Ադրբեջանում հիջաբի շուրջ առաջացած բողոքի ալիքը իշխանությունների և ավանդական իսլամական կենսակերպ ունեցող հասարակության միջև առկա հակասությունները, ինչպես նաև շիայական կրոնական միջավայրի նկատմամբ իշխանության վերաբերմունքը։ Միաժամանակ, այս խնդիրը տեղավորվում է Բաքվի և Անկարայի հարաբերություններում առկա ավելի լայն հակասությունների համատեքստում։ Այս մասին նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Եթե ձևական կողմը դիտարկենք, ապա օրենք էր ընդունվել դպրոցական միասնական համազգեստի վերաբերյալ, և բոլոր աշակերտները պետք է կրեին նույն համազգեստը։ Բայց այստեղ կա նաև հակասություն․ խոսքը աշակերտների մասին է, մինչդեռ հիջաբ կրող ուսուցչուհիներին էլ չէին թողնում դպրոց մտնել։ Հետևաբար ակնհայտ է, որ նման, իբր օրենսդրական կարգավորման ներքո գործողություններ են իրականացվում հավատացյալ մահմեդական բնակչության, ավելի ճիշտ՝ նրա ավանդական կենսակերպի և հագուկապի դեմ։ Ընդհանուր առմամբ՝ սա շիայական իսլամի դեմ ուղղված գործընթաց է»,- ասում է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ այս սահմանափակումները պետք է դիտարկել ոչ միայն կրոնական ազատությունների, այլև Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակի տեսանկյունից։ Ոսկանյանն առանձնացնում է մի քանի պատճառ։
Ալիևի ինքնավստահությունը և հասարակության իրական խնդիրները
Ոսկանյանի կարծիքով՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո Ադրբեջանի նախագահն իրեն առավել վստահ է զգում և ենթադրում է, որ երկրի ներսում իր հեղինակությունն այնքան բարձր է, որ կարող է ցանկացած քայլի դիմել՝ առանց լուրջ հասարակական դիմադրության հանդիպելու։ Ալիևը, ըստ Ոսկանյանի, չի հասկանում իր երկրում գոյություն ունեցող այն հասարակական շերտերի ձգտումներն ու զգացմունքները, որոնք ներկայացված չեն իշխանական համակարգում։
Փորձագետը Ադրբեջանի հասարակությունը բնութագրում է որպես բազմաշերտ համակարգ, որտեղ տարբեր խմբերի կենսակերպը, արժեքները և աշխարհայացքը հաճախ էապես տարբերվում են իշխող վերնախավի պատկերացումներից։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի կառավարող ընտանիքը «ռուսախոս, խորհրդային նոմենկլատուրայի համակարգում ձևավորված վերնախավն է ներկայացնում», որը իշխանություն է իրականացնում հիմնականում ադրբեջանախոս բնակչության նկատմամբ։
Ոսկանյանն ընդգծում է նաև իշխանական ընտանիքի աշխարհիկ կենսակերպի և հասարակության զգալի հատվածի ավանդական արժեքների միջև եղած տարբերությունը։ Նրա նկարագրությամբ՝ Ալիևների ընտանիքը վարում է շքեղ, աշխարհիկ կյանք՝ թանկարժեք գնումներով Փարիզում ու Լոնդոնում, մինչդեռ Ադրբեջանի բազմաթիվ շրջաններում, հատկապես խոշոր քաղաքներից դուրս, պահպանվում են ավանդական վարքականոնները և սոցիալական խնդիրները։
«Մենք գործ ունենք շատ ավանդական հասարակության հետ, հատկապես՝ Բաքվից և մեծ քաղաքներից դուրս։ Մինչև հիմա էլ Ադրբեջանի բազմաթիվ վայրերում, գյուղական համայնքներում, երբ հերթ է գոյանում, կանայք և տղամարդիկ առանձին են կանգնում։ Եվ այդ ավանդական հասարակության հետ մեկտեղ գոյություն ունի իշխանություն, որն ըստ էության չունի ո՛չ ծագումնաբանական, ո՛չ վարքագծային ընդհանրություն այդ մարդկանց հետ»,- ասում է նա։
