ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գինը․ տնտեսական զեկո՞ւյց, թե՞ քաղաքական ուղերձ 

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալու տնտեսական հետևանքներին վերաբերող զեկույցը պետք է դիտարկել առաջին հերթին որպես քաղաքական փաստաթուղթ, որի միջոցով հայ հանրությանը ներկայացվում է քաղաքական ընտրության տնտեսական գինը։ Նման գնահատական է տալիս միջազգային առևտրի փորձագետ Կարեն Նազարյանը՝ ուշադրություն հրավիրելով զեկույցի մեթոդաբանական բացերի և  իրավական հիմնավորումների առանձնահատկությունների վրա։

Զեկույցում նշվում է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցումը կարող է միայն գազի դիմաց տարեկան 268,5 միլիոն դոլարի լրացուցիչ ծախս առաջացնել։ Հաշվարկը հիմնված է այն սցենարի վրա, ըստ որի՝ Ռուսաստանը կարող է գազի գինը ներկայիս 177,5 դոլարից հասցնել 300 դոլարի։ Միաժամանակ մատնանշվում են առևտրային սահմանափակումների հնարավոր հետևանքները հայկական արտահանման համար։

Սակայն, ըստ Նազարյանի, այս հաշվարկների հիմքում ընկած մեթոդաբանությունը ներկայացված չէ, իսկ գազի գնի բարձրացման հնարավորությունը քննարկվում է առանց բավարար իրավական հիմնավորման։

Ինչո՞ւ է ընտրվել հենց 300 դոլարի սցենարը

Նրա խոսքով՝ փաստաթուղթը հնարավոր չէ համարել տնտեսագիտական մոդելավորման և հստակ մեթոդաբանության վրա հիմնված հետազոտություն, քանի որ դրանում չի բացատրվում՝ ինչ մեթոդ է կիրառվել, ինչ մոդել է օգտագործվել, ինչ նախադրյալներ են հաշվի առնվել և ինչպես են ստացվել վերջնական արդյունքները։

Փորձագետը պարզաբանում է, որ տնտեսական հաշվարկների դեպքում վերջնական թվերը բավարար չեն․ անհրաժեշտ է հասկանալ դրանց ստացման սկզբունքը։ Եթե ներկայացվում է գազի թանկացման որոշակի սցենար, պետք է բացատրվի, թե ինչ պայմանների, հաշվարկների և ենթադրությունների հիման վրա է այն ընտրվել։

Փորձագետի կարծիքով՝ զեկույցի կարևոր թերություններից մեկն այն է, որ Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման և ռուսական գազի գնի հարցերը ներկայացվում են փոխկապակցված՝ առանց բավարար չափով տարբերակելու դրանց իրավական հիմքերը։

Նազարյանը հիշեցնում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գինը կարգավորվում է երկկողմ միջպետական համաձայնագրով։ Այդ համաձայնագիրը կապված չէ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կարգավիճակի հետ, հետևաբար գազի գնի փոփոխության հնարավորությունը պետք է քննարկել հենց այդ համաձայնագրի շրջանակում։

«Գազի համաձայնագիրը մեկ հարց է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը՝ մեկ այլ»,– ասում է նա։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում երկար ժամանակ քննարկվում է էներգետիկ միասնական շուկայի ստեղծումը, սակայն այդ շուկան դեռ չի ձևավորվել։ Հետևաբար Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի գնագոյացման հարցը չի կարելի ներկայացնել այնպես, կարծես այն արդեն կարգավորվում է ԵԱՏՄ միասնական էներգետիկ շուկայի կանոններով։

Գործող միջպետական համաձայնագիրն ունի երկու կողմ, և յուրաքանչյուր կողմի համար նախատեսված են համապատասխան պարտավորություններ։ Եթե կողմերից մեկը որոշի խախտել այդ պարտավորությունները, մյուս կողմը, ըստ Նազարյանի, կարող է օգտվել համաձայնագրով նախատեսված իրավունքներից։

Այս տրամաբանությամբ Հայաստանը, փորձագետի գնահատմամբ, ունի գործիքներ՝ արձագանքելու գազի գնի հնարավոր բարձրացմանը կամ քննարկելու համաձայնագրի դադարեցման հարցը։ Հետևաբար գազի գնի բարձրացումը որպես Հայաստանի համար անխուսափելի հետևանք ներկայացնելը հիմնավորման կարիք ունի։

