդարանական կառավարման անցնելը սխալ էր
Թորոսյանի գնահատմամբ՝ խորհրդարանը պետք է դառնար նորաստեղծ, բայց արդեն մի քանի տարվա քաղաքական գործունեության փորձ ունեցող կուսակցությունների կայացման և սովորելու կարևոր հարթակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի և հետխորհրդային մյուս երկրների քաղաքական ուժերը հաճախ ժամանակակից պատկերացումներին համապատասխան կուսակցություններ չեն։ Այդ պայմաններում խորհրդարանական կառավարման համակարգի անցնելը՝ առանց կուսակցությունների կայացման համար ստեղծված հնարավորություններն օգտագործելու, լուրջ խնդիրներ էր պարունակում։
«Չկայացած կուսակցություններով ստեղծել խորհրդարանական կառավարում՝ կամ պիտի դրա համար բացարձակ անտեղյակ լինես, թե իրականում փորձը որն է, այդ ոլորտում ինչ գիտելիքներ կան, կամ չգիտեմ, չեմ ուզում մտածել, որ որևէ մեկը միտումնավոր այդ ճանապարհով տարել է այդ ամենը»,- ասել է նա։
Որպես օրինակ՝ Թորոսյանն անդրադարձել է Բելառուսին՝ նշելով, որ այնտեղ խորհրդարանական կառավարման պայմաններում իշխանության եկած Ալեքսանդր Լուկաշենկոյի օրոք քաղաքական համակարգի հիմնական դերակատարությունը կենտրոնացավ նախագահի ձեռքում։
Նրա խոսքով՝ նման հակասություններով և խնդիրներով ծանրաբեռնված համակարգը չի կարող արդյունավետ լուծել երկրի առջև ծառացած բարդ հարցերը։
Կուսակցությունը ձևական մեխանիզմ չէ
Անդրադառնալով հետխորհրդային տարածքում կուսակցությունների չկայացման պատճառներին՝ Թորոսյանը նշել է, որ խորհրդային անցյալի ազդեցությամբ մարդիկ հաճախ կուսակցությունը դիտարկել են որպես ձևական մեխանիզմ, որի միջոցով ազդեցիկ անձը համախմբում է իր շուրջ մարդկանց, գալիս իշխանության, ապա գործում այնպես, ինչպես ցանկանում է՝ անկախ Սահմանադրության և օրենքների դրույթներից։
Նրա խոսքով՝ խնդրի լուծման համար նախ անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է կուսակցությունը և ինչպես այն պետք է գործի։ Թորոսյանը նշեց, որ կուսակցությունը պետք է մշտապես աշխատի հասարակության հետ՝ ներկայացնելով երկրի առջև ծառացած խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Այնինչ Հայաստանում կուսակցությունները հաճախ ընտրություններից հետո մոռանում են մարդկանց մասին,

