Փաշինյան–Պուտին հակամարտության լուծման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է

Փաշինյան–Պուտին հակամարտության լուծման վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարությունների միջև առկա հակասությունները մոտենում են վճռորոշ փուլին, իսկ գործընթացի հիմնական վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է։ Նման կարծիքի է աղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։ 

Բադալյանը նշում է, որ մայիսի 30-ին Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդունված որոշմամբ Հայաստանին վեցամսյա ժամկետ է տրվել՝ մինչև նոյեմբերի 30-ը կողմնորոշվելու և իր դիրքորոշումը հստակեցնելու համար։

Նրա խոսքով՝ այդ համատեքստում կարևոր է նաև Մոսկվայում նախատեսվող հանդիպումը, որի ընթացքում վերջակետ է դրվելու երկու ղեկավարների միջև եղած կորֆլինտը, և Մոսկվան պահանջելու է հայկական կողմի «կապիտուլյացիա»։

Գյումրիի ռազմաբազայի հարցը՝ որպես ազդանշան Երևանին

Բադալյանի համոզմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Գյումրիի 102-րդ ռազմաբազայի թեման հրապարակայնորեն բարձրացնելը պատահական չէր։

Նա նշում է, որ Ռուսաստանի համար Հայաստանում գործող տնտեսական ակտիվները, այդ թվում՝ «Գազպրոմ Արմենիա»-ն, երկաթուղային կոնցեսիան կամ բանկային ոլորտում առկա ակտիվները, կարևոր են, սակայն դրանցից ոչ մեկը Մոսկվայի համար չունի այն նշանակությունը, որն ունի Գյումրիի ռազմաբազան, քանի որ այն վկայում է, որ Ռուսաստանն իր ազդեցությունը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Հայաստանում, պահպանվում է։

Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ ռազմաբազայի ռազմական նշանակությունը չպետք է գերագնահատել։ Նրա գնահատմամբ՝ այն ավելի շատ խորհրդանշական և քաղաքական նշանակություն ունի, քանի որ Ռուսաստանի տարածքի հետ անմիջական ցամաքային կապ չունի և տարածաշրջանային հաղորդակցությունների սահմանափակման դեպքում կարող է հայտնվել բարդ իրավիճակում։

Բադալյանի մեկնաբանությամբ՝ Պուտինի կողմից ռազմաբազայի թեմայի բարձրացումը նաև նախազգուշացում է Հայաստանի իշխանություններին՝ Մոսկվայի հետ բանակցություններում այն որպես ճնշման կամ շանտաժի գործիք չօգտագործելու վերաբերյալ։

Ի՞նչ կարող է ներկայացվել Փաշինյանին Մոսկվայում

Բադալյանը ենթադրում է, որ Մոսկվայի հանդիպման փակ հատվածում հայկական կողմին կարող են ներկայացվել այն պայմանները, որոնք նա բնորոշում է որպես «կապիտուլյացիայի պայմաններ»։

Դրանց թվում նա նշում է Հայաստանի կողմից Եվրամիությանն անդամակցության գործընթացի օրենքի չեղարկումը, Հայաստանում գործող եվրոպական դիտորդական առաքելության և հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու առաքելության գործունեության դադարեցումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի լիարժեք մասնակցության վերականգնումը։

Նրա ներկայացմամբ՝ պահանջների փաթեթը կարող է ներառել նաև Հայաստանի անվտանգության համակարգի վերակազմավորում՝ ռուսական համապատասխան կառույցների հետ առավել սերտ ռազմաքաղաքական կապերի հաստատմամբ։

Բադալյանը պնդում է, որ խոսքը միայն մեկ օրենքի կամ ԵԱՏՄ-ի հետ կապված առանձին որոշման մասին չէ։ Նրա կարծիքով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև հակասությունը ավելի լայն համակարգային բնույթ ունի և վերաբերում է Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությանը, անվտանգության համակարգին, պետական կառույցներում արևմտյան ներկայությանը և ֆինանսական համակարգի որոշ մեխանիզմներին։

Եթե Փաշինյանը համաձայնի

Բադալյանը երկու հիմնական զարգացում է դիտարկում։ Առաջին տարբերակի դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է ընդունել ներկայացված պայմանները և սկսել դրանց իրականացումը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ նման իրավիճակում վարչապետի քաղաքական ազդեցությունը կտրուկ կնվազի, քանի որ ուժային և անվտանգության կառույցների զգալի մասը փաստացի կանցնի ռուսական ռազմաքաղաքական ազդեցության ներքո։ Միաժամանակ, ըստ Բադալյանի, Հայաստանը կարող է բախվել Արևմուտքի կոշտ արձագանքին՝ քաղաքական և տնտեսական ճնշումների տեսքով։

Նա չի բացառում նաև, որ Եվրամիությունը կարող է պահանջել վերադարձնել Հայաստանին տրամադրված ֆինանսական միջոցները և սկսել վերջին տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած գործընթացների ավելի խիստ գնահատում՝ ներառյալ մարդու իրավունքների, ընտրությունների և քաղաքական հետապնդումների վերաբերյալ։

Բադալյանը նաև նշում է, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը կարող է լրացուցիչ գործիք դառնալ Արևմուտքի ձեռքում ՀՀ-ի հետ  հարաբերությունների վատթարացման պայմաններում։

