Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը արդեն գծված է

Ալմաթիի հռչակագիրը, խաղաղության գործընթացի հիմք ընդունելով, Հայաստանն ու Ադրբեջանը սահմանազատում իրականացնելու անհրաժեշտություն այլևս չեն ունեցել, սահմանն արդեն գծված է։ Այս մասին հայտարարել է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Նրա ներկայացմամբ՝ Ալմաթիի հռչակագրում ամրագրված է, որ նախկին խորհրդային հանրապետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ԽՍՀՄ նախկին վարչական սահմանները՝ որպես միջպետական սահմաններ։

«Եթե մենք խոսում ենք Ադրբեջանի ու Հայաստանի մասին, ապա պետք է արձանագրենք, որ որպես սահմանազատման արդյունքում ճանաչված սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է ընդունվեր այն վարչական սահմանը, որը գոյություն է ունեցել 1991 թվականի դեկտեմբերի 21-ի դրությամբ»,- նշել է նա։

1984-1988 թվականներին սահմանն արդեն նկարագրվել էր

Հարությունյանը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ վարչական սահմանն արդյունք է խորհրդային տարիներին դրա ճշտման ուղղությամբ իրականացված կոնկրետ աշխատանքների։ 

Նրա խոսքով՝ 1984-1988 թվականներին ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների հանձնարարությամբ ձևավորվել էր հայ-ադրբեջանական միջհանրապետական հանձնաժողով, որը պետք է ճշտեր երկու հանրապետությունների վարչական սահմանը։

Հայկական հանձնաժողովը ղեկավարել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը։ Հարությունյանի ներկայացմամբ՝ շուրջ չորս տարվա աշխատանքի ընթացքում երկու հանրապետությունների հանձնաժողովները միասին սահմանանշել են 938 կիլոմետր վարչական սահման։

Այդ աշխատանքների արդյունքում կազմվել է 198 արձանագրություն, որոնցում սահմանի առանձին հատվածները մանրամասն նկարագրվել են ինչպես տեքստային, այնպես էլ տեղագրական ֆորմատով

1988 թվականին այդ փաստաթղթերի հիման վրա կազմվել է աշխատանքներն ամփոփող վերջնական արձանագրություն, որը, ըստ Հարությունյանի, հաստատվել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի խորհրդային կառավարությունների կողմից։

«Այսինքն՝ արդեն 1988 թվականի վերջում մենք ունեցել ենք երկու հանրապետությունները բաժանող վարչական սահմանի կոնկրետ նկարագրություն»,- ասել է նախկին վարչապետը։

«Սահմանային սյուներն էլ էին տեղադրված»

Հարությունյանը կարևորում է նաև այն հանգամանքը, որ սահմանը ոչ միայն փաստաթղթերով էր նկարագրված, այլև տեղում համապատասխան նշումներ էին կատարվել։ «Ոչ միայն եղել են նկարագրությունները, այլև այդ ամբողջ սահմանի երկայնքով՝ վարչական սահմանի երկայնքով, տեղադրվել են սահմանային սյուներ»,- նշել է նա։

Ըստ նրա՝ սա նշանակում է, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսելու պահին արդեն առկա էին նախկին խորհրդային վարչական սահմանի վերաբերյալ և՛ փաստաթղթեր, և՛ տեղում կատարված համապատասխան աշխատանքներ։

Հարությունյանի կարծիքով՝ եթե Հայաստանը որպես հիմք ընդունում է Ալմաթիի հռչակագիրը, ապա տրամաբանական կլիներ պարզապես հղում կատարել արդեն իսկ գոյություն ունեցող փաստաթղթերին և դրանց հիման վրա ճանաչել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը։

Տիգրանաշենի հարցը՝ որպես անվտանգության խնդիր

Հարությունյանը սահմանազատման համատեքստում առանձնացնում է Տիգրանաշենի և այսպես կոչված «անկլավների» հարցը՝ այն դիտարկելով ոչ միայն տարածքային, այլև Հայաստանի անվտանգության և հաղորդակցության խնդիր։

Նրա խոսքով՝ եթե Տիգրանաշենը փոխանցվի Ադրբեջանի վերահսկողությանը, ապա այդ տարածքում կարող է ստեղծվել ադրբեջանական ռազմական հենակետ։

Նա ընդգծում է, որ Հայաստանի հարավային ուղղությամբ անցնող միջպետական ճանապարհը կապված է հենց այդ հատվածի հետ։ Հարությունյանը հիշեցնում է նաև Շուռնուխի հատվածում անցակետի տեղադրման փորձը՝ հարցնելով, թե ինչն է բացառելու նման իրավիճակը Տիգրանաշենում։

Նրա գնահատմամբ՝ այդ դեպքում դեպի հարավ տանող ճանապարհը կարող է հայտնվել Ադրբեջանի ուղղակի, այդ թվում՝ ռազմական վերահսկողության ներքո։

