Վերջին սոցիոլոգիական հարցումները վկայում են ոչ միայն իշխող ուժի նկատմամբ վստահության անկման, այլ արդեն ատելության մակարդակի բարձրացման մասին։ Այս մասին հայտարարել է սոցիոլոգ Արթուր Պարոնյանը։
2025 թ. հունիսի 16-25-ը Ամերիկյան Միջազգային Հանրապետական ինստիտուտի (IRI) կողմից անցկացված հարցումների արդյունքները, ըստ փորձագետի, ընդգծում են մի կարևոր հանգամանք. իշխող ուժը այսօր գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Նշելով,որ հարցերի ձևակերպումները բոլոր տարիներին մնում են նույնը, Պարոնյայնը հավելում է, որ դա հնարավորություն է տալիս հետևել հանրային տրամադրությունների դինամիկային։ Այսպես՝ հարցին՝ «Արդյոք Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ», 2018 թվականին դրական պատասխան է տվել 73%-ը, մինչդեռ վերջին հարցումների արդյունքներով այդ թիվը նվազել է մինչև 36%։ Պատմական նվազագույնը կազմել է 31%։ Միևնույն ժամանակ, նրանց թիվը, ովքեր կարծում են, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում, աճել է՝ 2018-ի 11%-ից հասնելով 49%-ի 2025 թվականին։
«Վստահության անկումը սկսվեց պատերազմից հետո։ 2021 թ. մայիսին հարցվածների միայն 43%-ն էր կարծում, որ Հայաստանը ճիշտ ուղղությամբ է շարժվում։ Սակայն 2023 թվականի վերջին նկատվեց ժամանակավոր աճ, և ցուցանիշը հասավ 50%-ի։ Դա տեղի ունեցավ Արցախի կորստի ֆոնին և, հավանաբար, կապված էր այն հանգամանքի հետ, որ շատերը փորձել էին իրենց համոզել, թե երկրի հիմնական խնդիրը արդեն լուծված է։ Բայց մի քանի ամիս անց արձանագրվեց կտրուկ անկում, և վստահության մակարդակը հասավ պատմական նվազագույնին՝ 31%», — նշել է Պարոնյանը։
Ըստ նույն քանակական հարցումների՝ հակակառավարական տրամադրվածություն ունեցող քաղաքացիների բաժինը այսօր կազմում է մոտ 60–65%։ Սրանք մարդիկ են, որոնց այլևս չի հետաքրքրում Նիկոլ Փաշինյանը, որոնք չեն հետևում նրա հայտարարություններին և չեն դիտում մամուլի ասուլիսները։ «Որպես որակական հետազոտություններով զբաղվող մարդ՝ այսինքն՝ այնպիսի վերլուծությամբ, որը պատասխանում է ոչ միայն “ինչ”, այլև “ինչու” հարցին, կարող եմ ասել, որ իշխանության հանդեպ ձևավորված հակառեյտինգը հստակ հուզական երանգ ունի։ Այստեղ մենք գործ ունենք ոչ միայն քննադատական վերաբերմունքի, այլ քաղաքական ատելության երևույթի հետ», — նշում է սոցիոլոգը։
IRI-ի տվյալներով՝ նրանց շրջանում, ովքեր դեռ կարծում են, թե Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ, մեծամասնությունը կազմում են ավագ սերնդի ներկայացուցիչները, հիմնականում՝ 56 և ավելի տարեկան անձինք։ Միևնույն ժամանակ, առավել դժգոհ խումբը երիտասարդությունն է։ Սա հատկապես խոսուն է՝ հաշվի առնելով, որ հենց երիտասարդներն էին 2018 թվականին փողոցներ փակողը և իշխանափոխության շարժիչ ուժը։ Այսօր այդ նույն սոցիալական խումբը մեծապես հեռացել է այն քաղաքական ուժից, որին ժամանակին ինքն էր բերել իշխանության։
Մասնավորապես, երիտասարդության 54%-ը կարծում է, որ երկիրը սխալ ուղղությամբ է շարժվում, և միայն 29%-ն է համաձայն հակառակը։ 35-ից 55 տարեկանների խմբում գործող իշխանությունների քաղաքականության հետ համաձայն չեն 52%-ը, իսկ աջակցությունը կազմում է 35%։ Նման պատկեր նկատվում է հարցման մյուս հատվածներում ևս. ներկայիս իշխանության հասարակական հենարանը գնալով ավելի է սահմանափակվում 56+ տարիքային խմբով։
Հարցվածների մեծամասնության կարծիքով՝ երկրի գլխավոր խնդիրները շարունակում են մնալ անվտանգության ու սահմանային իրավիճակի հարցերը։ Դա փաստացի ընդդիմության օրակարգն է, նշում է փորձագետը։ Անվտանգության թեման որպես առաջնահերթ խնդիր նշել է 35%-ը, ևս 9%-ը՝ որպես երկրորդ կարևորագույն։ Այսպիսով, ընդհանուր առմամբ՝ անվտանգության հարցերից անհանգստացած է 44% հարցվածների, որոնք փաստացի քաղաքական-ընդդիմադիր շերտ են ներկայացնում, քանի որ համաձայն են ընդդիմության օրակարգի հետ։
Եվս 20%-ը կարելի է դասել այսպես կոչված «սոցիալ-ընդդիմադիր» շերտին՝ քաղաքացիներ, ովքեր հիասթափված են 2018 թվականի իշխանափոխությունից հետո իրականացվող սոցիալական, տնտեսական քաղաքականությունից։ Խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր ակնկալում էին սոցիալական արդարություն և կենսապայմանների բարելավում, սակայն այդ սպասումները չեն արդարացվել։

