Մոտ 1000 հանքավայր, ավելի քան 500 հանքերևակում, երկրաբանական ներուժ և ոլորտային մասնագետներ․ Հայաստանը հանքարդյունաբերության զարգացման համար ունի կարևոր նախադրյալներ, սակայն միջազգային ներդրողների վստահությունը շահելու համար անհրաժեշտ է դեռ շատ խնդիրներ լուծել։
Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման հեռանկարները կախված են ոչ միայն երկրի ընդերքում առկա պաշարներից, այլ նաև նրանից, թե որքանով է պետությունը կարողանում այդ ներուժը վերածել ներդրումային գրավիչ նախագծերի։ Մի կողմից՝ երկրաբանական ֆոնդում կուտակված է մեծածավալ տեղեկատվություն, կան դեռևս չբավարար ուսումնասիրված հանքերևակումներ և նոր հանքավայրեր հայտնաբերելու հնարավորություններ։ Մյուս կողմից՝ միջազգային ներդրողների գնահատմամբ՝ երկրաբանական տվյալների որակը, իրավական համակարգի թափանցիկությունն ու հարկաբյուջետային ռեժիմը շարունակում են մնալ այն գործոնների շարքում, որոնք կարող են սահմանափակել Հայաստանի գրավչությունը։
Հազար հանքավայր, բայց նոր հնարավորությունների բացահայտման կարիք
Հանրապետական երկրաբանական ֆոնդի տնօրեն Հարություն Մովսիսյանի ներկայացմամբ՝ Հայաստանի օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում հաշվառվում է շուրջ 1000 հանքավայր և ավելի քան 500 հանքերևակում։ Դրանց թվում 45-ը մետաղական հանքավայրեր են, որոնց մոտ կեսն ունի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք։ Հայաստանի մետաղական հանքավայրերի զգալի մասը ոսկու, ոսկի-բազմամետաղային, պղնձի և պղինձ-մոլիբդենային հանքավայրեր են։ Դրանց հիմնական կենտրոնացումը Լոռու և Սյունիքի մարզերում է, թեև մետաղական հանքավայրեր կան նաև մյուս մարզերում։
Սակայն այս թվերը դեռևս ամբողջությամբ չեն արտացոլում երկրի ընդերքի հնարավորությունները։ Մովսիսյանի խոսքով՝ Հայաստանի հանքերևակումների մի մասը ուսումնասիրվել է դեռևս Խորհրդային Միության տարիներին։ Այդ ուսումնասիրությունների ընթացքում հայտնաբերվել են հեռանկարային տեղամասեր, որոնց մի մասը կարող է կրկին հետաքրքրություն ներկայացնել ներդրողների համար։
Նրա գնահատմամբ՝ դրանցից առնվազն մի քանի տասնյակը, այդ թվում՝ առաջին 20 հեռանկարային հանքերևակումները, կարող են դառնալ հետագա ուսումնասիրությունների առարկա։
Բայց այստեղ կա կարևոր հանգամանք․ հանքերևակումը դեռևս ինքնին չի նշանակում շահագործման համար պատրաստ հանքավայր։ Այն կարող է մատնանշել օգտակար հանածոների առկայության հավանականությունը կամ որոշակի երկրաբանական հեռանկար, որը պետք է լրացուցիչ ուսումնասիրություններով հաստատվի։ Հետևաբար, առկա հանքերևակումների ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ են նոր որոնողական և հետախուզական աշխատանքներ, իսկ որոշ դեպքերում՝ արդեն հայտնի հանքավայրերի վերագնահատում։
Մովսիսյանի խոսքով՝ միայն առկա օբյեկտների վրա հենվելը բավարար չէ։ Երկրի հանքարդյունաբերության ներուժը մեծացնելու համար անհրաժեշտ են նաև նոր երկրաբանական ուսումնասիրություններ, որոնք հնարավորություն կտան բացահայտել նախկինում չուսումնասիրված կամ բավարար չափով չգնահատված տարածքներ։
Հին տվյալները՝ նոր հանքավայրեր գտնելու ճանապարհին
Հայաստանի երկրաբանական ներուժի բացահայտման կարևոր խոչընդոտներից մեկը կուտակված տեղեկատվության արդյունավետ օգտագործման խնդիրն է։
Հանրապետական երկրաբանական ֆոնդում պահպանվում են մեծածավալ նյութեր, որոնք պարունակում են տեղեկություններ հանքավայրերի, հանքերևակումների և նախկինում իրականացված ուսումնասիրությունների մասին։ Սակայն դրանց մի մասը դեռևս չի կարող լիարժեք օգտագործվել ժամանակակից վերլուծական գործիքներով։