Հարությունյանը նշում է, որ Տիգրանաշենի և Ջերմուկի ուղղություններից հնարավոր կրակահերթերի դեպքում դեպի հարավ երթևեկությունը կարող է ընդհանրապես դադարել։

Նրա համոզմամբ՝ նման զարգացումը կարող է հանգեցնել Սյունիքի և Վայոց ձորի բնակավայրերի աստիճանական հայաթափման։

ԵԱՀԿ փաստաթուղթը՝ որպես հնարավոր լուծման հիմք

Նախկին վարչապետը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերը հնարավոր է կարգավորել նաև միջազգային փաստաթղթերի հիման վրա։

Նա հիշատակում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության՝ ԵԱՀԿ-ի, 2017 թվականի դեկտեմբերին ընդունած փաստաթուղթը, որը վերաբերում է պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հրատապ հարցերին ու դրանց լուծումներին։

Հարությունյանի ներկայացմամբ՝ այդ փաստաթուղթը մշակվել է հատկապես հետխորհրդային պետությունների միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացների համար։ Նա նշում է, որ դրա հիման վրա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ իրականացրել են նաև մի շարք հետխորհրդային երկրներ։

Նրա խոսքով՝ փաստաթղթի կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ սահմանազատումն ու սահմանագծումը չպետք է իրականացվեն ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում։

«Այս պայմաններում սահմանազատում չի կարելի անել»

Հարությունյանը այս դրույթը կապում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայիս սահմանային իրավիճակի հետ։

«Եթե Ջերմուկի վերևում, անմիջապես մեր միջպետական սահմանից հաշված մետրերի վրա, գտնվում են ադրբեջանական ռազմական ուժերը, դա սպառնալիք չէ՞։ Իհարկե սպառնալիք է»,- ասել է նա։

Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայությունը Հայաստանի սահմանամերձ հատվածներում նշանակում է, որ Հայաստանը սահմանազատման գործընթացում չի կարող լիովին ազատ որոշումներ ընդունել։

«Այդ պայմաններում սահմանազատում, սահմանագծում չի կարելի անել, որովհետև դուք ձեր ընդունած որոշումներով չեք կարող լինել անկաշկանդ։ Դուք միշտ կաշկանդված կլինեք հնարավոր թշնամու կամ հակառակորդի սպառնալիքով»,- նշել է նախկին վարչապետը։

Հարությունյանի խոսքով՝ այս մոտեցումը միայն իր տեսակետը չէ, այն ամրագրված է ԵԱՀԿ համապատասխան փաստաթղթում։

Ապագա սահմանը չպետք է դառնա ռազմական բախումների աղբյուր

Նախկին վարչապետը ուշադրություն է հրավիրում ԵԱՀԿ փաստաթղթի մեկ այլ սկզբունքի վրա՝ սահմանազատման արդյունքում ձևավորվող սահմանը չպետք է դառնա լարվածության կամ ռազմական բախումների աղբյուր։

Այս դրույթը նա անմիջականորեն կապում է Տիգրանաշենի հնարավոր փոխանցման հետ։

«Ապագա սահմանը, այսինքն՝ սահմանազատման արդյունքում ապագա սահմանը, չի կարող դառնալ լարվածության կամ ռազմական բախումների աղբյուր»,- ներկայացնում է Հարությունյանը փաստաթղթի սկզբունքը։

Նրա կարծիքով՝ Տիգրանաշենի դեպքում հենց նման ռիսկ կարող է առաջանալ, քանի որ տարածքի կարգավիճակը կարող է անմիջականորեն ազդել Հայաստանի հարավային ճանապարհների և անվտանգության վրա։

«Արծվաշենը, թե՞ հարավի անվտանգությունը»

Հարությունյանը խնդիրը ներկայացնում է որպես քաղաքական ընտրություն՝ առանձնացնելով Արծվաշենի և Հայաստանի հարավային հատվածների անվտանգության հարցերը։

«Մենք կանգնած ենք ընտրության առջև՝ Արծվաշեն, թե՞ իմ հարավային ամբողջ հատվածի անվտանգություն։ Ես նախապատվությունը կտամ հարավի՝ Վայոց ձորի, Սյունիքի անվտանգությանը»,- հայտարարել է նա։

Նրա համոզմամբ՝ եթե Արծվաշենի հարցի լուծման շրջանակում Ադրբեջանին փոխանցվող տարածքի դիմաց վտանգի տակ է դրվում Հայաստանի հարավային հատվածի անվտանգությունը, ապա նման մոտեցումը չի կարող բխել Հայաստանի շահերից։

«Եթե դուք Արծվաշենի անվան տակ սա եք տալիս՝ Արծվաշենի 4000-ից քանի հեկտար տարածքի համար ամբողջ այս հարավային հատվածն եք դնում սպառնալիքի տակ»,- եզրափակել է նախկին վարչապետը։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top