ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման ու վավերացման համար նշեց 2031 թվականը, փաստորեն հերթական անգամ կապելով այն իր իշխանության շարունակականության հետ։ Թեև Վաշինգտոնում համաձայնագիրը նախաստորագրվել է, իսկ կողմերը հայտարարում են, որ խաղաղությունը հաստատված է, փաստաթղթի ստորագրման հեռանկարները մնում են մշուշոտ։ Ինչո՞ւ է խաղաղության պայմանագրի կնքումը դիտարկվում այսքան երկարաժամկետ հեռանկարում, և արդյոք դրա պատճառը չլուծված սկզբունքային հակասություններն են, թե՞ գործընթացի արագացմանը խոչընդոտող քաղաքական գործոնները։
Քաղաքագետ Դավիթ Պետրոսյանի գնահատմամբ՝ գլխավոր խնդիրը Ադրբեջանի՝ խաղաղության գործընթացն արագացնելու ցանկության բացակայությունն է։
Պետրոսյանի համոզմամբ՝ խաղաղության պայմանագրի արագ ստորագրումը ձեռնտու չէ նաև Ադրբեջանին։ Նա իր գնահատականը կապում է ռազմական հավասարակշռության և վերջին տարիներին Բաքվի արձանագրած արդյունքների հետ։
«Մինչև 2025 թվականի օգոստոսի 8-ը Ադրբեջանը համոզված էր, որ ռազմական ճանապարհով Հայաստանից կարող է ավելիին հասնել, քան բանակցությունների միջոցով»,– ասում է նա։
Քաղաքագետը հիշեցնում է, որ մինչ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացրեց՝ ամբողջությամբ իր վերահսկողության տակ վերցնելով տարածաշրջանը։ Բացի այդ, ադրբեջանական զորքերը առնվազն երեք անգամ ներթափանցել են Հայաստանի ինքնիշխան տարածք և գրավել ռազմավարական բարձունքներ։
Պետրոսյանի գնահատմամբ՝ օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները կանգնեցրին այդ առաջխաղացումը, սակայն Բաքուն կարող է դեռևս համոզված լինել, որ ռազմական ճնշմամբ հնարավոր է հասնել ավելիին, քան բանակցությունների սեղանի շուրջ։
Միաժամանակ նա չի բացառում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ձգձգումը ձեռնտու է նաև Հայաստանի իշխանություններին։
Նա հիշեցնում է, որ նախորդ ընտրություններից առաջ Փաշինյանը հայտարարել էր՝ սահմանադրական մեծամասնություն չստանալու դեպքում պատերազմ կլինի։ Պատերազմ, սակայն, չեղավ, թեև, քաղաքագետի համոզմամբ, այդ հայտարարությունն ազդել է ընտրողների մի մասի վարքագծի վրա, այդ իսկ պատճառով նույն հիմնավորումը կարող է կիրառվել նաև մյուս ընտրություններին։
Պետրոսյանի խոսքով՝ այստեղ իշխանությունների համար կա նաև մեկ այլ խնդիր․ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հասարակության պահանջները փոխվելու են։ Եթե մինչ այդ իշխանությունը կարողանում է խաղաղության և պատերազմի հարցը դարձնել քաղաքական օրակարգի կենտրոն, ապա պայմանագրի ստորագրումից հետո քաղաքացիներն ավելի մեծ ուշադրություն են դարձնելու բարեկեցությանը, տրանսպորտին և տնտեսական պայմաններին։
«Իշխանությունները գիտեն, որ այս հարցերը լուծելու հարցում իրենց մոտ այդքան էլ լավ չի ստացվում։ Եվ մենք կարող ենք հայտնվել մի իրավիճակում, երբ հենց «Քաղաքացիական պայմանագիրն» էլ շահագրգռված լինի, որ խաղաղության պայմանագիրը շուտ չստորագրվի»,– նշում է քաղաքագետը։