Հակահայկական քարոզչությունը՝ իշխանության լեգիտիմության հիմք
Ոսկանյանի գնահատմամբ՝ Ադրբեջանի իշխանության լեգիտիմության պահպանման կարևոր գործիքներից մեկը երկար տարիներ եղել է հակահայկական քարոզչությունը։ Նրա խոսքով՝ հասարակության սոցիալ-տնտեսական խնդիրների պատասխանատվությունը պարբերաբար վերագրվել է Արցախին և հայերին՝ մարդկանց ներշնչելով, թե իրենց դժվարությունների պատճառը Արցախի՝ հայկական վերահսկողության տակ գտնվելն է։
Նրա նկարագրությամբ՝ Ադրբեջանի քաղաքացիներին համոզում էին, որ եթե Արցախը չլիներ հայկական վերահսկողության տակ, այդ խնդիրները չէին ունենա։ Նրա կարծիքով՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո այդ քարոզչական համակարգը կորցրել է իր նախկին արդյունավետությունը։ Հասարակության մի հատվածի համար այժմ առաջացել է հարց՝ ի՞նչ է փոխվել իրենց առօրյա կյանքում և ի՞նչ օգուտ են ստացել այդ իրադարձություններից։
«Միջին վիճակագրական ադրբեջանցին, որը իշխանական վերնախավի ներկայացուցիչ չէ, մտածում է՝ ինձ ի՞նչ օգուտ։ Արցախը նախկինում հայերի վերահսկողության տակ էր, հիմա էլ Իլհամ Ալիևի վերահսկողության տակ է։ Այն ժամանակ ինձ Արցախի հարստություններից ոչինչ չէր հասնում, հիմա էլ ոչինչ չի հասնում»,- ներկայացնում է փորձագետը։
Քաղաքական ընդդիմության փոխարեն՝ կրոնական ընդդիմություն
Ոսկանյանի նշեց, որ Ադրբեջանի իշխանությունները տասնամյակներ շարունակ փորձել են հասարակությանը հեռու պահել քաղաքականությունից՝ ճնշելով ընդդիմադիր ուժերին, նրանց ներկայացուցիչներին բանտարկելով կամ երկրից արտաքսելով։ Սակայն, նրա կարծիքով, քաղաքական ակտիվության այդ սահմանափակումը չի վերացրել դժգոհությունը, այլ նպաստել է դրա արտահայտման այլ ձևերի առաջացմանը։
«Եթե տասնամյակներ շարունակ հասարակությանը ապաքաղաքականացնում ես, ապա դա չի նշանակում, որ հասարակական խնդիրները վերանում են։ Ադրբեջանի հասարակությունն այլևս քաղաքականությամբ չի զբաղվում՝ Ալիևը հասել էր դրա։ Իսկ դրա փոխարեն ի՞նչ ստացավ։ Ստացավ կրոնական ընդդիմություն»,- ասում է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ մահմեդական հասարակության մեջ կրոնական ընդդիմությունը չի կարող ամբողջությամբ ապաքաղաքական լինել, նույնիսկ եթե իր գործունեությունը ներկայացնում է որպես զուտ կրոնական։ Ոսկանյանն այս առումով առանձնահատուկ կարևորություն է տալիս Իրանի ազդեցությանը, քանի որ երկու երկրների միջև կան կրոնական, գաղափարական և հասարակական կապեր։
Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը շիա մահմեդականներ են, ինչպես Իրանում։ Փորձագետի խոսքով՝ այդ ընդհանրությունը կարևոր գործոն է, քանի որ Իրանում տեղի ունեցող կրոնական և քաղաքական գործընթացները չեն կարող անմասն թողնել Ադրբեջանին։
Նա ուշադրություն է հրավիրում նաև Իրանից հեռարձակվող թյուրքալեզու հեռուստաալիքների վրա, որոնք հիմնականում կրոնական բովանդակություն են տարածում և լայն լսարան ունեն Ադրբեջանում, հատկապես երկրի հարավային շրջաններում։
Մյուս կարևոր հանգամանքը, ըստ Ոսկանյանի, Ադրբեջանի շիա հոգևորականության կրթությունն է։ Շատ հոգևորականներ կրթություն են ստացել Իրանի, այդ թվում՝ Ղոմի, ինչպես նաև Իրաքի շիական հոգևոր կենտրոններում։ Այս հանգամանքը նրանց կապում է շիայական կրոնական աշխարհի ավելի լայն ցանցի հետ։
