Մերձավոր Արևելքում պատերազմը դուրս է գալիս առանձին երկրների միջև հարվածների փոխանակման շրջանակներից: Փորձագետ Էլայջա Մագնեյի կարծիքով՝ Իրանի վերջին գործողությունները վկայում են ծավալուն առճակատման՝ նախևառաջ Իսրայելի հետ պատերազմի նոր փուլին նախապատրաստվելու մասին:
Որպես առանցքային փոփոխություն նա համարում է իրանական հարվածների բնույթն ու աշխարհագրությունը: Թեհրանը սկսել է ավելի ակտիվորեն հարվածել Հորդանանում գտնվող ամերիկյան օբյեկտներին, ամերիկյան նավերին և դրանց հետ կապված ծովային երթուղիներին: Միաժամանակ հարվածներ են հասցվում նավթատարներին, իսկ մեկ այլ ուղղությամբ արագորեն սրվում է իրավիճակը Եմենի, Բաբ էլ-Մանդեբի նեղուցի և Հորմուզի նեղուցի շուրջ:
«Իրանն իսկապես պատրաստ է գնալ ավելի լայնամասշտաբ պատերազմի», — համարում է Մագնեյը: Նրա գնահատմամբ՝ Հորդանանն այս ռազմավարությունում հատուկ տեղ է զբաղեցնում: Հենց այնտեղ ԱՄՆ-ն տեղակայել է հակահրթիռային պաշտպանության համակարգերի զգալի քանակություն, որոնք Իրանի և Իսրայելի միջև պատերազմի դեպքում կարող են օգտագործվել Իսրայելը պաշտպանելու համար: Ուստի Թեհրանը, ըստ փորձագետի, փորձում է ստիպել ամերիկացիներին ծախսել այդ ռեսուրսները նախքան Իսրայելի հետ ուղղակի առճակատման սկսվելը:
Հարվածներ Հորդանանին՝ որպես նախապատրաստություն հաջորդ փուլին
Մագնեյը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Իրանն առաջին անգամ է ուժեղ հրթիռային հարվածներ հասցրել Հորդանանի մի քանի շրջաններում գտնվող ամերիկյան օբյեկտներին միաժամանակ: Իրականում սա պարզապես հարձակում չէր, այլ ամերիկյան որսման համակարգի վրա մեծ ծանրաբեռնվածություն ստեղծելու փորձ:
Հատուկ դեր, նրա կարծիքով, խաղում են կասետային մարտագլխիկներով բալիստիկ և հիպերձայնային հրթիռները: Նման մարտագլխիկները, որոշակի բարձրության հասնելուց հետո, ցրում են մեծ քանակությամբ փոքր ռազմամթերք, ինչն էապես բարդացնում է հակահրթիռային պաշտպանության աշխատանքը:
Փորձագետը իրավիճակը համեմատում է «փամփուշտով փամփուշտին խփելու» փորձի հետ. մեկ հրթիռ կալանելու համար կարող է պահանջվել մի քանի հակահրթիռ: Ուստի հրթիռների նման քանակության արձակումը պաշտպանվող կողմին ստիպում է արագորեն ծախսել թանկարժեք հակահրթիռային միջոցները:
Հենց սա, ըստ Մագնեյի, կարող է լինել իրանական ընթացիկ մարտավարության նպատակներից մեկը:
«Իրանցիները ցանկանում են ստեղծել իրավիճակ, երբ Իսրայելի սահմաններից դուրս մնում են հակահրթիռային պաշտպանության մինիմալ համակարգեր, որոնք կարող են օգնել իսրայելցիներին», — բացատրում է փորձագետը:
Այդ համատեքստում Հորդանանին հասցվող հարվածները ձեռք են բերում շատ ավելի մեծ նշանակություն, որը դուրս է գալիս բուն Հորդանանի սահմաններից: Դրանք դառնում են Իրանի և Իսրայելի հնարավոր պատերազմի նախապատրաստման մաս:
Մագնեյը գտնում է, որ երկու երկրների միջև նոր ուղղակի բախման հավանականությունը բարձր է: Ընդ որում, նա հետագա սրման հնարավոր ժամկետները նա կապում է նաև Իսրայելի քաղաքական իրավիճակի և ընտրությունների մոտենալու հետ:
Տանկերային պատերազմը վերադառնում է
Ընթացիկ էսկալացիայի ևս մեկ վտանգավոր տարր են նավթատար նավերի վրա հարձակումները: Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն ոչնչացրել է իրանական մի քանի նավթատար, իսկ Թեհրանն ի պատասխան սկսել է հարձակվել ամերիկյան նավերի և դրանց հետ կապված ծովային փոխադրումների վրա:
Խնդիրն այն է, որ Վաշինգտոնը հայտնվել է լավ լուծում բացառող ընտրության առջև: Եթե ամերիկյան զինվորականները սկսում են ուղեկցել նավթատարները, իրենք են դառնում պոտենցիալ թիրախ: Իսկ եթե հրաժարվում են ուղեկցումից, մեծանում է ծովային փոխադրումների հետագա խափանման և նավթի գների կտրուկ աճի ռիսկը:
Մագնեյը զուգահեռ է անցկացնում 1980-ականների «նավթատարային պատերազմի» հետ Հորմուզի նեղուցի շրջանում: Նրա կարծիքով՝ ներկայիս իրավիճակը կարող է ավելի վտանգավոր դառնալ, քանի որ բավական է հրթիռի մեկ հարված ամերիկյան նավին, որպեսզի հակամարտությունն անցնի նոր մակարդակի:
Այս ֆոնին նավթի գնի աճն արդեն դառնում է ավելի լայն խնդրի մաս: Փորձագետը նշում է, որ խոսքը հենց հում նավթի մասին է, այլ ոչ միայն բենզինի կամ դիզելային վառելիքի: Միաժամանակ կրճատվում են վառելիքի հասանելի պաշարները, իսկ ձմռան մոտենալն ուժեղացնում է ճնշումը համաշխարհային տնտեսության վրա:
Հորմուզը և Բաբ էլ-Մանդեբը կարող են միավորել մի քանի ճակատներ
Մագնեյը կարծում է, որ ներկայիս իրավիճակի վտանգը պայմանավորված է ոչ միայն ԱՄՆ-Իրան առճակատմամբ: Իրար հետ կապված հակամարտության նոր օջախներ են առաջանում առանցքային ծովային երթուղիների շուրջ:
Մի կողմից Հորմուզի նեղուցն է, որով անցնում է համաշխարհային նավթային հոսքերի զգալի մասը: Մյուս կողմից՝ Բաբ էլ-Մանդեբը, որտեղ շարունակում է զարգանալ Եմենի և Սաուդյան Արաբիայի շուրջ հակամարտությունը:
Փորձագետը գտնում է, որ Իրանը փաստացիորեն կապում է այս ուղղությունները ճնշման միասնական համակարգի մեջ: Թեհրանն արդեն հայտարարում է տնտեսական շրջափակմանը պատասխանելու պատրաստակամության մասին՝ ստեղծելով սեփական ծովային գոտին, որը Մագնեյը դիտարկում է որպես Հորմուզի նեղուցի շուրջ յուրօրինակ բուֆերային գոտի ձևավորելու փորձ:
Ընդ որում, Իրանը, նրա խոսքով, օգտագործում է այն տրամաբանությունը, որը նախկինում կիրառել են ԱՄՆ-ն և Իսրայելը. կանխարգելիչ հարվածները և բուֆերային գոտիների ստեղծումը հայտարարվում են պատերազմ վարելու թույլատրելի թիրախներ:
Հատկապես արագ, փորձագետի կարծիքով, զարգանում է եմենյան ուղղությունը: Նա գտնում է, որ սաուդա-եմենյան հակամարտությունը վերջնականապես չի դադարեցվել զինադադար հաստատելու նախկին փորձերից հետո: Եմենի դեմ պատժամիջոցներն ու շրջափակումը շարունակվում են, և այդ պատճառով հուսիների կողմից ներկայիս հարվածները Մագնեյը դիտարկում է որպես արդեն գոյություն ունեցող պատերազմի շարունակություն, այլ ոչ թե նոր ագրեսիա:
Ինչու է դիվանագիտությունը դեռևս պարտվում պատերազմին
Ռազմական էսկալացիայի ողջ վտանգավորությամբ հանդերձ՝ Մագնեյը կարծում է, որ ԱՄՆ-ի համար միակ իրական ելքը Իրանի հետ բանակցություններն են:
Սակայն հենց այստեղ է, նրա կարծիքով, գտնվում գլխավոր խնդիրը: Փորձագետը գտնում է, որ Դոնալդ Թրամփը հակամարտությունը ընկալում է որպես անձնական առճակատում և պատրաստ չէ ընդունել համաձայնագիր, որը կարող է ներկայացվել որպես զիջում Իրանին:
Ուստի, կարծում է Մագնեյը, Վաշինգտոնը հայտնվել է մի իրավիճակում, երբ պատերազմի շարունակություննավելի ծախսատար է դառնում, բայց քաղաքականապես փոխզիջման անհրաժեշտությունն ընդունելը բարդ է:
Փորձագետը նաև քննադատաբար է գնահատում Թրամփի շրջապատը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահը փաստացիորեն զրկվել է այն թիմից, որը կարող էր նրան այլընտրանքային ռազմավարություն առաջարկել կամ բացահայտ առարկել նրա որոշումներին: Փոխարենը, կարծում է Մագնեյը, ամերիկյան վարչակազմի առանցքային դեմքերը հիմնականում աջակցում են նախագահի դիրքորոշմանը:
Հենց այդ պատճառով դիվանագիտական տարբերակը, որը կարող էր կանգնեցնել հետագա էսկալացիան, մնում է քիչ հավանական: «Ելքը բանակցությունների սեղան նստելն է և ԱՄՆ-ի համար վատ գործարքն ընդունելը՝ պատերազմը շարունակելու փոխարեն», — կարծում է փորձագետը: Բայց հենց նման քայլի Թրամփը, նրա գնահատմամբ, դեռ պատրաստ չէ: Արդյունքում յուրաքանչյուր նոր հարված բարձրացնում է հաջորդ քայլի գինը:

