Միջազգային դատարանները Բաքվի նարատիվներին հակազդելու կարևոր հարթակ են

Միջազգային դատարանների նշանակությունը չի կարելի գնահատել միայն նրանով, թե արդյոք Ադրբեջանն անմիջապես փոխում է իր վարքագիծը դրանց որոշումներից հետո։ Դատական գործընթացները Հայաստանին հնարավորություն են տալիս միջազգային հարթակում ներկայացնելու իր փաստարկներն ու ապացույցները, հակազդելու Ադրբեջանի առաջ մղած նարատիվներին և որոշակի զսպող ազդեցություն ունենալու։ Այս մասին ասել է իրավաբանական գիտությունների թեկնածու, միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի նման՝ հակամարտությունների պատմություն ունեցող երկրների համար միջազգային դատական ատյաններում ներգրավված մնալը հատկապես կարևոր է, քանի որ հակամարտության շուրջ նարատիվների պայքարը շարունակվում է նաև դատական գործընթացների ընթացքում։

«Երբ որ դու չունես միջազգային հարթակ, որտեղ դու կարողանում ես որևէ ձև փաստարկ, ապացույց և ճշմարտություն ներկայացնել քո տեսանկյունը, դու տանուլ ես տալիս»,- նշել է Կիրակոսյանը։

Նրա գնահատմամբ՝ միջազգային դատարանները հնարավորություն են տալիս որոշակիորեն հավասարակշռելու այն անհավասարությունը, որն առկա է իրական քաղաքական հարաբերություններում։ Դատարանում կողմերն ունեն իրենց դիրքորոշումը ներկայացնելու և գործի քննության վրա ազդելու իրավական հնարավորություններ։ Կիրակոսյանի խոսքով՝ միջազգային դատարան դիմելն ինքնին նաև ինքնիշխանության դրսևորում է։

Ինչո՞ւ են կարևոր միջազգային դատարանների որոշումները

Կիրակոսյանի խոսքով՝ միջազգային դատական գործընթացների արդյունավետությունը չպետք է չափել միայն նրանով, թե Ադրբեջանն անմիջապես կատարում է որոշումները, թե ոչ։ Նրա աշխատանքային փորձի ընթացքում հաճախ է բարձրացվել հարցը, թե արդյոք դատարանների որոշումները նշանակություն ունեն, երբ Ադրբեջանը դրանց չի արձագանքում կամ չի փոխում իր վարքագիծը։

Նա կարծում է, որ նման մոտեցումը հաշվի չի առնում դատական որոշումների երկարաժամկետ ազդեցությունը։

«Այդ ակտիվ արձագանքը կամ միանգամից վարքագծի կտրուկ փոփոխություն ակնկալելը էլի մի քիչ միամտության նման բան է»,- ասել է Կիրակոսյանը՝ հավելելով, որ նույնիսկ առանց անմիջական փոփոխությունների՝ միջազգային դատարանների որոշումներն ունեն հստակ ազդեցություն և որոշակի զսպող դեր։

Նրա համոզմամբ՝ միջազգային իրավունքի և դատարանների նկատմամբ թերահավատությունը կարող է թուլացնել իրավական կարգի պահպանման նկատմամբ պետությունների հետաքրքրվածությունը։ Մինչդեռ հատկապես Հայաստանի նման երկրների համար կարևոր է շարունակել ներգրավված մնալ միջազգային իրավական համակարգում։

Կիրակոսյանը միջազգային իրավակարգը համարում է բարդ վերափոխման փուլում գտնվող համակարգ։ Նրա կարծիքով՝ ներկայիս անկայունությունը հավերժական չէ, և ժամանակի ընթացքում միջազգային իրավակարգը կվերաիմաստավորվի։

Կարո՞ղ են այլ պետությունները պաշտպանել հայերի իրավունքները միջազգային դատարաններում

Միջազգային դատական գործընթացների հնարավորությունների մասին խոսելիս Կիրակոսյանն անդրադարձել է նաև այն հարցին, թե արդյոք այլ պետությունները կարող են միջազգային դատարաններ դիմել՝ պաշտպանելու Բաքվում պահվող հայերի իրավունքները։

Նա նշել է, որ միջազգային պրակտիկայում նման նախադեպեր կան։ Որպես օրինակ՝ Կիրակոսյանը բերել է Արդարադատության միջազգային դատարանում Գամբիայի՝ Մյանմայի դեմ հարուցած գործը և Հարավային Աֆրիկայի՝ Իսրայելի դեմ ներկայացրած հայցը։

Այս գործերը, նրա խոսքով, առնչվում են erga omnes պարտավորությունների հայեցակարգին։ Խոսքը միջազգային հանրության բոլոր անդամների նկատմամբ ստանձնված այնպիսի պարտավորությունների մասին է, որոնց պահպանումը կարևոր է ամբողջ միջազգային հանրության համար։ Դրանց թվում են ռասայական խտրականության արգելքին և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը վերաբերող պարտավորությունները։

Կիրակոսյանի բացատրությամբ՝ նման պարտավորությունների խախտման դեպքում որոշակի պայմաններում այլ պետություններ ևս կարող են իրավական պահանջներ ներկայացնել խախտում թույլ տված պետության դեմ՝ անկախ նրանից, թե իրենք անմիջականորեն տուժել են այդ խախտումից, թե ոչ։

Նա, միաժամանակ, նշել է, որ Գամբիայի և Հարավային Աֆրիկայի գործերն ունեն իրենց առանձնահատկությունները։ Դրանք ցույց են տալիս միջազգային դատարաններում այլ պետությունների ներգրավման հնարավորությունը, սակայն յուրաքանչյուր նման նախաձեռնություն պետք է գնահատվի համապատասխան իրավական հիմքերի համատեքստում։

Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող դատավարությունները

Կիրակոսյանն առանձին անդրադարձել է Բաքվում հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարություններին՝ դրանք որակելով ի սկզբանե ապօրինի։

Նրա գնահատմամբ՝ այդ գործընթացներում արդարադատության մերժման դրսևորումները կարող են ծայրահեղ աստիճանի հասնել, և ակնկալել, որ նման դատավարությունները կապահովեն իրավական երաշխիքներ, միամտություն է։

Նա ընդգծել է, որ հակամարտությունների և հետկոնֆլիկտային իրավիճակների պայմաններում արդարադատության իրականացումը հակամարտության կողմերից մեկի միջոցով լուրջ խնդիրներ է առաջացնում։ Հենց այդ պատճառով էլ միջազգային դատական ատյանները կարևոր դեր ունեն նման իրավիճակներում։

Կիրակոսյանը նաև անդրադարձել է տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարաբերակցությանը։ Նրա խոսքով՝ միջազգային իրավունքը հիմնված է այս երկու սկզբունքների փոխլրացնող գոյության վրա, և դրանցից մեկը մյուսից անջատ դիտարկելը խեղաթյուրում է միջազգային իրավակարգի տրամաբանությունը։

«Տարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում առհասարակ, որովհետև ինքնին ինքնիշխանության իմաստը, առաջին հերթին, մարդու մասին է»,- ասել է նա։

Կիրակոսյանի համոզմամբ՝ միջազգային իրավունքի հիմքում պետք է մնա մարդը, և տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարելի դիտարկել ժողովուրդների ինքնորոշման իրավունքից կտրված։


👉 Օրենսդրություն

Scroll to Top