Դեպի +40°C. Երևանի քաղաքապետարանը ասֆալտապատում է քաղաքի բնապահպանական ապագան

Երևանը հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում. Հայաստանի մայրաքաղաքն ընդունում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության 17-րդ համաժողովը (CBD COP17): Միջազգային բնապահպանական գագաթնաժողովն անցկացվում է «Taking Action for Nature» («Գործենք հանուն բնության») կարգախոսով և հավաքել է ավելի քան 15 հազար պատվիրակների, գիտնականների ու պետությունների ղեկավարների ողջ աշխարհից: Սակայն մինչ պաշտոնական մակարդակում Երևանը դարձել է մոլորակի էկոլոգիական մայրաքաղաքը, քաղաքի ներսում ընթանում է մի գործընթաց, որը կասկածի տակ է դնում տեղական իշխանությունների հավատարմությունը հռչակված կանաչ արժեքներին:

Խոսքը բազմամյա, լայնասաղարթ ծառերի՝ թեղիների, հացենիների և կաղնիների զանգվածային ու համակարգված հատման մասին է, որոնք տարիներ ի վեր աճում են Երևանի առանցքային փողոցների երկայնքով և բնակելի թաղամասերում: Քաղաքային վարչակազմն ու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն այս գործողությունները արդարացնում են «կանաչ ֆոնդի փոխարինման» լայնամասշտաբ ծրագրով: Պաշտոնյաները պնդում են, որ ծառերը սպառել են իրենց կենսաբանական ռեսուրսը, դեֆորմացված են և վարակված վնասատուներով, ինչի պատճառով էլ պետք է փոխարինվեն դեկորատիվ տունկերով՝ սակուրաներով, գնդաձև կատալպաներով և հուդածառերով: Հաճախ դարավոր սաղարթները ոչնչացվում են նաև ենթակառուցվածքային կարիքների համար՝ երթևեկելի մասի ընդլայնման, ավտոկայանատեղիների կառուցման կամ նոր հեծանվուղիների անցկացման նպատակով:

Այս քաղաքականությանը դեմ են քաղաքացիական հասարակությունը, անկախ էկոլոգներն ու տեղի բնակիչները: Քաղաքացիական նախաձեռնություններն ու փորձագետներն ահազանգում են, քանի որ սղոցի տակ են հայտնվում լիովին առողջ, կենսունակ հսկաներ: Երևանի կտրուկ ցամաքային կլիմայի պայմաններում, որտեղ ամռանը ջերմաստիճանը գերազանցում է +40°C-ը, հսկայական սաղարթների ոչնչացումը քաղաքին զրկում է բնական ստվերից: Դարավոր ծառերի փոխարինումը նուրբ դեկորատիվ տունկերով արդեն հանգեցրել է օդի որակի կտրուկ վատթարացմանն ու ջերմային կղզու էֆեկտի ուժեղացմանը՝ փողոցները վերածելով շիկացած վառարանների և հարվածի տակ դնելով բնակչության խոցելի խմբերի՝ երեխաների ու տարեցների առողջությունը:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը վերջերս ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ զրույցում խոստովանել է, որ Երևանը եզակի բնական տարածք է, սակայն այսօր այդ տարածքը գտնվում է ոչ այնքան գրավիչ վիճակում:

«Գոյություն ունի դրա բարեկարգման և վերականգնման լայնամասշտաբ ծրագիր, որին մասնակցում են Երևանի քաղաքապետարանը, ՄԱԿ-ը և Ասիական զարգացման բանկը: Դա լավ է, բայց կարծում եմ, որ այդ տարածքը պետք է մնա հնարավորինս բնական: Այնտեղ կառուցված շատ շենքեր ընդհանրապես չպետք է լինեին: Աշխարհում կան տարբեր քաղաքներ, որոնք ունեն նման կիրճեր և կարողացել են դրանք վերածել գեղեցիկ բնական տարածքների, ուր մարդիկ գալիս են հանգստյան օրերին հեծանիվ քշելու, զբոսնելու, խաղալու և ուղղակի ժամանակ անցկացնելու: Երևանին իսկապես անհրաժեշտ է զարգացման պլան, որն իր ջանքերը կհիմնի կայուն զարգացման սկզբունքների վրա», — հայտարարել է Ժակոբը՝ հավելելով, որ «մենք տնկել ենք 10 միլիոն ծառ» հայտարարությանն ի պատասխան՝ ինքը միշտ հարցնում է. «իսկ դրանցից քանի՞սն են դեռ ողջ»:

Դեռևս 2025 թվականին Ժակոբը հրապարակավ հայտարարել էր, որ Երևանում օդի որակը ամենավատն է Հարավային Կովկասում:

Մինչ Երևանում ճանապարհների համար ոչնչացվում են դարավոր ծառուղիները, եվրոպական քաղաքներում ձգտում են բոլորովին այլ չափանիշների: Գիտական մոտեցման վառ օրինակ է դարձել Լեհաստանում իրականացված լայնամասշտաբ պետական ծրագիրը՝ «Քաղաք կլիմայով» նախագիծը: Այս խոշոր նախագիծն ուսումնասիրել է, թե ինչպես պաշտպանել բնակիչներին կլիմայի փոփոխության բացասական հետևանքներից: Նախագիծը ֆինանսավորվել է Լեհաստանի Շրջակա միջավայրի պահպանության ազգային հիմնադրամի կողմից, իսկ դրա բյուջեն գերազանցել է 6 միլիոն զլոտին: Դա լեհական քաղաքների՝ իր մասշտաբով աննախադեպ անկախ փորձաքննություն էր: Գիտնականների թիմը գնահատում էր, թե որքանով արդյունավետ կարող են քաղաքները հաղթահարել կլիմայի փոփոխության բացասական հետևանքները: 

Գիտնականները յուրաքանչյուր քաղաքի համար ստեղծում էին անհատական «Ճանապարհային տրանսֆորմացիայի քարտեզ» (MDT): Օգտագործելով արբանյակային լուսանկարներ, օդերևութաբանական տվյալներ և ջերմային ռադարներ՝ նրանք որոշում էին. քաղաքային հողերի «կնքման» (այդ թվում՝ ասֆալտապատման) մակարդակը, բնակչության խոցելի շերտերի համար ջերմային ռիսկի աստիճանը, Մակերևութային քաղաքային ջերմային կղզիների (PMWC) սահմանները՝ գոտիներ, որտեղ փողոցները վերածվում են շիկացած վառարանների:

Vectors.am-ը զրուցել է նախագծի հեղինակների հետ:

Լեհ գիտնականներն նշեցին, որ առանց բուն Երևանի մանրամասն վերլուծության իրենք չեն կարող ճշգրիտ գնահատական տալ: Սակայն քաղաքաշինության և կլիմայագիտության այն հիմնարար գիտական սկզբունքները, որոնցով նրանք կիսվեցին, հնչում են որպես լուրջ և անզիջում դատավճիռ Երևանի քաղաքապետարանի ներկայիս քաղաքականությանը:

Մեր հարցերին պատասխանել են Արևելյան Եվրոպայի առաջատար էկոլոգիական կենտրոնի՝ Լեհաստանի Շրջակա միջավայրի պահպանության ինստիտուտի (IOŚ-PIB) ներկայացուցիչները՝ Միխալ Մարչինկովսկին (Michał Marcinkowski), ով ղեկավարում է Կլիմայի փոփոխությանն հարմարվողականության բաժինը, և բնական ռեսուրսների գծով մասնագետ, դոկտոր Բոժենա Կորնատովսկան:

Vectors.am. Ձեր կարծիքով, ջերմային ռիսկի գնահատման և կապտա-կանաչ ենթակառուցվածքների զարգացման այն գործիքները, որոնք ձեր թիմը մշակել է Շրջակա միջավայրի պահպանության ինստիտուտում (IOŚ-PIB) լեհական քաղաքների համար, կարո՞ղ են արդյունավետորեն հարմարեցվել հարավային, բարձր քաղաքաշինական խտություն ունեցող քաղաքի իրականությանը, ինչպիսին Երևանն է: Արդյո՞ք կան ձեզ հայտնի միջազգային համագործակցության մեխանիզմներ կամ դրամաշնորհային ծրագրեր, որոնց շրջանակներում մենք կարող էինք փոխառել ձեր մեթոդաբանական փորձը:

Միխալ Մարչինկովսկի. Իմ կարծիքով, «Քաղաք կլիմայով» նախագծի (նախագծի ամբողջական անվանումը՝ «Ստրատեգիական խորհրդատվություն «Քաղաք կլիմայով» նախագծի շրջանակներում») ամենամեծ առավելություններից մեկը դրա իրականացման գործում տարբեր մասնագիտությունների տեր փորձագետների ներգրավումն էր, որոնք համագործակցում են Լեհաստանի ճանաչված գիտահետազոտական հաստատությունների հետ: Շրջակա միջավայրի պահպանության ինստիտուտ – Պետական հետազոտական ինստիտուտը հանդես էր գալիս որպես նախագծի առաջատար: Մեր գործընկերներն էին՝ Արդյունաբերական տարածքների էկոլոգիայի ինստիտուտը, Անտառային տնտեսության գիտահետազոտական ինստիտուտը, ինչպես նաև Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնը: Դա թույլ տվեց քաղաքներին առաջարկել փորձագիտական աջակցություն, որը պատասխան դարձավ նրանց իրական կարիքներին: Դրանք կախված են, ի թիվս այլնի, քաղաքի տեղադրությունից, դրա չափսերից և յուրահատկությունից:

Այս նախաձեռնության հիմնական արդյունքը քաղաքների համար դեպի կլիմայական չեզոքություն տրանսֆորմացիայի ճանապարհային քարտեզների մշակումն էր: Սակայն դրանց հիմքը կազմում էին բազմաթիվ փորձաքննությունները և թեմատիկ ուսումնասիրությունները: Դրանց մեծ մասում որևէ կոնկրետ գործիք չէր մշակվում, այլ առաջարկվում էր որոշակի մեթոդաբանական մոտեցում: Ես համոզված եմ, որ այն հաջողությամբ կարող է օգտագործվել նաև այլ քաղաքներում:

Սակայն այստեղ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շատ կարևոր տարրի՝ ելակետային տվյալների: Ներկայացուցչական, արդիական և համապատասխան ճշգրտություն  ունեցող տվյալները վերլուծության լավ որակ ստանալու նախապայմանն են: Օրինակ, իմ մասնագիտության՝ այսինքն ջրային տնտեսության շրջանակներում, անձրևաջրերի հետ կապված վերլուծություններում մենք հաշվի ենք առել տեղանքի ռելիեֆի, դրա ծածկույթի մասին տեղեկատվությունը՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հաջորդ տասնամյակներում պլանավորվող, երկրաբանական կառուցվածքի, հողերի, ինչպես նաև հիդրոլոգիական ու օդերևութաբանական պայմանների մասին, որոնք տեղի են ունեցել տվյալ քաղաքի շրջակայքում վերջին տասնամյակներում: Սակայն առանցքային էին կլիմայի փոփոխության մանրամասն կանխատեսումները, որոնք հատուկ Լեհաստանի տարածքի համար մշակվել էին բարձր տարածական ճշգրտությամբ փորձագետների կողմից:

Ինձ համար դժվար է նշել միջազգային համագործակցության կոնկրետ մեխանիզմներ, որոնք կհեշտացնեին մեր երկրների միջև փոխգործակցությունը: Սակայն լիակատար վստահությամբ կարելի է ասել, որ ցանկացած համագործակցություն շատ կարևոր է և մի շարք էական օգուտներ է բերում բոլոր կողմերին: Օրինակ, մենք՝ որպես Ինստիտուտ, հենց հիմա Լեհաստանում կազմակերպում ենք Հարմարվողականության ազգային կենտրոն: Դա ավելի լայն եվրոպական նախագծի՝ National Adaptation Hubs-ի մասն է, որն իրականացվում է ավելի քան 30 գործընկերների կողմից: Նմանատիպ հարմարվողականության կենտրոններ կազմակերպվում են նաև այլ երկրներում: Մեր համագործակցությունը թույլ է տալիս իրականացնել փորձի փոխանակում, օգտագործել լավագույն, ամենաարդյունավետ լուծումները ոչ միայն տվյալ երկրի սահմաններում, այլև ամբողջ Եվրոպայում:

Vectors.am. Երևանում մոծ թեղիների և հացենիների հատումը քաղաքային իշխանությունների կողմից հաճախ արդարացվում է դրանց կենսաբանական տարիքով և հիվանդություններով, դրանց փոխարեն տնկվում են փոքր դեկորատիվ ծառեր (օրինակ՝ սակուրաներ): Քանի՞ տասնամյակ է անհրաժեշտ երիտասարդ դեկորատիվ ծառին, որպեսզի հասնի այն փոխհատուցող և հովացնող ազդեցության գոնե կեսին, որն ապահովում էր մեկ հասուն, լայնասաղարթ ծառը: Արդյո՞ք ձեր մոդելները հաստատում են, որ կանաչապատման տարրերի նման կտրուկ և արմատական փոփոխությունը արդեն իսկ կարճաժամկետ հեռանկարում հարվածում է բնակչության խոցելի խմբերի (տարեցների և երեխաների) առողջությանը:

Բոժենա Կորնատովսկա. Շրջակա միջավայրի պահպանության ինստիտուտ – Պետական հետազոտական ինստիտուտը (IOŚ-PIB) չի անցկացրել մանրամասն հետազոտություններ կամ մոդելավորում՝ կապված հասուն ծառերը երիտասարդ տունկերով փոխարինելու հետևանքների հետ: Այլ կերպ ասած, մենք չունենք արդյունքներ, որոնք թույլ կտան որոշել այն ժամանակը, որն անհրաժեշտ է երիտասարդ ծառերին՝ քաղաքային պայմաններում իրենց կլիմայական ֆունկցիաները վերականգնելու համար:

Գիտական հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ լայնասաղարթ թագով հասուն ծառերը էական դեր են խաղում քաղաքային միկրոկլիմայի ձևավորման գործում, առաջին հերթին՝ մակերևույթի ստվերապատման և տրանսպիրացիայի արդյունքում շրջակա միջավայրի հովացման հաշվին: Դրանք երիտասարդ ծառերով փոխարինելը նշանակում է այդ օգուտների զգալի մասի կորուստ: Նոր տունկերից համադրելի հովացնող ազդեցություն ստանալը պահանջում է բազմաթիվ տարիներ, ընդ որում՝ դրա ձեռքբերումը կախված է նաև տնկվող ծառերի սաղարթների վերջնական չափերից:

Երիտասարդ ծառերի կողմից միկրոկլիմայական օգուտների ստացման արագությունը կախված է նախևառաջ տեսակից, աճի տեմպերից և սաղարթի չափսերից, ինչպես նաև աճման տեղային պայմաններից ու կլիմայից: Մոդելավորման հասանելի մեթոդները թույլ են տալիս գնահատել հովացնող ազդեցության փոփոխությունները ծառերի աճին զուգընթաց, և այսպիսով որոշել, թե որքան ժամանակ անց նոր տունկերը կարող են հասնել հասուն ծառերի կողմից ապահովվող օգուտների որոշակի մակարդակին: Սակայն դա պահանջում է համեմատվող ծառերի բնութագրերի և շրջակա միջավայրի տեղական պայմանների հաշվառում:

Բարձր ջերմաստիճանների հետևանքների մեղմացման գործում քաղաքային կանաչապատման նշանակությունը հաստատում են The Lancet ամսագրում հրապարակված հետազոտությունները: Եվրոպական 93 քաղաքներ ընդգրկող մոդելավորման հիման վրա հաշվարկվել է, որ ծառերի սաղարթներով ծածկույթի ավելացումը մինչև 30% կարող էր կանխել տարեկան մոտ 2644 վաղաժամ մահ՝ կապված քաղաքային ջերմային կղզիների ազդեցության հետ: Այս արդյունքները ցույց են տալիս ծառերի կարևորությունը բարձր ջերմաստիճանների հետ կապված առողջապահական ռիսկերի նվազեցման գործում, թեև դրանք ուղղակիորեն չեն վերաբերում Երևանի իրավիճակին:

Շրջակա միջավայրի եվրոպական գործակալությունը նույնպես ընդգծում է, որ քաղաքային կանաչապատումն օգնում է զսպել բարձր ջերմաստիճանները, կանաչ գոտիների հասանելիությունը հատուկ օգուտ է բերում խոցելի խմբերի, այդ թվում՝ երեխաների և տարեցների առողջությանը: Հետևաբար, ծառերի լայնասաղարթ թագերի կորուստը կարող է արդեն իսկ կարճաժամկետ հեռանկարում մեծացնել բնակիչների ջերմային սթրեսը, հատկապես շոգերի ժամանակ: Սակայն դա չի նշանակում, որ առանց տեղական վերլուծություններ անցկացնելու հնարավոր է որոշել կոնկրետ հատումների բժշկասոցիալական հետևանքների մասշտաբը:

Vectors.am. Այսօր Երևանում ծառերը հատվում են ճանապարհների վերակառուցման՝ երթևեկելի մասի ընդլայնման, ավտոկայանատեղիների ստեղծման կամ նոր հեծանվուղիների անցկացման համար: Իշխանությունները դա ներկայացնում են որպես արդիականացում և էկոլոգիական տրանսպորտի զարգացում: Արդյո՞ք ժամանակակից կլիմայագիտության տեսանկյունից արդարացված է տրանսպորտային զարկերակի երկայնքով բազմամյա ծառուղու հատումը՝ հանուն ճանապարհի կամ հեծանվուղու ընդլայնման: Թե՞ կանաչ ենթակառուցվածքի ոչնչացումից և ճանապարհի երկայնքով ջերմային կղզու ուժեղացումից հասցված վնասն ամբողջությամբ զրոյացնում է նման «արդիականացման» հիպոթետիկ օգուտը: Ի՞նչ է նման դեպքերում առաջարկում քաղաքաշինության համաշխարհային փորձը:

Միխալ Մարչինկովսկի. Ձեր նկարագրած գործընթացը ուղղակիորեն հակառակն է նրան, ինչ մենք փորձում ենք իրականացնել լեհական քաղաքներում: Կապտա-կանաչ ճարտարապետությունը հարմարվողական գործողությունների շատ կարևոր, ըստ էության՝ հիմնարար տարր է: Հատկապես կարևոր է դրա զարգացումը ծածկույթի ամենաբարձր խտացում և ամենախիտ կառուցապատում ունեցող տարածքներում: Նման տարածքներին միշտ պատկանում են քաղաքների կենտրոնները: Ուստի այդ հատվածներում ճանապարհները ոչ միայն չեն ընդլայնվում, այլ ընդհակառակը՝ ավելի ու ավելի հաճախ մենք ականատես ենք լինում հակառակ գործընթացին. ճանապարհները նեղացվում են, իսկ ավտոկայանատեղիների քանակը՝ սահմանափակվում: Դրանց տեղը զբաղեցնում են կապտա-կանաչ ճարտարապետության օբյեկտները:

Նման գործողությունները պետք է իրականացվեն հասարակական տրանսպորտի զարգացման գործընթացին զուգահեռ, որպեսզի իրականացվող փոփոխությունները չսահմանափակեն քաղաքի հասանելիությունը բնակիչների համար: Քաղաքների կենտրոններում պետք է շեշտը դնել հասարակական տրանսպորտի վրա: Այս գործողությունը ոչ միայն նվազեցնում է մասնավոր ավտոմեքենաների հետ կապված օդի աղտոտվածությունը, այլև թույլ է տալիս տեղադրել անհրաժեշտ հարմարվողական ներդրումները, այդ թվում՝ կապտա-կանաչ ճարտարապետությունը:

Հեծանվային ուղիների զարգացումը քաղաքի զարգացման շատ կարևոր տարր է: Սակայն էապես կարևոր է, որպեսզի դրանցից հնարավոր լինի օգտվել հարմարավետ եղանակով: Դա որոշող պայմաններից մեկը ջերմային հարմարավետությունն է: Հեծանվային ուղիները պետք է ստվերապատված լինեն ծառերով հնարավորինս երկար հատվածներում:

Ավելի վերջերս PAP-ին տված հարցազրույցում լանդշաֆտային ճարտարապետ Էվա Տվարոխը նշել էր, որ քաղաքային ջերմային կղզիների խնդրի լուծումներից մեկը կանաչապատման համակարգված մոտեցումն է: «Կասկած չկա, որ որքան շատ է կանաչապատումը շուրջբոլորը, այնքան ցածր է զգացվում ջերմաստիճանը: Ուստի ամենապարզ և միևնույն ժամանակ ծայրահեղ անհրաժեշտ լուծումը քաղաքի կանաչ կմախքի մասին հոգ տանելն է՝ առանց ծանրակշիռ պատճառների ծառերի հատումից հրաժարվելը, ինչպես նաև նոր տունկերի կանոնավոր տնկումը», — նշել էր նա:

Դեռևս 2024 թվականի դեկտեմբերին Nature ամսագրում հրապարակվել էին Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտության տվյալները: Նրանք մանրամասն ուսումնասիրել էին տրոպիկական, անապատային և բարեխառն կլիմա ունեցող քաղաքները: Պարզվել է, որ քաղաքային ծառերը կարող են նվազեցնել օդի ջերմաստիճանը հետիոտների մակարդակում ընդհուպ մինչև 12°C: Ուսումնասիրված քաղաքների 83%-ում ծառերի խիտ տնկումը թույլ է տվել իջեցնել ամենաբարձր միջին ամսական ջերմաստիճանները «ջերմային հարմարավետության շեմից» ցածր, որը կազմում է 26°C:

Եզրակացության փոխարեն. Երևանը թվերով

2025 թվականին Երևանում հատվել է գրեթե 1600 ծառ, մեկ տարվա ընթացքում քաղաքում ավտոմեքենաների քանակն ավելացել է 12 հազարով, իսկ վերջին 10 տարում շինարարական թույլտվությունների քանակը եռապատկվել է՝ 1430-ից հասնելով 4236-ի, գրում է Ecolur-ը:

Inziu.cc կլիմայական հարթակի կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը Երևանում տարեկան միջին ջերմաստիճանը կբարձրանա 1.1°C-ով, իսկ ծայրահեղ շոգ օրերի քանակը կավելանա 18 օրով: Եթե այս միտումը բաշխենք ըստ տարիների, ապա պաշտպանիչ կանաչ կմախքի (կարկասի) ոչնչացման պատճառով Հայաստանի մայրաքաղաքն արդեն մոտ ապագայում կսկսի տարեկան ավելացնել 1–2 լրացուցիչ հյուծիչ ամառային տապի օր:

IQAir միջազգային հարթակի տարեկան վիճակագրության համաձայն՝ հենց Երևանն է պաշտոնապես ճանաչվել Հայաստանի ամենաաղտոտված քաղաքը ողջ 2025 թվականի արդյունքներով՝ օդի որակի 84 միջին ինդեքսով, այնինչ երկրի մաքուր շրջանները (օրինակ՝ Գեղարդը) պահպանում են այս ցուցանիշը անվտանգ մակարդակի վրա:

Իրավիճակը չի բարելավվում նաև այսօր: Հենց հիմա, 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ, AirQuality.am մասնագիտացված ռեսուրսը արձանագրում է, որ Երևանի օդում վտանգավոր մանր փոշու մասնիկների տարեկան միջին մակարդակը կազմում է 30.2 մկգ/մ³, ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) խիստ նորմերը ուղիղ 6 անգամ: Անցած տարվա ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է 207 օր՝ աղտոտվածության օրական սահմանաչափի կրիտիկական գերազանցմամբ, թեև միջազգային բժշկական չափանիշները թույլատրում են տարեկան 4-ից ոչ ավելի նման օր: Միայն վերջին ամսվա ընթացքում երևանյան օդը շնչելուց բնակիչների առողջությանը հասցված վնասը համարժեք է 21.5 գլանակ ծխախոտ ծխելուն:

Մարինա Բրուտյան


👉 Տնտեսություն

Scroll to Top