Ինչու Ադրբեջանի իշխանությունները չեն վերահսկում շիա կրոնական ամբողջ դաշտը
Ոսկանյանը Ադրբեջանի կրոնական համակարգի առանձնահատկություններից է համարում պաշտոնական հոգևոր կառույցի և հավատացյալների շրջանում հեղինակություն ունեցող հոգևորականների միջև տարբերությունը։
Նրա խոսքով՝ երկրում գործում է Կովկասի մուսուլմանների վարչությունը՝ խորհրդային ժամանակներից եկող կառույց, որի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն, չունի շիայական իսլամում բարձրագույն հոգևոր առաջնորդի համար անհրաժեշտ աստիճանն ու կրթական որակավորումը։
Նա բացատրում է, որ շիայական իսլամում յուրաքանչյուր հավատացյալ կարող է հետևել իր ընտրած հոգևոր առաջնորդին՝ մարջա ալ-թաքլիդին, որը բառացիորեն նշանակում է ընդօրինակման կամ հետևելու աղբյուր։ Այդ առաջնորդը պետք է ունենա համապատասխան գիտելիքներ և հոգևոր աստիճան։ Բարձրագույն հոգևոր հեղինակություն ունեցող այաթոլլահների շարքում են նաև Իրանում և Իրաքում գործող առաջնորդները։
Ադրբեջանում այաթոլլահ չկա, երկրեւմ բնակվող շիա հավատացյալները, ըստ Ոսկանյանի, կարող են հետևել Իրանի, Իրաքի և նույնիսկ Աֆղանստանի հոգևոր առաջնորդներին։ Այսպիսով՝ պաշտոնական կրոնական կառույցի առկայությունը դեռ չի նշանակում, որ իշխանությունները վերահսկում են հավատացյալների կրոնական համոզմունքներն ու հոգևոր կողմնորոշումները։
«Ադրբեջանի ներսում հոգևոր հարցերը, որոնք հնարավոր չէ տարանջատել քաղաքական հարցերից, բավական բարդ պատկեր են ստեղծում։ Բազմաթիվ մարդիկ հետևում են տարբեր իրանցի կամ իրաքցի այաթոլլահների։ Հետևաբար գործ ունենք բարդ խճանկարի հետ, որը Բաքվի իշխանությունը, որպես կանոն, լավ չի ճանաչում»,- ասում է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի ղեկավարությունը չափազանց կենտրոնացած է իր աշխարհաքաղաքական հավակնությունների, նավթագազային ռեսուրսների և միջազգային հարաբերություններում երկրի դիրքերի վրա՝ բավարար ուշադրություն չդարձնելով ներքին կրոնական ու հասարակական գործընթացներին։
Բաքու–Անկարա հակասությունների հիմքում նաև երկու առաջնորդների տարբեր աշխարհայացքներն են
Ոսկանյանի գնահատմամբ՝ հիջաբի շուրջ առաջացած վեճը բացահայտել է Ադրբեջանի և Թուրքիայի երկրների միջև առկա հակասությունները, որոնք ավելի խորքային են, քան կրոնական հագուստի վերաբերյալ տարաձայնությունը։
Փորձագետը Իլհամ Ալիևին բնութագրում է որպես խորհրդային նոմենկլատուրայի համակարգում ձևավորված, ռուսախոս և խիստ աշխարհիկ կենսակերպ վարող վերնախավի ներկայացուցիչ, որը հասավ իշխանության հոր շնորհիվ։ Միաժամանակ նա ընդգծում է, որ Ալիևին չպետք է թերագնահատել միայն նրա ծագման կամ ընտանեկան կապերի պատճառով․ ըստ նրա՝ ամրապնդված բռնապետական համակարգ պահելը և իշխանության հնարավոր հակառակորդներին մի կողմ մղելը բարդ քաղաքական գործընթաց է։
Էրդողանի քաղաքական ուղին, ըստ Ոսկանյանի, բոլորովին այլ է։ Նա իշխանության է հասել ոչ թե ժառանգած դիրքի շնորհիվ, այլ՝ անցնելով քաղաքական պայքարի երկար ճանապարհ և օգտագործելով իսլամական գաղափարախոսությունը։
«Մենք ունենք գաղափարական և մարդկային վարքագծի առումով երկու տարբեր բևեռներ՝ խիստ աշխարհիկ վայելքներին տրված Իլհամ Ալիև և մահմեդական ավանդական աշխարհայացք ունեցող Էրդողան։ Այս երկու անձանց միջև վաղ թե ուշ պետք է որոշակի հակամարտություն առաջանար»,- ասում է փորձագետը։