Զեկույցում, Նազարյանի խոսքով, չի բացատրվում նաև, թե ինչ իրավական մեխանիզմով կարող է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցության կարգավիճակի փոփոխությունը հանգեցնել գազի գնի հենց այդպիսի բարձրացման։

Իրավական հիմքերը նույնպես հստակեցված չեն

Փորձագետի քննադատության երկրորդ կարևոր ուղղությունը վերաբերում է ԵԱՏՄ-ին անդամակցության կասեցման իրավական հնարավորությանը։

Նազարյանը նշում է, որ ԵԱՏՄ-ի հիմնադիր պայմանագրով անդամ պետությանը միությունից հեռացնելու կամ նրա անդամակցությունը կասեցնելու համապատասխան մեխանիզմներ նախատեսված չեն։ Մինչդեռ զեկույցում քննարկվում է Հայաստանի անդամակցության հնարավոր կասեցման սցենարը։  Նրա խոսքով՝ փաստաթղթում հղում է կատարվում Վիեննայի կոնվենցիային, սակայն չի նշվում կոնկրետ այն հոդվածը կամ դրույթը, որի հիման վրա կարող էր իրականացվել Հայաստանի անդամակցության կասեցումը։

Այսպիսով, ըստ փորձագետի, զեկույցում անպատասխան են մնում երկու սկզբունքային հարցեր՝ ինչ մեթոդաբանությամբ են ստացվել տնտեսական հաշվարկները և ինչ իրավական հիմքով է կառուցվել անդամակցության կասեցման սցենարը։ Առանց այդ հարցերի պարզաբանման՝ ներկայացված թվերն ու կանխատեսումները հնարավոր չէ լիարժեք գնահատել։ Նազարյանի համոզմամբ՝ հենց այս բացերն են պատճառը, որ փաստաթուղթը դժվար է դիտարկել որպես ամբողջական տնտեսագիտական հետազոտություն։

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները չեն սահմանափակվում Ռուսաստանի հետ հարաբերություններով

Նազարյանը զեկույցի մեկ այլ խնդրահարույց առանձնահատկություն է համարում Հայաստանի տնտեսական հնարավորությունների ներկայացման ձևը։ Նրա խոսքով՝ փաստաթղթից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Հայաստանը մեկուսացած երկիր է, որը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում զրկվելու է իր տնտեսական կապերից և հայտնվելու է ծայրահեղ ծանր իրավիճակում։

Սակայն փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսական հարաբերությունները պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում՝ հաշվի առնելով այլ երկրների հետ առևտուրը, գործող համաձայնագրերը և տնտեսական կապերի վերակազմավորման հնարավորությունները։

Նա առանձնացնում է ԱՊՀ ազատ առևտրի գոտու համաձայնագիրը, որը գործել է դեռևս մինչև ԵԱՏՄ-ի ստեղծումը։ Այդ համաձայնագրի շրջանակում Հայաստանը Ռուսաստանի հետ առևտրում օգտվել է մաքսատուրքերի վերացման կամ նվազեցման հնարավորություններից՝ որոշակի պայմանների և պահանջների պահպանմամբ։

Նազարյանի խոսքով՝ ԵԱՏՄ շրջանակում նույնպես սակագնային փոփոխությունները էական չեն եղել, սակայն տեղի են ունեցել ոչ սակագնային փոփոխություններ։ Հետևաբար միությունից հնարավոր դուրս գալու հետևանքները գնահատելիս անհրաժեշտ է պարզել, թե գործող առևտրային պայմանավորվածություններից որոնք կարող են պահպանվել, որոնք՝ փոխվել, և ինչ այլընտրանքային մեխանիզմներ կարող են կիրառվել։

«Պետք է հասկանալ՝ ԵԱՏՄ-ից դուրս գալն իրականում ի՞նչ է տալիս, և զեկույցում ներկայացված արդյունքներն իրատեսակա՞ն են, թե՞ ոչ։ Պետք է պարզ լինի, թե ինչ սցենարներ են հաշվի առնվել»,– ասում է նա։

Այս տեսանկյունից, ըստ փորձագետի, Հայաստանի տնտեսական հեռանկարները հնարավոր չէ գնահատել միայն այն ենթադրությամբ, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը ինքնաբերաբար հանգեցնելու է բոլոր տնտեսական կապերի խզման։

