Ռուսաստանը չի կարող ՀՀ-ին առաջարկել մինչև 2022 թ-ը եղած հարաբերությունների ձևաչափը

Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների փոփոխությունը պայմանավորված է եղել ոչ թե Հայաստանի կողմից դաշնակցային հարաբերությունները խախտելու, այլ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից իրենց պարտավորությունները չկատարելու հանգամանքով։ Այս մասին նշել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա են ռազմավարական նշանակության հարաբերություններ, սակայն դրանք այլևս չեն կարող բնութագրվել որպես դաշնակցային։

«Գետնի վրա մենք չունենք դաշնակցային հարաբերություններ»

Պետրոսյանի գնահատմամբ՝ թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում դեռ կան շրջանակներ, որոնք երկու երկրների հարաբերությունները շարունակում են դիտարկել որպես դաշնակցային։

«Այս պահին Ռուսաստանը և Հայաստանը փաստաթղթերով իրականում դաշնակից երկրներ են, բայց գետնի վրա մենք չունենք դաշնակցային հարաբերություններ»,– նշել է նա։

Փորձագետի խոսքով՝ այսօր Հայաստանի և Ռուսաստանի միջև պահպանվում են խորը ռազմավարական նշանակության հարաբերություններ, սակայն դրանց բովանդակությունն այլևս չի համապատասխանում նախկին ձևաչափին։

Նրա գնահատմամբ՝ Հայաստանի կառավարության հնգամյա ծրագրում ևս այս փուլում հստակ շեշտադրում չկա ռազմավարական դաշնակցային հարաբերությունների վերականգնման վերաբերյալ, թեև իրավիճակի փոփոխության դեպքում այդ մոտեցումները կարող են վերանայվել։

Ռուսաստանը չի կարող առաջարկել մինչև 2022 թվականը եղած հարաբերությունների ձևաչափը

Պետրոսյանի կարծիքով՝ ներկայում Ռուսաստանն ինքն էլ չի կարող Հայաստանին առաջարկել այն հարաբերությունների ձևաչափը, որը գոյություն ուներ մինչև 2022 թվականը։

«Այս պահին Ռուսաստանը ինքը չի կարող առաջարկել հարաբերությունների այն ֆորմատը, որը եղել է մինչև 2022 թվականը»,– ասել է նա։

Փորձագետը դրա հիմնական պատճառներից մեկը համարում է ՀԱՊԿ-ի շրջանակում Ռուսաստանի և կազմակերպության մյուս անդամների կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների ժամանակ ՀԱՊԿ-ը չկարողացավ իրականացնել այն պարտավորությունները, որոնք ամրագրված էին համապատասխան փաստաթղթերով։

Այս համատեքստում Պետրոսյանն անդրադարձել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախկինում արված հայտարարությանը առ այն, որ հայկական կողմը պնդում էր, որ խախտվել է Հայաստանի սահմանը, սակայն քանի որ սահմանը սահմանազատված և սահմանագծված չէր, ՀԱՊԿ-ը չէր կարող համապատասխան որոշում կայացնել։

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը դաշնակից է, իսկ ՀԱՊԿ-ը դիտարկվում է որպես դաշնակցային անվտանգության համակարգ, ապա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ տեղի ունեցած հարձակման պայմաններում նման դիրքորոշումը դժվար է համադրել դաշնակցային հարաբերությունների տրամաբանության հետ։

Պետրոսյանի համոզմամբ՝ Հայաստանի կողմից իր արտաքին քաղաքական դիրքորոշման վերանայումը բնական հետևանք էր ստեղծված իրավիճակի։

«Ակնհայտ է, որ այստեղ ոչ թե Հայաստանն է խախտել դաշնակցային հարաբերությունները, այլ նրա դաշնակիցները չեն իրականացրել իրենց պարտավորությունները, և բնական է, որ Հայաստանը պետք է փոխեր իր դիրքորոշումը»,– նշել է նա։

Մոսկվայի առաջիկա հանդիպումը կարող է նոր էջ բացել հարաբերություններում

Միևնույն ժամանակ, Պետրոսյանը կարևորում է Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների առաջիկա հանդիպումը՝ ընդգծելով, որ այն կարող է էապես տարբերվել նախկինում կայացած շփումներից։

Նրա խոսքով՝ ՇՀԿ-ի շրջանակում կայացած հանդիպումն իր բնույթով երկկողմ բանակցությունների լիարժեք ձևաչափ չէր, մինչդեռ Ռուսաստանում նախատեսվող հանդիպման նպատակը լինելու է Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ օրակարգի հարցերի առավել խորքային քննարկումը։

Պետրոսյանի խոսքով՝ կողմերից յուրաքանչյուրն ունի մյուսին ուղղված իր ակնկալիքները։ Հայաստանի դեպքում դրանց թվում են, մասնավորապես, երկաթուղիների կառավարման հարցը և Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառվող տարբեր սահմանափակումները։

Ռուսական կողմի կարևոր ակնկալիքներից մեկը, նրա գնահատմամբ, Հայաստանում հանրաքվեի անցկացումն է՝ հասարակության դիրքորոշումը հասկանալու և հետագա ուղղությունը հստակեցնելու նպատակով։

Պետրոսյանը կարծում է, որ առաջիկա հանդիպումը կարող է նոր և ավելի իրատեսական էջ բացել հայ-ռուսական հարաբերություններում։

Նրա գնահատմամբ՝ թեև փորձագիտական և մեդիա դաշտում հանդիպման վերաբերյալ կան ոչ այնքան լավատեսական, երբեմն նաև ագրեսիվ զարգացումների կանխատեսումներ, ինքը նման սցենարը հավանական չի համարում։ Փորձագետը դա պայմանավորում է նաև Ռուսաստանի ներկայիս վիճակով։

Հարաբերությունները պետք է համապատասխանեցվեն իրականությանը

Պետրոսյանի խոսքով՝ Ռուսաստանն այս պահին գտնվում է բավական բարդ իրավիճակում՝ Ուկրաինայի պատերազմի, տնտեսության և ներքին ենթակառուցվածքների հետ կապված լուրջ խնդիրների պայմաններում։

Հետևաբար, նրա կարծիքով, Մոսկվային այս փուլում անհրաժեշտ չեն նոր լուրջ խնդիրներ Հայաստանի հետ հարաբերություններում։

«Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում հնարավոր խնդիրները չպետք է դիտարկել միայն երկկողմ հարթությունում»,– նշել է Պետրոսյանը՝ ընդգծելով, որ այդ իրավիճակից կարող են օգտվել նաև այլ դերակատարներ, այդ թվում՝ Եվրամիությունը, Թուրքիան և տարածաշրջանային այլ ուժեր։

Փորձագետի գնահատմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա փաստաթղթային բազան ներկայում ամբողջությամբ չի համապատասխանում երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունների իրական բովանդակությանը։

Ուստի առաջիկա բանակցությունների կարևոր արդյունքը կարող է լինել կողմերի ակնկալիքների ավելի հստակեցումը և դրանց «գետնի վրա» ավելի չափելի դարձնելը։

Պետրոսյանի կարծիքով՝ սա կարող է հնարավորություն ստեղծել երկկողմ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու և դրանք ավելի իրատեսական հիմքերի վրա դնելու համար։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top