Իրանը չի վստահում TRIPP-ի երաշխիքներին․ ի՞նչ կարող է փոխվել, եթե ճանապարհը օգտագործվի Թեհրանի դեմ

Իրանը շարունակում է լուրջ մտահոգություններ ունենալ Հայաստանի տարածքով նախատեսվող TRIPP ճանապարհի վերաբերյալ։ Թեհրանի համար խնդիրը միայն այն չէ, թե արդյոք նախագիծը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության կամ ինքնիշխանության որևէ սահմանափակում։ Իրանի հիմնական հարցն այն է, թե ով է վերահսկելու ճանապարհը, ինչ դեր կունենան երրորդ երկրներն ու կազմակերպությունները, և արդյոք այն հետագայում կարող է օգտագործվել Իրանի դեմ, նման կարծիքի է իրանցի քաղաքագետ Փույա Հոսեյնին։

Նրա գնահատմամբ՝ սկզբնական փուլում Իրանը հայտարարում էր, որ իր «կարմիր գիծը» Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունն են։ Երբ TRIPP-ի շրջանակում հայտարարվեց, որ Հայաստանը չի կորցնելու որևէ տարածք և պահպանելու է իր ինքնիշխանությունը ճանապարհի նկատմամբ, Թեհրանը որոշակիորեն մեղմեց իր դիրքորոշումը։ Սակայն նախագծի վերաբերյալ նոր մանրամասների ի հայտ գալուն զուգահեռ Իրանի մտահոգությունները կրկին խորացել են։ Խնդիրներից մեկը, ըստ Հոսեյնիի, այն է, թե ինչ մասնաբաժին է ունենալու Միացյալ Նահանգների կողմը նախագծում և որքան վերահսկողություն է մնալու Հայաստանին։ Հարցեր են առաջանում նաև ճանապարհի անվտանգության ապահովման և այն մասին, թե արդյոք այդ գործառույթը կարող է փոխանցվել միջազգային կամ երրորդ կողմի որևէ կազմակերպության։ Իրանի համար լրացուցիչ հարցեր են առաջացրել նաև նախագծի հետ կապված ներդրումային կառույցների և դրանց ներկայացուցիչների վերաբերյալ տեղեկությունները։ Այս ամենի արդյունքում, ըստ իրանցի քաղաքագետի, Թեհրանը դեռևս չի ստացել իրեն հետաքրքրող բոլոր հարցերի հստակ պատասխանները։

Հայաստանի իշխանությունները բազմիցս փորձել են վստահեցնել Իրանին, որ TRIPP նախագիծը ուղղված չէ Իրանի դեմ։ Սակայն Թեհրանը, Հոսեյնիի խոսքով, չի ցանկանում հիմնվել միայն հայտարարությունների վրա և սպասում է համաձայնագրերի ու նախագծի իրական մեխանիզմների ամբողջական պարզաբանմանը։ Իրանի համար հատկապես զգայուն է Միացյալ Նահանգների մասնակցության հարցը։  Թեհրանը Վաշինգտոնի նկատմամբ վստահության լուրջ խնդիր ունի՝ հաշվի առնելով երկու երկրների միջև նախկին պայմանավորվածությունների շուրջ ունեցած փորձը։ Հետևաբար Իրանում հարց է առաջանում՝ եթե Միացյալ Նահանգների և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները նախկինում խախտվել են, ինչ երաշխիք կա, որ ամերիկյան կողմը Հայաստանի տարածքով անցնող նախագծի շրջանակում իր դերակատարությունը չի օգտագործի Իրանի դեմ։

Այս անվստահությունը հատկապես կարևոր է ներկայիս տարածաշրջանային իրավիճակի պայմաններում։ «Իրանի հարևան մի շարք երկրներում Միացյալ Նահանգներն ունեն ռազմական բազաներ։ Մինչև վերջին պատերազմը այդ երկրների կողմից բազմիցս հավաստիացումներ էին հնչում, որ իրենց տարածքում գտնվող ամերիկյան ռազմական ենթակառուցվածքները չեն օգտագործվելու Իրանի դեմ։ Սակայն պատերազմի ընթացքում իրավիճակը փոխվեց, և Իրանը բախվեց այն փաստին, որ հարձակումներ իրականացվեցին նաև տարածաշրջանի երկրներում տեղակայված ամերիկյան ռազմական ենթակառուցվածքներից», — նշեց փորձագետը։  Դրանից հետո, շարունակեց նա, Թեհրանի համար տարածաշրջանում ցանկացած ամերիկյան ներկայություն, հատկապես իր սահմանների անմիջական հարևանությամբ, դարձել է անվտանգության լրացուցիչ ռիսկ։

Այս համատեքստում առաջանում է նաև TRIPP-ի հետ կապված ամենավտանգավոր սցենարը։Եթե ճանապարհը գործարկվելուց հետո Իրանը այնտեղ տեսնի ամերիկյան ներկայություն և համոզվի, որ այդ ենթակառուցվածքը կարող է օգտագործվել իր դեմ, ապա իրավիճակը կարող է կտրուկ սրվել։«Եթե TRIPP-ը օգտագործվեց Իրանի դեմ, Իրանի շրջափակման համար, Իրանի ժողովրդի համար տնտեսական ճգնաժամ ստեղծելու և ազգային անվտանգության խնդիր առաջացնելու համար, ապա այդ գործողությունները կդիտարկվեն որպես թշնամական գործողություններ, որպես Իրանի դեմ պատերազմ հայտարարելու ձև»,– նշում է իրանցի քաղաքագետը։ Այս դեպքում, նրա գնահատմամբ, Իրանը կարող է պատասխանել նաև ռազմական ճանապարհով՝ թիրախավորելով այն ենթակառուցվածքները, որոնք կդիտարկի որպես իր դեմ ուղղված գործողությունների մաս։


👉 Տարածաշրջան — Vectors.am

Scroll to Top