Յանդեքսի տվյալների կենտրոններին հասցված ուկրաինական հարվածների հետևանքով ծառայության աշխատանքի խափանումը խնդիրներ առաջացրեց նաև Հայաստանում։ Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ իրավիճակը պետք է ստիպի Հայաստանի իշխանություններին հստակեցնել իրենց քաղաքականությունն այս ոլորտում և գնահատել, թե որքանով են պաշտպանված երկրի թվային ծառայություններն ու դրանցում կուտակվող տվյալները։
Ինչո՞ւ ՌԴ-ի տվյալների կենտրոններին հասցված հարվածներն ազդեցին Հայաստանում ծառայության աշխատանքի վրա
Մարտիրոսյանը Յանդեքսի ծառայություններն ընդհանուր առմամբ բարձր է գնահատում։ Սակայն մեդիափորձագետի խոսքով՝ հիմնական մտահոգությունը ծառայությունների որակը չէ, այլ հայաստանյան օգտատերերի տվյալների պահպանման և պաշտպանության հարցը։ «Ընկերությունը հայտարարում էր, որ տվյալները պահվում են Հայաստանում, ոչ թե Ռուսաստանում։ Հիմա լրագրողները պետք է դիմեն ընկերությանը և պարզեն՝ եթե տվյալներն իսկապես Հայաստանում են, ինչո՞ւ Ռուսաստանի տվյալների կենտրոններին հասցված հարվածներն ազդեցին այստեղի ծառայության աշխատանքի վրա։ Պետք է հասկանալ՝ որքանով են պաշտպանված Հայաստանում հավաքվող տվյալները և արդյոք դրանք չեն կարող օգտագործվել Հայաստանի դեմ»,– նշում է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ այս հարցը հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի նկատմամբ որոշ ոչ բարեկամական գործողություններ է իրականացնում։ Խնդիրը պետության պատասխանատվությունն է՝ վերահսկելու տվյալների անվտանգությունն ու գնահատելու հնարավոր ռիսկերը։ Մարտիրոսյանի կարծիքով՝ եթե Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ հարաբերություններում անվտանգության խնդիրներ են տեսնում, պետք է այդ հարցը հստակ դնեն Յանդեքսի առաջ։ Անհրաժեշտության դեպքում կառավարությունը կարող է որոշում ընդունել՝ պահանջելով, որ հայաստանյան օգտատերերի տվյալները պահպանվեն երկրի տարածքում։
Թվային ինքնիշխանության համար նախ պետք է գնահատել Հայաստանի հնարավորությունները
Յանդեքսի ծառայությունների խափանումը արդիական է դարձնում Հայաստանի թվային ինքնիշխանության հարցը։ Սակայն Մարտիրոսյանի կարծիքով՝ արտաքին ընկերություններից հայաստանյան օգտատերերի տվյալները երկրի ներսում պահելու պահանջ ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք Հայաստանը բավարար սերվերային հզորություններ ունի նման քաղաքականությունն իրականացնելու համար։
Նա ընդգծում է, որ պետք է գույքագրել մասնավոր հատվածում առկա սերվերային ենթակառուցվածքները և գնահատել դրանց իրական հնարավորությունները։ Առանց այդպիսի ուսումնասիրության դժվար է որոշել, թե տվյալների պահպանման ինչ պահանջներ կարող է ներկայացնել պետությունը և արդյոք հնարավոր կլինի դրանք գործնականում կյանքի կոչել։
«Ինձ թվում է՝ ոչ ոք գույքագրում չի արել՝ հասկանալու համար, թե մասնավոր հատվածում ինչ կա։ Հայաստանը սերվերային հզորությունների առումով առաջատար երկրների շարքում չէ։ Բայց եթե ռազմավարություն ընդունվի, և հստակ պատկերացվի՝ ինչ ենք ուզում, ապա կարելի է լուծել այդ հարցերը։ Պետք է սկսել առաջին քայլից՝ հասկանալ, թե ինչ ենք ուզում»,– ասում է Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը լավ առիթ է այս հարցերով լրջորեն զբաղվելու համար։ Սակայն որոշումները պետք է ընդունվեն նախապես իրականացված գնահատումների հիման վրա, քանի որ չհաշվարկված պահանջները կարող են հակառակ արդյունքն ունենալ։
Որպես օրինակ՝ նա հիշեցնում է Ռուսաստանի փորձը, երբ իշխանությունները պահանջում էին տվյալները տեղափոխել երկրի տարածք, սակայն որոշ ընկերություններ հրաժարվում էին կատարել այդ պահանջը։ Մարտիրոսյանի խոսքով՝ նման իրավիճակներում պետությունը կարող է ստիպված լինել արգելափակել ծառայությունները, եթե ընկերությունները չեն համաձայնում իր պայմաններին։
Մեդիափորձագետը նաև զգուշացնում է, որ տվյալների կենտրոնացումը Հայաստանի տարածքում ինքնին չի երաշխավորում դրանց անվտանգությունը։ Եթե երկրում ռազմական գործողություններ սկսվեն և ենթակառուցվածքները վնասվեն, տեղում պահվող տվյալներն ու ծառայությունները նույնպես կարող են վտանգվել։
Հետևաբար, նրա գնահատմամբ, Հայաստանը պետք է միաժամանակ հաշվի առնի մի քանի գործոն՝ տվյալների պաշտպանության պահանջները, սեփական տեխնիկական հնարավորությունները, միջազգային ընկերությունների հետ հարաբերությունները և անվտանգության հնարավոր սպառնալիքները։ Թվային ինքնիշխանության քաղաքականությունը պետք է հիմնված լինի հստակ ռազմավարության և իրատեսական հաշվարկների վրա։

