Կառավարության նախօրեի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հայաստանի վարչապետ Փաշինյանն արձագանքեց Ռուսաստանի նախագահ Պուտինի սեպտեմբերի մեկին ռուսաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում արած մի շատ էական հայտարարության, որ հնչեց Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումից հետո։
Հանդիպումը, ինչպես բոլորի հիշողության մեջ դեռ թարմ է, տեղի ունեցավ սեպտեմբերի մեկի ուշ երեկոյան Բիշքեկում՝ Շանհայի գործակցության կազմակերպության աշխատանքի ավարտին այդ շրջանակում։ Եվ այդ հանդիպումից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահը ռուսաստանցի լրագրողների համար տված ճեպազրույցում ամփոփեց Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովում իր երկու օրվա աշխատանքը, ներառյալ երկկողմ հանդիպումները և բնականաբար նաև հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ ահա այդ ամփոփման համատեքստում, պատասխանելով հարցերից մեկին, նա բարձրաձայնեց Հայաստանում ռուսական ռազմակայանի գոյության կամ դրա դուրս բերման հարցը՝ հայտարարելով, որ եթե Երևանը համարում է, որ կարող է առանց ռուսական ռազմակայանի, եթե համարում է, որ այն պետք է դուրս բերել, ապա Ռուսաստանը պատրաստ է դա անել հենց վաղվանից։
Այստեղ Պուտինի հայտարարությունը շատ էական է նրանով, որ հնչում է Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո։ Թեև այդ հանդիպման ընթացքում ակնարկ անգամ չի եղել ռուսական ռազմակայանի մասին։ Առհասարակ կարծես թե անվտանգության թեման, ռազմական բաղադրիչի հանգամանքը որևէ ներկայություն այդ հանդիպման առնվազն բացման այդ ողջույնի խոսքերում չուներ։ Հակառակը, ողջույնի բացման այդ խոսքը ներծծված էր արդեն ավանդական դարձած Եվրամիություն-ԵԱՏՄ այդ այսպես ասած բանավեճով։ Եվ ահա հանդիպումից հետո, պատասխանելով ռուսաստանցի լրագրողների հարցերին, Պուտինը հանկարծ ինքն է փաստացի առաջին անգամ բարձրաձայնում, որ եթե Երևանը դեմ է, ապա իրենք պատրաստ են վաղվանից կատարել Երևանի պահանջը կամ ցանկությունը և դուրս բերել ռազմակայանը։
Ես նախօրեին «Օրվա թեմա» թողարկմանը նշեցի, որ հենց այս հանգամանքը, այս բարձրաձայնումն եմ համարում ամենաէականը, որ Բիշքեկյան հանդիպման համատեքստում տեղի է ունեցել հայ-ռուսական թեմատիկայի առնչությամբ, որովհետև մնացյալ հարցերը, որոնք իհարկե նույնպես արդիական են և կարևոր, համենայն դեպս ըստ ազդարարման քննարկվելու են առաջիկայում Մոսկվայում։ Պուտինը հայտարարեց, որ Փաշինյանին հրավիրել է դետալային և հանգամանալից քննարկման՝ ընդհուպ մասնագիտական գիտական պատվիրակությունների մասնակցությամբ։ Հետևաբար, Բիշքեկում տեղի ունեցածը շատ ավելի խորքային աշխարհաքաղաքական համատեքստ ունեցող զրույց է եղել թերևս, և ահա սրանով է շատ հետաքրքիր, որ Պուտինը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հանկարծ ռուսաստանցի լրագրողների հետ ճեպազրույցում բարձրաձայնում է, որ պատրաստ են անգամ դուրս բերել ռազմակայանը։ Այն դեպքում, երբ Երևանը ոչ միայն դրան նախորդող երկկողմ հանդիպմանը, այլ նույնիսկ դրանից առաջ երբևէ չի բարձրաձայնել այդպիսի մտադրություն և հակառակը՝ պարբերաբար խոսել է, որ իր օրակարգում ռազմակայանի դուրս բերման հարց չկա։ Ահա այս համատեքստում կրկնեմ՝ չափազանց ուշագրավ էր, որ Պուտինը փաստացի առաջինն ինքն է բարձրաձայնում, որ պատրաստ են, եթե Երևանը դեմ լինի ռազմակայանի հետագա գոյությանը։