Ոսկանյանը նշում է, որ Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի համագործակցության ընթացքում երկու առաջնորդներն ունեցել են ընդհանուր շահեր։ Նրա գնահատմամբ՝ ընդհանուր հակառակորդի առկայությունը կարող էր երկրորդ պլան մղել այլ տարաձայնությունները։ Սակայն Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո, ինչպես ինքն է ձևակերպում, այդ ընդհանուր նպատակը կորցրել է նախկին նշանակությունը, մինչդեռ մյուս խնդիրները պահպանվել են։
Ալիևը չի ցանկանում հաղթանակի դափնիները կիսել Էրդողանի հետ
Փորձագետի կարծիքով՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հակասությունների կարևոր պատճառներից մեկն այն է, որ Ալիևը ձգտում է Արցախի նկատմամբ վերահսկողության հաստատումը ներկայացնել որպես բացառապես իր հաղթանակ։
Ոսկանյանն ընդգծում է Թուրքիայի անմիջական մասնակցությունը Ադրբեջանի ռազմական հաջողություններին և հիշեցնում, որ Բաքվում անցկացված հաղթանակի շքերթին Ալիևն ու Էրդողանը կանգնած էին կողք կողքի՝ ընդունելով շքերթը։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ Ադրբեջանի բազմաթիվ վայրերում զոհվածների գերեզմանների մոտ տեղադրված էին երկու երկրների՝ Ադրբեջանի և Թուրքիայի դրոշները, մինչդեռ հետագայում այդ պատկերն աստիճանաբար փոխվել է, և մնացել է հիմնականում Ադրբեջանի դրոշը։
Փորձագետի գնահատմամբ՝ այս փոփոխությունը խորհրդանշում է նաև Ալիևի՝ հաղթանակը սեփական իշխանության հետ կապելու ձգտումը։ «Բաքվի բռնապետը համարում է, որ այդ հաղթանակը որևէ մեկի հետ չպետք է կիսի։ Դա միմիայն իր հաղթանակն է։ Եվ դա նրա համար կարևոր է նաև երկրի ներսում»,- ասում է Ոսկանյանը։
Ալիևը հարվածում է նաև Էրդողանի դիրքերին՝ սահմանափակելով հիջաբը
Ոսկանյանի գնահատմամբ՝ հիջաբի սահմանափակումներш թիրախում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Փորձագետը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Էրդողանի կինը՝ Էմինե Էրդողանը, կրում է իսլամական հիջաբ՝ պահպանելով դրա կրոնական կանոնները։ Մինչդեռ Ադրբեջանի դպրոցներում նման հագուստով կանանց մուտքը սահմանափակվում է։
Նրա խոսքով՝ այս հարցը Էրդողանի համար քաղաքական նշանակություն ունի, քանի որ Թուրքիայի նախագահը սեփական քաղաքական ուղու ընթացքում նույնպես օգտագործել է հիջաբի խնդիրը։ Թուրքիայում Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բարեփոխումներից հետո հիջաբի կրումը տարբեր ժամանակահատվածներում սահմանափակումների է ենթարկվել, այդ թվում՝ ռազմական միջամտություններից հետո։
Ոսկանյանի գնահատմամբ՝ այժմ Ադրբեջանում տեղի ունեցողը որոշ առումով հիշեցնում է այն սահմանափակումները, որոնց դեմ պայքարել է Էրդողանը Թուրքիայում։ «Այն, ինչ արել են Էրդողանի դեմ Թուրքիայում, նույնը հիմա անում է Իլհամ Ալիևը՝ հիջաբի համատեքստում։ Սա ուղղված է ոչ միայն Իրանի դեմ, այլև Էրդողանի դեմ»,- նշում է նա։
Փորձագետի համոզմամբ՝ այս քայլով Ալիևը նաև ձգտում է թուլացնել երկրի ներսում գործող թուրքամետ խմբավորումների ազդեցությունը։
Ոսկանյանը նշում է, որ այդ խմբավորումները, ի տարբերություն շիա հավատացյալների, հիմնականում աշխարհիկ են, սակայն նրանց ներկայացուցիչները կարևոր պաշտոններ են զբաղեցնում բանակում և պետական համակարգի այլ ոլորտներում։ Հետևաբար, թուրքական ազդեցության սահմանափակումը կարող է ծառայել նաև Ալիևի իշխանության ներքին դիրքերի ամրապնդմանը։
