Աշխարհաքաղաքականություն առանց ընտրության․ Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ում

Սխալ հաշվարկ, թե՞ մտածված ռազմավարություն․ ի՞նչ է դրված ՌԴ-ի գործողությունների հիմքում 

Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումներն առայժմ չեն ունեցել այնպիսի ազդեցություն, որը կզգար Հայաստանի բնակչության մեծամասնությունը։ Փոխարենը դրանք կարող են նպաստել հակառուսական տրամադրությունների հետագա աճին։ Այս մասին նշել է քաղաքագետ Բենյամին Պողոսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր տնտեսական ճնշումների տրամաբանությանն ու դրանց ազդեցությանը Հայաստանում «ԵՄ, թ՞ե ԵԱՏՄ» դիսկուրսի վրա։
«Սառնարանի վրա» հարված դեռ չկա

Պողոսյանի գնահատմամբ՝ Ռուսաստանը մինչ այժմ չի կիրառել այնպիսի ծանր տնտեսական միջոցներ, որոնք կարող էին էական հարված հասցնել Հայաստանի ամբողջ տնտեսությանը։ «Առայժմ Ռուսաստանը չի օգտագործել ծանր հրետանին՝ պատժամիջոցները, սանկցիաները կամ սահմանափակումները»,– նշել է քաղաքագետը։

Նրա խոսքով՝ մինչ այժմ կիրառված միջոցներն առավելապես անդրադարձել են գյուղմթերքի արտադրողների վրա։ Միևնույն ժամանակ, Հայաստանի բնակչության մեծ մասը, հատկապես Երևանում և խոշոր քաղաքներում, դրանց ուղղակի հետևանքները գրեթե չի զգում։ Ավելին՝ որոշ դեպքերում քաղաքացիները նույնիսկ կարող են անուղղակիորեն շահել ստեղծված իրավիճակից՝ գյուղմթերք և ծաղիկներ ձեռք բերելով համեմատաբար մատչելի գներով։

Քաղաքագետի կարծիքով՝ եթե Ռուսաստանի նպատակը Հայաստանի բնակչության մեծամասնությանը տնտեսական ճնշումը սեփական գրպանի կամ «սառնարանի» վրա զգացնելն է, ապա Մոսկվան պետք է շատ ավելի կոշտ քայլերի դիմեր։ Պողոսյանը որպես նման հնարավոր քայլեր նշում է Հայաստանի հետ ուղիղ ավիաչվերթների դադարեցումը, Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների սահմանափակումը և գազի գնի կտրուկ բարձրացումը։ Նրա գնահատմամբ՝ միայն նման միջոցները կարող են արդեն շոշափելի ազդեցություն ունենալ բնակչության լայն շրջանակների վրա։

«Ծարն հրետանու» հետևանքները

Պողոսյանի խոսքով՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի հետ ուղիղ ավիաչվերթների արգելքը կարող է մոտ 30 տոկոսով նվազեցնել զբոսաշրջիկների թիվը։ Դա, նրա գնահատմամբ, ծանր հարված կլինի Հայաստանի հյուրընկալության ոլորտին, հատկապես՝ Երևանում գործող հյուրանոցներին, հյուրատներին, սրճարաններին, ռեստորաններին և զբոսաշրջության հետ կապված այլ բիզնեսներին։ «Դա արդեն ծանր հարված է այն հազարավոր մարդկանց, ովքեր ընդգրկված էին հյուրընկալության ոլորտում»,– նշել է քաղաքագետը։

Մեկ այլ հնարավոր ծանր քայլ Պողոսյանը համարում է Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների սահմանափակումը։ Նա հիշեցրել է, որ նախորդ տարի, իր հիշատակած տվյալներով, Ռուսաստանից Հայաստան փոխանցվել է մոտ 3,9 միլիարդ դոլար։

Եթե այդ հոսքը կտրուկ նվազի, ապա, ըստ քաղաքագետի, Հայաստանում կարող է նվազել արտարժույթի առաջարկը, ինչը կարող է հանգեցնել դրամի կտրուկ արժեզրկման։ Դրա հետևանքով ներմուծվող ապրանքների գներն էլ ավելի կբարձրանան։

Պողոսյանի գնահատմամբ՝ բնակչության վրա ամենաուժեղ ազդեցությունները կարող է ունենալ գազի մատակարարման դադարեցումը կամ դրա գնի կտրուկ բարձրացումը։ «Գազի գինը կամ ընդհանրապես դադարեցնել գազի մատակարարումը, կամ, օրինակ, գինը բարձրացնել երկու-երեք անգամ, դա արդեն կհարվածի բոլորին»,– ասել է նա։

