Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից, նշանակում է մի պարզ բան՝ Հայաստանը չի լքի նաև ՀԱՊԿ-ը։ Այս մասին հայտարարել է միջազգային հարցերով փորձագետ Գրիգոր Բալասանյանը։
«Եթե երկիրը մնում է ԵԱՏՄ կազմում, ապա նրա անդամակցությունը ՀԱՊԿ-ին ավտոմատ շարունակվում է։ Այլ տարբերակ չկա։ Այսպիսով՝ իր այցով Փաշինյանը փաստորեն ազդարարեց, որ Հայաստանը, ավելի շուտ կապասառեցնի հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, քան կլքի այդ կազմակերպությունը, թեև այցից առաջ պնդում էր հակառակը», — ասել է փորձագետը։
Նրա համոզմամբ՝ այս հարցում Հայաստանի վրա որևէ ճնշում չի գործադրվել, և որոշումն ընդունվել է բացառապես տնտեսական շահից ելնելով։ Հայաստանի արտահանումը, ըստ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների, կրճատվել է 53 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 38 տոկոսով։ Սա բավականին մտահոգիչ ցուցանիշ է, և այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանը օգտվում է ԵԱՏՄ անդամակցության ընձեռած արտոնություններից։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, երկրի տնտեսությունը կարող է հայտնվել կոլապսի եզրին։ «Ինչ էլ ասեն, մենք գործ ունենք իրողությունների հետ։ Իսկ իրողություններն այն են, որ Հայաստանի արտահանման առաջնահերթ ուղղությունը ԵԱՏՄ-ն է,մասնավորապես՝ Ռուսաստանը։ Հետևաբար, ամենայն հավանականությամբ, Հայաստանի տնտեսագետները համապատասխան հաշվարկներ են կատարել և հանգել են այն եզրակացության, որ Հայաստանը չի կարող դուրս գալ ԵԱՏՄ-ից։ Իսկ եթե Հայաստանը չի կարող դուրս գալ ԵԱՏՄ-ից, ուրեմն ինքնաբերաբար կմնա նաև ՀԱՊԿ-ում», — նշում է նա։
Հնարավոր է՝ իշխանությունները շարունակեն «նեղացածի» քաղաքականությունը և քննադատեն ՀԱՊԿ-ին, սակայն միաժամանակ հաստատեն այդ կառույցի բոլոր որոշումներն ու փաստաթղթերը։ Այսինքն՝ Հայաստանը կշարունակի ստորագրել բոլոր այն որոշումների տակ, որոնք ընդունվում են Երևանի բացակայության պայմաններում։
Հայաստանի անդամակցության շարունակականությունը ՀԱՊԿ-ում, ըստ Բալասանյանի, պայմանավորված է նաև աշխարհաքաղաքական կոնյուկտուրայով։ Փորձագետի կարծիքով, եթե ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնողը լիներ անձամբ Փաշինյանը՝ առանց դրա հետևանքների համար պատասխանատվություն կրելու, ապա նա միանշանակ կընդուներ դուրս գալու որոշում։ Սակայն ներկա աշխարհաքաղաքական իրավիճակը գտնվում է այնպիսինն է, որ բոլորը փոխկապակցված են միմյանց հետ, և մեկ օղակի որոշումը ազդում է ողջ շղթայի տրամաբանության վրա։ Այսպիսով՝ աշխարհաքաղաքական ներկա իրադրությունը թույլ չի տալիս, որ որևէ խաղացող անի կտրուկ քայլեր և ընդունի կտրուկ որոշումներ։