Մովսիսյանի խոսքով՝ խնդիրը միայն այն չէ, որ անհրաժեշտ է երկրաբանական փաստաթղթերը թվայնացնել։ Կարևոր է ստեղծել այնպիսի տեղեկատվական համակարգեր, որոնք թույլ կտան համադրել տարբեր տվյալներ, կատարել վերլուծություններ և դրանց հիման վրա առանձնացնել նոր հեռանկարային տեղամասեր։
«Այսօր ընդամենը թվերի տեսքով կարողանում ենք ներկայացնել, թե ինչ քանակությամբ պաշարներ ունենք կամ ինչ հանքավայրեր ունենք»,– նշել է նա՝ ընդգծելով երկրաբանական տեղեկատվության թվայնացման անհրաժեշտությունը։
Նրա ներկայացմամբ՝ ռազմավարության առաջին փուլում նախատեսվում է մշակել թվային երկրաբանական և թեմատիկ քարտեզներ, ինչպես նաև թվայնացնել ֆոնդային նյութերը։ Դրանց հիման վրա հնարավոր կլինի ավելի ճշգրիտ գնահատել հանքային ռեսուրսների տարածվածությունը և առանձնացնել հետագա ուսումնասիրությունների համար հետաքրքրություն ներկայացնող տեղամասերը։
Այս փուլում պետությունը դեռևս չի նախատեսում ինքնուրույն իրականացնել հանքավայրերի խորացված ուսումնասիրություններ։ Փոխարենը՝ առաջնահերթություն է տրվում տեղեկատվության համակարգմանը և որոնողական աշխատանքների համար հեռանկարային տարածքների ընտրությանը։ Հետագա որոնողական ու հետախուզական ծրագրերը կարող են իրականացվել մասնավոր ներդրումների միջոցով։
Այս մոտեցմամբ պետությունը նախ պետք է ձևավորի տեղեկատվական հիմքը, իսկ հետո այն օգտագործի հնարավոր ներդրողներին կոնկրետ տարածքներ առաջարկելու համար։
Մովսիսյանի խոսքով՝ երկրաբանական ֆոնդում արդեն կան նախկինում ուսումնասիրված բազմաթիվ տեղամասեր, որոնց հեռանկարները ժամանակին գնահատվել են։ Որոշների վերաբերյալ առկա են նաև նախնական կարգի պաշարների գնահատականներ, սակայն այդ տեղեկատվությունը դեռևս ամբողջությամբ չի օգտագործվում։
Թվայնացումը կարող է օգնել համախմբել այդ տվյալները և դրանք դարձնել ավելի կիրառելի ինչպես պետական մարմինների, այնպես էլ ներդրողների և գիտական հանրության համար։
Նոր հետաքրքրություն՝ կրիտիկական և ուղեկից մետաղների նկատմամբ
Առկա հանքավայրերի վերագնահատումը կարող է կարևոր լինել նաև մեկ այլ պատճառով․ նախկինում ուսումնասիրությունների ընթացքում առաջնահերթություն է տրվել այն մետաղներին, որոնք տվյալ ժամանակաշրջանում առավել մեծ տնտեսական նշանակություն են ունեցել։ Սակայն տեխնոլոգիաների զարգացման և հումքի նկատմամբ պահանջարկի փոփոխության պայմաններում կարող են հետաքրքրություն ներկայացնել նաև այն մետաղները, որոնք նախկինում բավարար չափով չեն ուսումնասիրվել։
Մովսիսյանը կարևորել է հայտնի հանքավայրերում ուղեկից տարրերի հնարավոր առկայության վերագնահատումը։ Նման ուսումնասիրությունները կարող են պարզել՝ արդյոք արդեն հայտնի հանքավայրերը պարունակում են նաև այլ օգտակար բաղադրիչներ, որոնք նախկինում չեն հայտնաբերվել կամ չեն գնահատվել որպես տնտեսական տեսանկյունից նշանակալի։
Առանձին ուշադրության է արժանի կրիտիկական մետաղների ուղղությունը։ Դրանց հնարավորությունների բացահայտման համար ևս անհրաժեշտ են լրացուցիչ երկրաբանական ուսումնասիրություններ։ Այսինքն՝ Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ճանապարհը պարտադիր չէ, որ սահմանափակվի միայն նոր հանքավայրեր գտնելով։ Լրացուցիչ հնարավորություններ կարող են բացվել նաև արդեն հայտնի հանքավայրերի ավելի ամբողջական ուսումնասիրության միջոցով։
Սակայն այստեղ նույնպես անհրաժեշտ է տարբերակել երկրաբանական ներուժը տնտեսական առումով շահագործելի պաշարներից։ Նոր տարրերի հայտնաբերումը դեռևս չի երաշխավորում դրանց շահավետ արդյունահանումը․ անհրաժեշտ են համապատասխան գնահատումներ և հետագա ուսումնասիրություններ։