Եվ ահա այսօր Նիկոլ Փաշինյանն արձագանքում է դրան՝ նշելով, որ Երևանի համար ընդունելի է Ռուսաստանի ցանկացած որոշում. կուզեն՝ թող մնա, չեն ուզի՝ թող գնա։ Երևանը համարում է, որ ռազմակայանի ներկայությունը կամ առկայությունը կենսական չէ։ Այս հարցում, իհարկե, դժվար է չհամաձայնել Փաշինյանի հետ. ռազմակայանի առկայությունը Հայաստանի համար կենսական չէ, և բանն այստեղ ամենևին Ռուսաստանը կամ Ռուսաստանի դաշնակցային վստահելիությունը չէ։ Առհասարակ որևէ պետության համար չի կարող կենսական լինել կամ չպետք է կենսական լինի որևէ այլ պետության ռազմական ներկայություն ռազմակայանի տեսքով, որովհետև ցանկացած պետության ռազմակայան ունի մեկ նպատակ՝ սպասարկել տվյալ պետության շահերը, և Հայաստանը կամ որևէ այլ երկիր, որը իր տարածքում տեղավորում է որևէ այլ ռազմակայան, չի կարող երաշխավորել, որ տվյալ պետությունը միշտ պատրաստ է իր պատկերացրածի չափով, այսինքն ռազմակայանն այսպես ասած ընդունող երկրի պատկերացրածի չափով ապահովել անվտանգությունը։ Հետևաբար, ցանկացած ռազմակայան կարող է լինել անվտանգության ճարտարապետության էական դետալ, էական մաս, էական կառուցվածք, բայց չի կարող լինել կենսական, չպետք է լինի կենսական։ Եվ այս տեսանկյունից դժվար է չհամաձայնել Հայաստանի վարչապետի գնահատականի հետ։ Կրկնեմ, սա գրեթե աքսիոմատիկ ճշմարտության իմաստով է, որովհետև խոսքը դարձյալ, նշեմ, այլ պետության շահերը սպասարկող ինստիտուտի կամ մեխանիզմի մասին է, որի և տվյալ ռազմակայանն ընդունող պետության շահերի բացարձակությունը չի կարող երաշխավորվել երբեք։ Սա այդ մասով, ինչպես նշեցի, այսպես աքսիոմատիկ արձանագրման մասով։
Հիմա դառնանք Նիկոլ Փաշինյանի պատասխանի արձագանքի տրամաբանությանը։ Այստեղ կա, մեղմ ասած, տարօրինակ տրամաբանություն, որովհետև Հայաստանի վարչապետը հայտարարում է, թե կուզի Մոսկվան՝ թող հանի ռազմակայանը, չի ուզի՝ թող մնա։ Կարծես թե ռազմակայանը մի իր է, որը դրված է ցուցափեղկում կամ պահարանի որևէ տեսանելի մասում, և տան տերը ասում է, որ դե ինձ չի խանգարում, կուզի՝ թող մնա, չի ուզի՝ թող չմնա։ Ռուսական ռազմակայանը իր չէ, ռազմակայանը աշխարհաքաղաքական գործոն է։ Այն պայմանավորված է, դրա ներկայությունը պայմանավորված է աշխարհաքաղաքականությամբ, դրա ներկայությունը ձևավորում է աշխարհաքաղաքականություն, և դրա լինել-չլինելը գլոբալ հարց է, հարց է ոչ միայն ռեգիոնալ մասշտաբի, այլ գուցե նաև նվազագույնը Մեծ Մերձավոր Արևելյան ռեգիոնի մասշտաբի համատեքստում։ Եվ այս տեսանկյունից այդ ռազմակայանը Հայաստանի Հանրապետության՝ միջազգային իրավունքի սուբյեկտ պետության ինքնիշխան տարածքում է։
Հիմա ինքնիշխանության մասին բոլոր պատեհ ու անպատեհ առիթներով խոսող վարչապետ Փաշինյանը հանկարծ ռուսական ռազմակայանի հարցում հրաժարվում է արտահայտել ինքնիշխան դրսևորում՝ ասել օրինակ Հայաստանի պատկերացմամբ ռազմակայանը պետք է մնա և իրենք կաշխատեն Ռուսաստանի հետ, որպեսզի մնա, կամ ասել, որ դե Պուտինի ասածը իրենց բերել է մտորումի, որ իսկապես գուցե ռազմակայանը պետք է դուրս բերել։ Բայց Նիկոլ Փաշինյանը չի հայտնում դիրքորոշում Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ռուսական, կարևոր չէ՝ ռուսական, օտար ռազմակայանի վերաբերյալ։ Հայաստանի քաղաքական թիվ մեկ պաշտոնյան չի հայտնում