ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար է սրում ներքաղաքական հակասությունները՝ ձերբակալությունների, անիմաստ դատավարությունների և քաղաքական հետապնդումների միջոցով։ Նման կարծիքի է փորձագետ Վազգեն Պետրոսյանը։
Ըստ նրա՝ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ վերընտրվելու համար նա պետք է դիմի ընտրակեղծիքների, իսկ դա իր հերթին կարող է հանգեցնել անկանխատեսելի հետընտրական գործընթացների։ Այդ իսկ պատճառով նա փորձում է անվտանգ հեռանալու ելքեր գտնել։ Այս պահի դրությամբ նա իր գործողություններով մի նպատակ է հետապնդում՝ բացահայտել այն ընդդիմադիր ուժը, որի հետ հնարավոր լինի բանակցել և ապահովել իր, ինչպես նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ անդամների անվտանգ հեռացումը իշխանությունից։
«Ինքը փորձում է հակասությունը լարել մինչև վերջ, որ այդ հակասության արդյունքում ընդդիմության մեջ առաջ գան որոշակի ուժեր, որոնց հետ ինքը հնարավորություն կունենա բանակցել և ապահովել իր և մի շարք ՔՊ-ականների անվտանգ հեռանալը,— ասում է Պետրոսյանը։— Դրա համար ինքը լարում է իրավիճակը, այդ թվում՝ ձերբակալությունների, անիմաստ դատավարությունների և քաղաքական հետապնդումների միջոցով»։
Արտաքին դերակատարների շահերը և սպասվող զարգացումները
Նա չի բացառում, որ նույն նպատակը հետապնդում են նաև արտաքին դերակատարները, որոնք ավանդաբար համարվում էին գործող իշխանության հովանավորները։
Պետրոսյանը համոզված է՝ եվրոպական պետություններն ու ԱՄՆ-ն արդեն լավ են հասկանում Փաշինյանի ցածր հեռանկարները և փորձում են գտնել այն ընդդիմադիր ուժը, որը կկարողանա ապահովել Փաշինյանի և նրա ընտանիքի ֆիզիկական անվտանգությունը։ «Իրենց համար կարևոր է ցույց տալ, որ նրանք, ում հովանավորում են, գոնե ֆիզիկապես չեն տուժի։ Իսկ ներքևում ինչ կլինի՝ արդեն չի հետաքրքրում»։
Նրա խոսքով՝ Հավաքական Արևմուտքը այսօր ավելի շատ հետաքրքրված է տարածաշրջանում կանխատեսելի գործընթացների առկայությամբ, քան կոնկրետ քաղաքական գործիչների պահպանմամբ։ Իրականում այս կայունությունը նրանց անհրաժեշտ է, քանի որ շատ շուտով տարածաշրջանը դառնալու է մեծ առևտրի առարկա։
Փորձագետը պարզաբանեց, որ հիմնական իրադարձությունները տեղի կունենան 10-15 օրից՝ հատկապես Իրան-ԱՄՆ հակամարտության զարգացումներից հետո։ «Այսօրվա դրությամբ Միացյալ Նահանգները պարտություն են կրել այս պատերազմում և իրավիճակի լիարժեք տերը այսօր Իրանն է», — նշում է նա։ Պետրոսյանի գնահատմամբ՝ եթե մոտ ժամանակաշրջանում իրավիճակը չփոխվի, Հավաքական Արևմուտքը կհեռանա տարածաշրջանից՝ ճիշտ այնպես, ինչպես դա տեղի ունեցավ 1920-1921 թթ.-ին։
«Անդրկովկասը իրենց համար այդ շրջանում դառնալու է առևտրի առարկա այլ ուժերի՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի հետ մեծ առևտրում։ Եվ քանի որ ավելի մեծ առևտրի հարց է գալու, իրենք չեն կարող թույլ տալ, որ այս տարածաշրջանում, այդ թվում Հայաստանում, ինչ-որ քաոսային իրավիճակ ստեղծվի ներքաղաքական գործընթացների պատճառով», — ասաց փորձագետը։

