Թուրքիայի և Իսրայելի տնտեսական ու քաղաքական կապերը շարունակում են գործել, պաղեստինցիներին պաշտպանելու մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները չեն ուղեկցվում Իսրայելի վրա իրական ճնշում գործադրելու քայլերով։ Այս մասին նշել է թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան և Իսրայելը երկար ժամանակ ունեցել են լավ տնտեսական և քաղաքական հարաբերություններ, որոնք պահպանվում են նաև այսօր։ Նա ընդգծում է, որ Թուրքիան Իսրայելին ապրանքներ մատակարարող հիմնական երկրներից մեկն է։ Բացի այդ, Իսրայել հասնող ադրբեջանական գազն անցնում է Թուրքիայի տարածքով։
«Եթե Էրդողանն այդքան թշնամաբար է տրամադրված Իսրայելի նկատմամբ, ապա ինչո՞ւ չի փակում գազատարը»,- հարցադրում է անում թուրքագետը՝ նշելով, որ Թուրքիայից բազմիցս հնչել են նման կոչեր, սակայն տնտեսական կապերը չեն վատացել, իսկ գազի մատակարարման ուղին գործել և գործում է անդադար։
Նրա գնահատմամբ՝ Թուրքիայի իշխանությունները իրենց դիրքորոշումը ներկայացնում են որպես պաղեստինցիների պաշտպանությանն ուղղված քաղաքականություն, սակայն իրականում պաղեստինցիների շահերի մասին չեն մտածում ո՛չ Թուրքիան, ո՛չ նույնիսկ արաբական երկրները։ Լոքմագոզյանի խոսքով՝ պաղեստինցիները հայտնվել են ծանր վիճակում, և տարբեր երկրներ նրանց հարցն օգտագործում են սեփական նպատակների համար։
Թուրքագետի համոզմամբ՝ Էրդողանը փորձում է ներկայանալ որպես մուսուլմանների և ամբողջ իսլամական աշխարհի պաշտպան, բայց հայտարարություններից այն կողմ գործնական քայլեր չեն երևում։
Լոքմագոզյանի կարծիքով՝ Էրդողանի հրապարակային հակաիսրայելական հռետորաբանությունը քաղաքական թատրոնի մաս է։ «Այն, ինչ մենք տեսնում ենք, իրականությունը չէ։ Իրականությունը թաքնված է վարագույրի հետևում։ Բեմի վրա կարող են իրար կոկորդ կրծել, բայց վարագույրի հետևում՝ ձեռք են սեղմում»,- ասում է թուրքագետը։
Նրա խոսքով՝ պետությունների հարաբերությունները որոշվում են առաջին հերթին շահերով։ Լոքմագոզյանը կարծում է, որ քաղաքականության մեջ որոշիչը շահերի համընկնումն է, այլ ոչ թե կրոնական կամ ազգային ընդհանրությունները։
«Քաղաքականության մեջ շահեր են, շահեր և ուրիշ ոչինչ։ Ժողովուրդը կարող է ազգային կամ կրոնական նպատակներ ու ցանկություններ ունենալ, բայց վերնախավերի համար առաջնայինը շահերն են»,- եզրափակում է Լոքմագոզյանը։