Բայց երկրաբանական ներուժն ինքնին ներդրող չի բերում
Wood Mackenzie ընկերությունը ուսումնասիրել թե ինչպես են միջազգային ընկերությունները գնահատում Հայաստանի ներդրումային պոտենցիալը։ Ուսումնասիրությունը հիմնված է շուկայի տարբեր մասնակիցների կարծիքների վրա։ Հարցմանը ներգրավվել են խոշոր և միջին հանքարդյունաբերական ընկերություններ, փոքր ու նորաստեղծ հետախուզական կազմակերպություններ և ֆինանսական հաստատություններ։
Wood Mackenzie ընկերության հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի խորհրդատվական ստորաբաժանման փոխնախագահ Վաել Ջաբերի խոսքով՝ հետազոտությունը դիտարկում է երկու հիմնական ուղղություն՝ գործառնական պայմաններ և հանրային կառավարում։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս համադրել Հայաստանի ներսում առկա պատկերացումները միջազգային ներդրողների ընկալումների հետ։
Գործառնական պայմանների գնահատման մեջ Հայաստանի ուժեղ կողմերից են երկրաբանական ներուժը, կադրերի հասանելիությունը, ոլորտային գիտելիքներն ու հմտությունները։ Ջաբերի ներկայացմամբ՝ միջազգային շուկան ընդունում է, որ երկիրն ունի հանքարդյունաբերության զարգացման համար անհրաժեշտ նախադրյալներ։
Սակայն նույն ուսումնասիրությունը մատնանշում է նաև էական թերություններ։ «Լավ նորությունն այն է, որ երկրաբանական ներուժ կա։ Հանքաքարը կա։ Հարցն այն է, թե ինչպես ենք սկսում աշխատանքը զրոյից»,– ասել է Ջաբերը։
Այս գնահատականը ցույց է տալիս Հայաստանի հանքարդյունաբերության առջև ծառացած հիմնական հակասությունը․ երկրաբանական ռեսուրսների առկայությունը կարևոր մեկնարկային պայման է, բայց ոչ բավարար երաշխիք՝ նոր ներդրումներ ներգրավելու համար։
Ներդրողին անհրաժեշտ է ոչ միայն իմանալ, որ տվյալ տարածքում կարող են լինել օգտակար հանածոներ, այլև ունենալ բավարար վստահություն դրանց վերաբերյալ տեղեկատվության, հետագա ուսումնասիրությունների հնարավորությունների և ներդրումային միջավայրի նկատմամբ։
Երկրաբանական տվյալների որակն ու իրավական թափանցիկությունը՝ թույլ կողմեր
Wood Mackenzie-ի ներկայացրած ուսումնասիրության համաձայն՝ Հայաստանի ամենաթույլ կողմերից մեկը երկրաբանական տվյալների բազայի որակն է։
Այս հանգամանքը կարևոր է նաև Մովսիսյանի ներկայացրած խնդիրների համատեքստում։ Եթե պետությունը ցանկանում է նախկինում կուտակված երկրաբանական տեղեկատվությունը վերածել ներդրումային առաջարկների, ապա այդ տեղեկատվությունը պետք է լինի հնարավորինս ամբողջական, համակարգված և վերլուծության համար կիրառելի։
Թվայնացումը կարող է էական քայլ լինել այդ ուղղությամբ, բայց ինքնին չի երաշխավորում տվյալների որակի բարելավում։ Անհրաժեշտ է նաև ստուգել և համադրել առկա նյութերը, գնահատել դրանց հուսալիությունը և հստակ տարբերակել նախնական երկրաբանական գնահատականները հաստատված պաշարներից։
Մյուս կարևոր խնդիրը հանրային կառավարման համակարգն է։
Ջաբերի խոսքով՝ միջազգային շուկայի մասնակիցները Հայաստանը որոշ չափով ընկալում են որպես ներդրողների համար բաց երկիր, որտեղ բիզնես վարելը համեմատաբար հեշտ է։ Սակայն իրավական համակարգի թափանցիկությունը և օրենքների կիրառման պրակտիկան գնահատվում են որպես թույլ կողմեր։
Հանքարդյունաբերության ոլորտում այս հարցերն առանձնահատուկ նշանակություն ունեն։ Խոսքը երկարաժամկետ ծրագրերի և զգալի կապիտալ պահանջող նախագծերի մասին է, որոնց իրականացման համար ներդրողը պետք է կարողանա գնահատել ոչ միայն երկրաբանական, այլև իրավական ու կարգավորող ռիսկերը։