դիրքորոշում, հրաժարվում է դիրքորոշումից՝ ասելով, որ պատրաստ են ընդունել ցանկացած որոշում, որ ռազմակայանի վերաբերյալ կընդունի Ռուսաստանի Դաշնությունը։ Կուզեն, որ մնա՝ թող մնա, չեն ուզի, որ մնա՝ թող գնա, Հայաստանը կընդունի երկու դեպքում էլ։ Սա բավականին տարօրինակ է, որովհետև կրկնեմ՝ խոսքը վերաբերում է ոչ թե ինչ-որ իրի ցուցափեղկում դրված լինել-չլինելուն, այլ միջազգային իրավունքի սուբյեկտ պետության ինքնիշխան տարածքում, այն էլ միջուկային տերության ռազմակայանին, որը աշխարհաքաղաքական գործոն է եղել և լինելու է, ընդ որում թե մնալով, թե անգամ չմնալու պարագայում։
Եվ ահա այստեղ, այս աշխարհաքաղաքականության շրջանակում Երևանը հրաժարվում է իր այսպես ասած ինքնիշխան իրավունքից և փաստացի արձանագրենք՝ Հայաստանի տարածքում աշխարհաքաղաքական որոշման իրավունքը տրամադրում է Ռուսաստանին, երբ ասում է՝ ինչպես Մոսկվան կորոշի, այդպես էլ Երևանը կընդունի և կքննարկի։ Եվ սա շատ հետաքրքիր հանգամանք է, որքան էլ զուտ ֆորմալ տեսանկյունից, իհարկե, հնչում է տարօրինակ, որովհետև կրկնեմ՝ ի վերջո խոսքը Հայաստանի տարածքում գտնվող աշխարհաքաղաքական գործոնի մասին է, և Հայաստանը այստեղ պետք է ունենա դիրքորոշում։ Բայց Հայաստանը վաղուց չունի աշխարհաքաղաքական դիրքորոշում։ Հայաստանը դիրքորոշում ունի թերևս միայն մեկ հարցում՝ հստակ ձևակերպված դիրքորոշում, որ պետք չէ որևէ հարցում հակաճառել կամ հակադրվել Ադրբեջանին։ Որևէ այլ հարցում Երևանը կարծես թե չունի դիրքորոշում և պարբերաբար արտահայտում է, որ պատրաստ է ընդամենը տրվել քամիներին, և որ ուղղությամբ կփչի ավելի ուժեղ և հաստատուն քամի, Երևանը պատրաստ է շարժվել հենց այդ ուղղությամբ էլ։
Սրա մասին է օրինակ այն, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ուրախ կլինի, եթե Երևանին ՀԱՊԿ-ից հեռացնելու որոշում կայացնեն ՀԱՊԿ անդամները։ Այսինքն Հայաստանը դիրքորոշում չունի իր հեռանալ կամ չհեռանալու հարցում և ասում է՝ շատ ուրախ կլինենք, որ մեզ ազատեն այդ դիլեմայից, և իրենք կայացնեն մեզ հեռացնելու որոշում։ Եվ հիմա նաև ռուսական ռազմակայանի պարագայում պաշտոնական Երևանը փաստացի Նիկոլ Փաշինյանի արձագանքով Ռուսաստանին տալիս է Հայաստանում, Հայաստանի ինքնիշխան տարածքում աշխարհաքաղաքական որոշում կայացնելու իրավունք։
Դե-ֆակտո իրական քաղաքական ռեժիմում մենք կարող ենք նաև հասկանալի համարել հենց այս հանգամանքը, որովհետև ռուսական ռազմակայանը թելադրված է եղել կամ պայմանավորված է եղել Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերով։ Եվ հիմա, երբ Ռուսաստանը հենց ինքն է առաջինը բարձրաձայնում ռազմակայանի չլինելու կամ այն հեռացնելու պատրաստակամության կամ հնարավորության մասին, դա արտացոլում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի փոփոխության կամ տրանսֆորմացիայի հանգամանքը կամ միջազգային անվտանգության համակարգի վերաբերյալ Ռուսաստանի պատկերացումների փոփոխության, Ռուսաստանի մոտեցումների փոփոխության հանգամանքը։ Նիկոլ Փաշինյանը թերևս զգում է այդ ամենը։ Եթե չասենք՝ գուցե տեղյակ է որոշակի մանրամասներից Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպումների արդյունքում։ Եվ Փաշինյանը մեծ հաշվով չի ուզում մտնել Ռուսաստանի և որևէ մեկի մատի ու մատանու արանքը՝ համարելով, որ Պուտինը բարձրաձայնել է ռազմակայանը դուրս բերելու պատրաստակամությունը ոչ թե Երևանի հետ հարաբերությունների համատեքստում, այլ Երևանի հետ հարաբերության առիթով, բայց այլ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ իր հարաբերության պայմանավորվածությունների կամ դիմակայությունների համատեքստում։ Այլ կերպ ասած՝ Պուտինը ռազմակայանի մասին բարձրաձայնել է այլ ականջների համար, քան Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի հասարակությունը։ Եվ ըստ այդմ հիմա Նիկոլ Փաշինյանը փաստացի ասում է, որ նրանք, ում համար բարձրաձայնել է Պուտինը, թող նրանք էլ ըստ էության դիրքորոշվեն այն մոտեցման կամ պատրաստակամության հարցում, որ արտահայտել է Ռուսաստանի նախագահը։
Ամենևին պատահական կամ զուտ ժամանակագրական համընկնում չէ, որ Պուտինը այս հարցը, այս մոտեցումը կամ պատրաստակամությունը առաջին անգամ բարձրաձայնում է Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովի ավարտին, որովհետև Շանհայի գործակցության կազմակերպության գագաթնաժողովը ըստ էության արտահայտում էր այն տրանսֆորմացիոն փուլը, որում գտնվում է ամբողջ եվրասիական համակարգը։ Եվ այստեղ առաջին հերթին, իհարկե, տրանսֆորմացիայի ենթարկվում է նաև եվրասիական միջավայրի, եվրասիական մեծ ռեգիոնի անվտանգության համակարգը։ Այս տեսանկյունից փոխվում է նաև Կովկասի ընկալումը ռուսական քաղաքականության համատեքստում։ Փոխվում են Կովկասի վերաբերյալ մոտեցումները, և դրա արտահայտման մի առանցքային դրսևորում էլ Իրանի հետ Ռուսաստանի կնքած ռազմավարական մեծ համապարփակ պայմանագիրն է, որ ստորագրվեց 2025 թվականի հունվարի 17-ին։ Նույն թվականին էլ պայմանագիրը վավերացվեց և ըստ էության մտել է ուժի մեջ։ Կովկասը Ռուսաստանը ըստ էության ներառում է Իրանի հետ գլոբալ հարաբերության վերակառուցման այդ համատեքստում։ Այլ կերպ ասած՝ Կովկասը արդեն մի ռեգիոն է, որը գտնվում է ռուս-իրանական այդ մեծ պայմանագրի ծածկի տակ։
Իհարկե, ինքնին հարց է, թե ինչպես կզարգանա ռուս-իրանական պայմանագիրը և հարաբերությունը առհասարակ՝ հաշվի առնելով ոչ միայն Ռուսաստանի անմիջական հարևանության գտնվող իրողությունները, այդ թվում ուկրաինական պատերազմը, այլ նաև Իրանի շուրջ բավականին լարված և բարդ իրավիճակը՝ ներառյալ Մերձավոր Արևելյան և ծոցի ռեգիոնը, բայց խոշոր հաշվով Ռուսաստանը թերևս արդեն ծանրության կենտրոնը տեղափոխել է հենց դեպի Իրան և դրա վրա է կառուցելու արդեն մերձակա ռեգիոններում իր անվտանգային քաղաքականությունը և դրա հիման վրա է պատկերացնում անվտանգության ճարտարապետությունը՝ այդ թվում Կովկասի։ Եվ այստեղ է թերևս նաև պատճառներից մեկը, որ Ռուսաստանը արձանագրում է, որ Հայաստանում իր ռազմակայանի նշանակությունը ռուսական աշխարհաքաղաքականության համար զգալիորեն նվազել է՝ ընդհուպ այն աստիճան, որ Մոսկվան պատրաստ է այդ հարցը դարձնել թերևս միջազգային, եթե չասեմ սակարկության, ապա քննարկումների և պայմանավորվածությունների թեմա։ Նիկոլ Փաշինյանը փաստացի այսօր ազդարարում է Երևանում, որ ինքը մտադիր չէ խառնվել այդ թեմային և կընդունի դրա վերաբերյալ Ռուսաստանի ցանկացած պայմանավորվածություն։ Հարցը տվյալ պարագայում այն է, թե ում հետ և ինչպես կպայմանավորվի Ռուսաստանը այս հարցում և հետևաբար ինչպես կիրացնի այն աշխարհաքաղաքական իրավունքը, որ դեֆակտո տալիս է Նիկոլ Փաշինյանը իր այսօրվա հայտարարությամբ։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