Եթե Հայաստանը մերժի ռուսական պահանջները

Երկրորդ տարբերակի դեպքում, ըստ Բադալյանի, Հայաստանը կարող է չընդունել ներկայացված պայմանները։ Այդ դեպքում նա կանխատեսում է Ռուսաստանի կողմից տնտեսական և քաղաքական ճնշումների ուժեղացում։

Նրա խոսքով՝ կարող են խստացվել Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, այդ թվում՝ որոշ ապրանքների ներկրման և արտահանման, ինչպես նաև ֆինանսական փոխանցումների ոլորտներում։

Բադալյանը առանձնացնում է Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումների հնարավոր սահմանափակման ռիսկը։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանում աշխատող և բնակվող հարյուր հազարավոր հայերի կողմից Հայաստան ուղարկվող գումարները կարևոր դեր ունեն բազմաթիվ ընտանիքների եկամուտներում։

Եթե այդ ֆինանսական հոսքերը կտրուկ սահմանափակվեն, նրա գնահատմամբ, դա կարող է հարվածել ոչ միայն ստացող ընտանիքներին, այլև Հայաստանի մանրածախ առևտրին, բանկային համակարգին և ընդհանուր տնտեսական ակտիվությանը։

Բադալյանը որպես մեկ այլ հնարավոր գործիք դիտարկում է Ռուսաստանում գտնվող և ՌԴ քաղաքացիություն չունեցող հայերի նկատմամբ վարչական միջոցների կիրառումը։ Նրա գնահատմամբ՝ ծայրահեղ սցենարի դեպքում Ռուսաստանից Հայաստան կարող են վերադառնալ հարյուր հազարավոր մարդիկ, ինչը Հայաստանի սոցիալական համակարգի համար լրացուցիչ ծանրաբեռնվածություն կստեղծի։

Նա չի բացառում նաև այն սցենարը, որի դեպքում տնտեսական և սոցիալական լարվածությունը կարող է վերածվել ներքաղաքական գործընթացների և իշխանափոխության պահանջի։

ԵԱՏՄ-ից հնարավոր դուրսմղումը

Բադալյանը նաև հնարավոր է համարում Հայաստանի անդամակցության դադարեցման հարցի բարձրացումը ԵԱՏՄ-ում։

Նրա խոսքով՝ նույնիսկ եթե ԵԱՏՄ-ի իրավական փաստաթղթերում Հայաստանի անդամակցության «սառեցման» հստակ մեխանիզմ նախատեսված չէ, քաղաքական որոշման դեպքում կարող է ձևավորվել այլ մոտեցում՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումների կամ անդամակցության փաստացի դադարեցման տեսքով։

Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի տրամաբանությունն այս դեպքում կարող է հիմնված լինել Հայաստանի՝ որպես գործընկերոջ նկատմամբ վստահության կորստի վրա։

Բադալյանը որպես օրինակ բերում է ռուսական ներդրումների ռիսկը։ Եթե ռուսական ընկերությունը Հայաստանում մեծ ներդրում է կատարում, իսկ մի քանի տարի անց Հայաստանը փորձում է անդամակցել Եվրամիությանը և դրա շրջանակում ստիպված է լինում սահմանափակել ռուսական կապիտալի ներկայությունը, առաջանում է ներդրումների վերադարձի և սեփականության կարգավիճակի լուրջ խնդիր։

Գազի գնի և սոցիալական ճնշման վտանգը

Քաղաքական տեխնոլոգի գնահատմամբ՝ Ռուսաստանի կողմից ճնշումների հնարավոր գործիքներից մեկը կարող է լինել նաև գազի գնի բարձրացումը։

Նա պնդում է, որ Հայաստանի՝ ռուսական ուղղությունից հեռանալու դեպքում գազի գինը կարող է էապես աճել, ինչն իր հերթին կազդի ոչ միայն կոմունալ վճարների, այլև հացի և մյուս ապրանքների ինքնարժեքի վրա։

Բադալյանը կասկածի տակ է դնում նաև այն պնդումները, թե Եվրամիության շուկայի բացումը ինքնաբերաբար կապահովի Հայաստանի արտահանման մեծ աճ։

Նրա խոսքով՝ նույնիսկ մաքսային սահմանափակումների նվազեցման դեպքում հայկական արտադրողները պետք է լուծեն լոգիստիկայի, մրցունակության, որակի, քվոտաների և ԵՄ երկրների առանձին շուկաներ մուտք գործելու խնդիրները։

«Վարչապետին անհրաժեշտ է առնվազն մեկ միլիարդ դոլար»

Բադալյանի գնահատմամբ՝ եթե Փաշինյանը հրաժարվի ընդունել ռուսական պայմանները, Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ կլինի արագորեն գտնել առնվազն մեկ միլիարդ դոլարի ֆինանսական ռեսուրս՝ հնարավոր տնտեսական և սոցիալական ցնցումները մեղմելու համար։

Նրա խոսքով՝ այդ միջոցները կարող են անհրաժեշտ լինել հատկապես գյուղատնտեսության ոլորտում վարկային պարտավորությունների, սոցիալական խնդիրների և ֆինանսական համակարգի կայունության պահպանման համար։

Եթե միաժամանակ Ռուսաստանից Հայաստան վերադառնան նաև մեծ թվով քաղաքացիներ կամ աշխատողներ, ապա, ըստ նրա, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը կարող է հասնել երկու միլիարդ դոլարի։

Scroll to Top