Այս դեպքում տնտեսական հետևանքները, ի տարբերություն գյուղարտադրողների վրա ազդող ներկայիս սահմանափակումների, կարող են տարածվել հասարակության գրեթե բոլոր շերտերի վրա։

Տնտեսական սահմանափակումները կարող են հակառակ արդյունք տալ

Միևնույն ժամանակ, Պողոսյանի գնահատմամբ, մինչ այժմ կիրառված միջոցները ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հետևանք են ունենում՝ նպաստելով հակառուսական տրամադրությունների աճին։

Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքացիների մի մասը կարող է Ռուսաստանի գործողությունները դիտարկել արդեն իսկ առկա դժգոհությունների համատեքստում՝ հիշելով Արցախի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը, 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և Հայաստանի նկատմամբ Մոսկվայի քաղաքականությունը։ Այս ֆոնին գյուղարտադրողների նկատմամբ սահմանափակումներն ընկալվում են որպես նոր հարված Հայաստանի տնտեսությանը։

Պողոսյանը նաև անդրադարձել է Հայաստանի հասարակության շրջանում Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը։Նա հիշեցրել է, որ 2026 թվականի մայիսին Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած տվյալների համաձայն՝ Ռուսաստանը Հայաստանի բնակչության մի զգալի հատվածի կողմից ընկալվում է որպես սպառնալիք և այդ ցուցանիշով երրորդ տեղում է՝ Ադրբեջանից և Թուրքիայից հետո։ Քաղաքագետի կարծիքով՝ Ռուսաստանի կողմից նոր տնտեսական սահմանափակումների կիրառումը կարող է ավելի խորացնել այդ վերաբերմունքը։

«ԵՄ-ի փոխարեն ԵԱՏՄ» սցենարը կարող է չաշխատել

Պողոսյանի կարծիքով՝ եթե Ռուսաստանի հաշվարկն այն է, որ տնտեսական ճնշումների միջոցով Հայաստանի քաղաքացիներին պետք է ստիպել վերանայել իրենց դիրքորոշումը ԵՄ-ին անդամակցության գործընթացի վերաբերյալ և նախընտրել ԵԱՏՄ-ն, ապա ներկայիս քայլերը այդ նպատակին չեն համապատասխանում։

Նրա տրամաբանությամբ՝ նման սցենարի դեպքում տնտեսական սահմանափակումները պետք է լինեին շատ ավելի կոշտ, իսկ դրանց հետևանքները պետք է քաղաքացիները զգային բավական երկար ժամանակ։

Օրինակ՝ եթե նույնիսկ 2026 թվականի սեպտեմբերին կիրառվեին ամենածանր տնտեսական սահմանափակումները, իսկ հանրաքվեն անցկացվեր նոյեմբերի կեսերին, երկու ամիսը բավարար չէր լինի, որպեսզի դրանց հետևանքները զգալի դառնային բնակչության մեծամասնության համար։

«Երկու ամիսը բավարար չէ, որպեսզի բնակչության մեծամասնությունը զգա, որ ինքը ֆինանսապես, իր ընտանիքը ծանր հարված է ստացել և հնարավոր է շատ ծանր վիճակում հայտնվի»,– նշել է Պողոսյանը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ կարճ ժամանակահատվածում կոշտ տնտեսական սահմանափակումների կիրառումը կարող է ոչ թե մեծացնել Ռուսաստանի օգտին քվեարկելու հավանականությունը, այլ հակառակ արդյունքն ունենալ։

Եթե քաղաքացիները տնտեսական ճնշումը կապեն Ռուսաստանի հետ, ապա կարող են ավելի ուժեղանալ հակառուսական տրամադրությունները։ Իսկ դա, ըստ Պողոսյանի, կարող է մեծացնել նաև ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկին կողմ քվեարկելու հավանականությունը։

«Հետևաբար, այս սցենարը կաշխատեր, եթե Ռուսաստանը մի փոքր այլ քայլեր աներ։ Իսկ եթե իրոք Ռուսաստանը ցանկանում է աշխատացնել այս սցենարը, ապա, իմ պատկերացմամբ, դրանք այնքան էլ ճիշտ քայլեր չեն անում»,– եզրափակել է քաղաքագետը։

Scroll to Top