ԵԱՏՄ-ի հետ առևտրի աճը մեծապես պայմանավորված է Ռուսաստանի հետ հարաբերություններով

Նազարյանը կասկածի տակ է դնում նաև այն մոտեցումը, որով ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի աճը ներկայացվում է որպես միության անդամակցության տնտեսական արդյունավետության ընդհանուր ապացույց։

Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության գերակշիռ մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։ Փորձագետի ներկայացմամբ՝ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների առևտրի շուրջ 96–97 տոկոսը կապված է Ռուսաստանի հետ։

Այս հանգամանքը, նրա կարծիքով, կարևոր է հատկապես վերջին տարիների առևտրային ցուցանիշները գնահատելիս։ Զեկույցում, ինչպես նշում է նա, համեմատվում են 2023 և 2024 թվականների տվյալները, և արձանագրված աճը ներկայացվում է ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում։ Սակայն այդ թվերը պետք է դիտարկել՝ հաշվի առնելով ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով տեղի ունեցած տնտեսական փոփոխությունները։

Նազարյանը մատնանշում է վերաարտահանման աճը, ներմուծման և արտահանման ծավալների կտրուկ փոփոխությունները, ինչպես նաև ոսկու և ադամանդների ներմուծման ու արտահանման գործառնությունները։ Նրա խոսքով՝ այս գործոններն անհրաժեշտ է առանձնացնել և վերլուծել, որպեսզի հասկանալի դառնա, թե առևտրաշրջանառության աճի որ մասն է պայմանավորված սովորական տնտեսական կապերի զարգացմամբ, և որն է կապված վերջին տարիներին ձևավորված հատուկ առևտրային հոսքերի հետ։

«Երբ խոսում ենք Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի հետ առևտրի մասին, պետք է հասկանանք, որ հիմնականում խոսքը Ռուսաստանի հետ առևտրի մասին է։ ԵԱՏՄ-ն մեզ համար փաստացի դիտարկվում է Ռուսաստանի միջոցով»,– ասում է փորձագետը։

Այսպիսով, նրա կարծիքով, անհրաժեշտ է տարբերակել Ռուսաստանի հետ երկկողմ առևտրի դինամիկան և ԵԱՏՄ-ի՝ որպես բազմակողմ տնտեսական միավորման արդյունավետությունը։ Միայն ընդհանուր առևտրաշրջանառության աճի ցուցանիշը բավարար չէ՝ միության անդամակցության տնտեսական ազդեցության վերաբերյալ եզրակացություն անելու համար։

ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական կապերը համադրելի չեն Ռուսաստանի հետ առևտրի ծավալներին

Իր տեսակետը հիմնավորելու համար Նազարյանը հիշեցնում է իր՝ 2016 թվականին կատարած հետազոտություններից մեկը, որի շրջանակում ուսումնասիրել է Հայաստանի և Ղրղզստանի միջև առևտուրը։

Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ տնտեսական միավորման անդամ էին, սակայն ուսումնասիրության ժամանակ արձանագրված փոխադարձ առևտրի ծավալը չափազանց փոքր էր։ Փորձագետը հիշում է, որ իր ուսումնասիրության ընթացքում՝ մոտավորապես կես տարվա կտրվածքով, Հայաստանի և Ղրղզստանի միջև արձանագրված փոխադարձ առևտուրը կազմել էր ընդամենը 10 եվրո։

Այս օրինակը նա բերում է՝ ցույց տալու համար, որ տնտեսական միավորմանը անդամակցությունն ինքնին չի երաշխավորում անդամ պետությունների միջև առևտրի զգալի ծավալներ։

Նազարյանի գնահատմամբ՝ Հայաստանի տնտեսական կապերն ԵԱՏՄ մյուս երկրների հետ այնքան սահմանափակ են՝ Ռուսաստանի հետ առևտրի համեմատությամբ, որ դրանց հնարավոր կրճատումը կամ կորուստը Հայաստանի տնտեսության վրա էական բացասական ազդեցություն չի ունենա։ Նա չի բացառում որոշակի ազդեցություն, սակայն այն համարում է աննշան։

Այս դիտարկումը, ըստ փորձագետի, ևս մեկ պատճառ է՝ միության հետ Հայաստանի տնտեսական հարաբերությունները գնահատելու համար կիրառել ոչ թե ընդհանրացված ցուցանիշներ, այլ առանձին երկրների հետ առևտրի մանրամասն վերլուծություն։

👉 Քաղաքականություն

Scroll to Top