Թուրքիայի և Իսրայելի հակասությունները նեղացնում են Բաքվի մանևրի հնարավորությունները
Ոսկանյանի մատնանշած մյուս գործոնը Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կտրուկ վատացումն է։ Նրա գնահատմամբ՝ այս զարգացումը սահմանափակում է Ադրբեջանի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունները, քանի որ Բաքուն միաժամանակ սերտ հարաբերություններ ունի Թուրքիայի և Իսրայելի հետ։
Փորձագետը Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վատթարացումը չի կապում Էրդողանի՝ պաղեստինցիների պաշտպանության մասին հայտարարությունների հետ։ Նրա համոզմամբ՝ երկու երկրների շահերը բախվել են Սիրիայում, և հենց այդ հանգամանքն է խորացրել հակասությունները։
Ադրբեջանը, որը սերտ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, որոշակի փուլում փորձել է միջնորդի դեր ստանձնել թուրք-իսրայելական տարաձայնությունների կարգավորման հարցում։ Սակայն, Ոսկանյանի գնահատմամբ, իրավիճակը զարգանում է հակառակ ուղղությամբ․ կողմերի դիրքորոշումները չեն մերձենում, իսկ հակասություններն ավելի են խորանում։
Այս պայմաններում Բաքուն հայտնվում է բարդ իրավիճակում․ Թուրքիայի հետ դաշնակցային հարաբերությունները պահպանելու անհրաժեշտությունը բախվում է Իսրայելի հետ համագործակցության շահերին։
Իրանի և Թուրքիայի շահերը որոշ հարցերում կարող են համընկնել
Ոսկանյանը ուշադրություն է հրավիրում նաև մի պարադոքսալ հանգամանքի վրա․ Ալիևի իշխանության դեմ հնարավոր հակակշիռների համատեքստում Իրանը և Թուրքիան որոշակի հարցերում կարող են հայտնվել նույն կողմում։
Նա, սակայն, ընդգծում է, որ այս գործընթացը դեռ սկզբնական փուլում է, և դրա հետագա ընթացքը կամ հնարավոր հետևանքները կանխատեսել հնարավոր չէ։
«Սա ևս մեկ պարադոքսալ իրավիճակ է։ Ալիևի դեմ պայքարի համատեքստում Իրանը և Թուրքիան փաստացիորեն որոշակի առումով դարձել են դաշնակիցներ։ Բայց այս գործընթացի միայն սաղմերն ենք տեսնում, և դեռ պարզ չէ՝ ինչպես այն կզարգանա և ինչ հետևանքներ կունենա»,- նշում է իրանագետը։
Հակասությունները դեռ չեն նշանակում Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների փլուզում
Ոսկանյանը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև առկա հակասությունները չպետք է մեկնաբանել որպես երկու երկրների անխուսափելի առճակատման կամ պատերազմի կանխատեսում։
Նրա խոսքով՝ սխալ կլինի ենթադրել, թե այս տարաձայնությունների հետևանքով Ադրբեջանը փլուզվելու է, Թուրքիան և Ադրբեջանը կամ Իրանը պատերազմելու են միմյանց դեմ, և տարածաշրջանում սկսվելու է ուժերի վերաձևման գործընթաց։ Փորձագետը կարծում է, որ նման եզրակացությունների համար հիմքեր չկան, սակայն առկա հակասություններն անտեսել նույնպես պետք չէ։
Նա եզրափակում է, որ Հայաստանի համար կարևոր է ոչ թե պարզապես հետևել այդ հակասություններին, այլ հասկանալ դրանց բնույթը և գնահատել՝ արդյոք դրանք կարող են քաղաքական հնարավորություններ ստեղծել։ «Եթե դու խաղացող ես, պետք է խաղաս։ Հնարավորության դեպքում պետք է ընդլայնես այդ ճաքերը, եթե ունես նման նպատակ»,- ասում է իրանագետը։