Հետևաբար, նույնիսկ նոր հեռանկարային տեղամասերի հայտնաբերումը դեռևս չի նշանակում, որ դրանք ինքնաբերաբար կվերածվեն ներդրումային ծրագրերի։ Անհրաժեշտ է նաև այնպիսի միջավայր, որտեղ ներդրողները կարող են վստահել գործող կանոններին և դրանց կիրառմանը։
Հարկային փոփոխությունները կարող են արագացնել գործընթացը
Ջաբերի առանձնացրած կարևոր ուղղություններից մեկը հարկաբյուջետային ռեժիմն է։
Նրա խոսքով՝ որոշ հարկային փոփոխություններ հնարավոր է իրականացնել համեմատաբար արագ, մինչդեռ երկրաբանական ուսումնասիրությունների, նոր ենթակառուցվածքների ստեղծման և ոլորտային կարողությունների զարգացման համար ավելի երկար ժամանակ է պահանջվում։
Հենց այդ պատճառով հարկային քաղաքականությունը կարող է դառնալ ներդրումային միջավայրի բարելավման կարևոր գործիք։
Եթե Հայաստանը կարողանա կատարել հստակ և ներդրողների համար հասկանալի փոփոխություններ, դա կարող է դրական ազդակ լինել միջազգային հանքարդյունաբերական ընկերությունների համար։ Սակայն հարկային բարեփոխումները չեն կարող փոխարինել երկրաբանական տվյալների որակի բարձրացմանը կամ իրավական համակարգի նկատմամբ վստահության ամրապնդմանը։
Ջաբերի մոտեցման համաձայն՝ անհրաժեշտ է աշխատել միաժամանակ մի քանի ուղղությամբ՝ պահպանելով առկա առավելությունները և բարելավելով այն պայմանները, որոնք այսօր սահմանափակում են երկրի մրցունակությունը։
Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանի մյուս երկրները ևս քայլեր են ձեռնարկում իրենց ներդրումային միջավայրերը բարելավելու ուղղությամբ։ Հետևաբար, Հայաստանը չպետք է հետաձգի անհրաժեշտ փոփոխությունները։
Ի՞նչ պետք է անի Հայաստանը՝ ներուժը ներդրումների վերածելու համար
Երկու ելույթների համադրությունը թույլ է տալիս առանձնացնել մի քանի փոխկապակցված խնդիր, որոնց լուծումից կախված կլինի Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման հետագա ընթացքը։
Առաջինը երկրաբանական տեղեկատվության համակարգումն ու թվայնացումն է։ Պետությունը պետք է կարողանա ոչ միայն ներկայացնել հանքավայրերի և պաշարների թվերը, այլև բացահայտել այն տարածքները, որտեղ լրացուցիչ ուսումնասիրությունները կարող են նոր արդյունքներ տալ։
Երկրորդը՝ առկա հանքավայրերի և հանքերևակումների վերագնահատումն է՝ ներառյալ կրիտիկական և ուղեկից մետաղների հնարավորությունները։ Սա կարող է ընդլայնել Հայաստանի հանքային ռեսուրսների վերաբերյալ պատկերացումը։
Երրորդը՝ երկրաբանական ներուժի հիման վրա ներդրումային առաջարկների ձևավորումն է։ Թվայնացված տվյալները պետք է հնարավորություն տան պետական մարմիններին հնարավոր ներդրողներին ներկայացնել ավելի հիմնավորված առաջարկներ, իսկ մասնավոր ընկերություններին՝ որոշումներ կայացնել բավարար տեղեկատվության հիման վրա։
Չորրորդը՝ ներդրումային միջավայրի բարելավումն է։ Երկրաբանական տվյալների որակի բարձրացմանը զուգահեռ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հարկային քաղաքականությանը, իրավական համակարգի թափանցիկությանը և օրենքների կիրառման կանխատեսելիությանը։
Այս ուղղությունները փոխկապակցված են։ Առանց վստահելի երկրաբանական տեղեկատվության դժվար է համոզել ներդրողին ուսումնասիրել նոր տեղամասը։ Իսկ նույնիսկ լավ ուսումնասիրված հանքավայրի առկայությունը բավարար չէ, եթե ներդրումային միջավայրի պայմանները չեն համապատասխանում ընկերությունների ակնկալիքներին։
Հայաստանի համար խնդիրը, հետևաբար, միայն նոր հանքավայրեր հայտնաբերելը չէ։ Անհրաժեշտ է ստեղծել մի ամբողջական համակարգ, որտեղ երկրաբանական տվյալների հավաքագրումը, վերլուծությունը, նոր տեղամասերի բացահայտումը և ներդրումային ծրագրերի իրականացումը կլրացնեն միմյանց։

