ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, թե Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտության դեպքում նույնիսկ վաղը դուրս բերել Հայաստանից 102-րդ ռազմաբազան, բանակցային ճնշման գործիք է։ Նման կարծիքի է անվտանգության հարցերով փորձագետ Նարեկ Ներսիսյանը։
«Բանակցային նշաձողի հետ կապված սա կանխատեսումն է, որ ՌԴ-ի կորցնելու առավելագույնը այդ բազայի դուրս բերելն է։ Այսինքն իրենց գնահատմամբ՝ վատագույն դեպքում իրենք այդ սցենարը կստանան, և մենք՝ որպես Հայաստանի Հանրապետություն, այլ ազդեցության լծակներ չունենք»,- նշել է Ներսիսյանը։
Սակայն, նրա խոսքով՝ Հայաստանի համար 102-րդ ռազմաբազայի դուրսբերումից բացի կան շատ ավելի կարևոր հարցեր, որոնք պետք է դիտարկել։ Մասնավորապես, խոսքը ռուսական սահմանապահ զորքերի մասին է։
Սահմանապահներին դուրս հանելը Ռուսաստանի շահերին ավելի մեծ վնաս է հասցնում
Ներսիսյանը հիշեցրել է, որ 102-րդ ռազմաբազան Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության միակ բաղադրիչը չէ։ 2016 թվականին կնքվել է նաև Միացյալ զորամիավորման մասին պայմանագիրը, որի հիմքում, նրա խոսքով, նույնպես 102-րդ ռազմաբազան է և հայկական կողմի ռազմական ստորաբաժանումները։
Սակայն, փորձագետի գնահատմամբ, ամենակարևոր բաղադրիչներից մեկը, որի մասին Պուտինը չի խոսել, ռուսական սահմանապահ զորքերն են։ «Ինչու չխոսել հենց սահմանապահների դուրսբերման մասին»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ ներկայումս ռուսական սահմանապահ զորքերի կազմում ծառայող անձանց մեծ մասը նույնպես Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանք, օրինակ, ծառայություն են իրականացնում Արարատի մարզում, Արտաշատի ուղղությամբ և այլ հատվածներում՝ պայմանագրային հիմունքներով։
Փորձագետի կարծիքով՝ սահմանապահ զորքերի դուրսբերումը Ռուսաստանի Դաշնության շահերին կարող է ավելի մեծ վնաս հասցնել, քան 102-րդ ռազմաբազայի հեռացումը։
«Սահմանապահները այն գործիքն են, որը ինքնիշխան Հայաստանի Հանրապետությանը թույլ չի տալիս, որ ուղիղ 300 կիլոմետր սահմանագծով տեղեկացված լինել, թե իր սահմանին ինչ է կատարվում։ Դրա մասին հստակ տեղեկություն ունի այլ պետություն՝ Ռուսաստանի Դաշնությունը»,- նշել է Ներսիսյանը։
Փորձագետի խոսքով՝ սահմանապահ զորքերն ունեն նաև գործնական նշանակություն Հայաստանի ինքնիշխանության և ենթակառուցվածքների վերահսկողության տեսանկյունից։
«Երկաթուղին մասնակիորեն կորցնում է իր քաղաքական գործիքակազմը»
Ներսիսյանի խոսքով՝ առանց սահմանապահ զորամիավորում ունենալու՝ Ռուսաստանը կարող է կորցնել նաև որոշակի քաղաքական գործիքներ, այդ թվում՝ այնպիսի ենթակառուցվածքների նկատմամբ վերահսկողության համատեքստում, որոնք տրված են կոնցեսիոն կառավարման։
Նրա գնահատմամբ՝ հենց սա է այն պատճառներից մեկը, որի համար Ռուսաստանի կողմից սահմանապահ զորքերի հարցը կարող է ավելի զգայուն լինել։
«Դրա մասին չխոսեց Պուտինը, ինչո՞ւ։ Որովհետև կարող է մեր մոտ իրականում լուրջ նախապատրաստություն սկսվի, շատ արագ, և այդ 300 կիլոմետր սահմանակիցը վերցվի ինքնիշխան տիրապետության և օգտագործման ներքո, և իրական տնօրինողը մենք լինենք»,- ասել է նա։
Գյումրիի սոցիալական խնդիրները
Միաժամանակ Ներսիսյանը նշել է, որ 102-րդ ռազմաբազայի դուրսբերման հարցը նույնպես պետք է դիտարկել ոչ միայն որպես զինվորական ստորաբաժանման հեռացում։
Նրա խոսքով՝ ռազմաբազան միայն այն շինությունը չէ, որտեղ տեղակայված են զինծառայողներն ու զինամթերքը։ Այն ներառում է ենթակառուցվածքներ, լոգիստիկ հանգույցներ և դրանց հետ կապված սոցիալական բաղադրիչ։
Փորձագետը նաև անդրադարձել է 102-րդ ռազմաբազայի հնարավոր արագ դուրսբերման սոցիալական հետևանքներին, հատկապես Գյումրիի համար։
«Ես ինքս տեսնում եմ, որ այսօրվա դրությամբ, եթե հենց հիմա կտրուկ բազան դուրս անենք, ապա այն որոշակի խնդիրներ կստեղծի, նաև սոցիալական լարվածություն կստեղծի հենց Գյումրիի ներսում»,- ասել է նա։
Ներսիսյանը նշել է, որ բազայի ներկայությունն ունի նաև հակառակ կողմը․ Գյումրիում գործում է Ռուսաստանի հյուպատոսությունը, որը, նրա խոսքով, կարևոր դեր ունի ոչ միայն հյուպատոսական ծառայությունների մատուցման առումով։ Բացի այդ, Գյումրիի բազմաթիվ բնակիչներ Ռուսաստանի քաղաքացիներ են, ինչը ևս կապված է տարածաշրջանում Ռուսաստանի երկարամյա ներկայության հետ։ «Սրան նախապատրաստվել պետք է»,- եզրափակել է անվտանգության հարցերով փորձագետը։

