Ադրբեջանն այսօր ֆաշիստական երկիր է։ Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այդ ֆաշիզմը, ի՞նչ վտանգներ այն ունի մեր հանդեպ և ի՞նչ վտանգների է ենթարկվելու Ադրբեջանը նման քաղաքական գիծը վերցնելու համար։ Նման հարցադրումներ է անում քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Մինչ այս հարցերին անդրադառնալը՝ վերլուծաբանը հիմնավորում է, թե ինչու է համոզված Ադրբեջանի ֆաշիստական երկիր լինելու մեջ։ «Մենք ունենք Ֆաշիստական Իտալիայի օրինակը, մենք ունենք Նացիստական Գերմանիայի օրինակը և այդ առումով կարող ենք համեմատություններ անենք այսօրվա Ադրբեջանի և այն ժամանակվա Իտալիայի և Գերմանիայի միջև։ Այսինքն՝ նացիզմը և ֆաշիզմը ունեն չափորոշիչներ։ Ի՞նչ կառավարման համակարգ է այսօր գործում Ադրբեջանում։ Ադրբեջանում ավտորիտար և կենտրոնացված համակարգ է գործում, որտեղ չկա ընդդիմություն, ընտրությունները ձևական են, և քաղաքականությունը որոշում է մեկ անձ, որը արցախյան պատերազմից հետո արդեն ազգային հերոս է հայտարարվել։ Խոսել մամուլի ազատության մասին նույնպես լուրջ չի, որովհետև Ադրբեջանում ցանկացած մամուլ, անկախ նրանից՝ այն պետական է, թե մասնավոր, արտահայտում է միայն պետական տեսակետները։ Իսկ քաղաքացիական հասարակությունը այնտեղ իսպառ բացակայում է։ Մյուս կողմից՝ եթե ընդդիմադիր հայացքներ ունեցող ադրբեջանցի գործիչները ստիպված են լինում երկրից հեռանալ, նրանց այլ երկրներում կատարվում են նրանց սպանությունները։ Եթե նրանք չեն հեռանում երկրից, հայտնվում են բանտում։
Մյուս չափորոշիչը, որը բնորոշ է ֆաշիստական և նացիստական՝ դա պրոպագանդան է, ազգայնական պրոպագանդան է, որը ուղղված է էթնոսների դեմ։ Ինչպես Գերմանիայում հրեաները, այնպես էլ Ադրբեջանում հայերը հայտարարված են օրենքից դուրս։ Պատերազմից հետո Հայաստան գալիս են թուրքեր և նույնիսկ ադրբեջանցիներ, նկարահանումներ են անում, տեղադրում YouTube-ում։ Միևնույն ժամանակ՝ հայերը, նույնիսկ նրանք, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, իրավունք չունեն Ադրբեջան մտնել կամ գործել։
Մյուս չափորոշիչը՝ դասագրքերն են, որտեղ հայերի նկատմամբ ատելություն է քարոզվում։ Մինչև պատերազմ դա միգուցե կարելի էր հասկանալ, քանի որ նրանք համարում էին, որ իրենց տարածքները բռնազավթված են։ Բայց առ այսօր այդ քարոզները հայերի դեմ կան, ընդ որում՝ սկսած մանկապարտեզներից։ Թշնամիներ են հայտարարված նաև էթնիկ պարսիկները և ռուսները։ 44-օրյա պատերազմի ժամանակ Իրանի ադրբեջանցիները ցույցեր էին անում, և ամենատարածված կարգախոսն էր՝ «Հայերը՝ դուշման են, պարսիկները՝ դուշման են, ռուսները՝ դուշման են»։ Հետագայում, նույնիսկ պատերազմից հետո, Ադրբեջանում ցույցեր էին լինում, և այդ կարգախոսը կրկնվում էր։ Այսինքն՝ այդ կարգախոսի վրա մոբիլիզացնում են ադրբեջանցի ժողովրդին։ Եվ նույնիսկ հարցումներ կան Ադրբեջանում, որտեղ հարցադրումը տրվում է այսպես․ «Դուք կողմ կլինե՞ք հայ երեխայի սպանությանը», և 50 տոկոսից ավել մարդիկ պատասխանում են, որ կողմ են, որովհետև այդ երեխան կմեծանա և կդառնա թշնամի։ Նույն Ռամիլ Սաֆարովի օրինակը, որը հերոս է հայտարարվել քնած հայի սպանության համար, շատ հատկանշական է։
Ֆաշիզմի մյուս ցուցիչը առաջնորդի պաշտամունքն է։ Ժամանակին և՛ Գերմանիայում, և՛ Իտալիայում կար այդ առաջնորդի պաշտամունքը, որը ազգի հայրն է և հերոսը, որը տանում է ժողովրդին հաղթանակների և ապագա հաղթանակների։ Նման պաշտամունք Ադրբեջանում արդեն ձևավորվել է։ Մյուսը դա ռազմականացումն է և ուժի պաշտամունքը։ Սա նույնպես առկա է Ադրբեջանում, ուր ամբողջ մամուլն ու պետական պրոպագանդան հենված է «Ադրբեջանի հզորագույն բանակի, որը ի զորու է դիմակայել Իրանին և Ռուսաստանին» կոնցեպտին։ Եվ մյուսը պատմական ռևիզիոնիզմն է, երբ պետությունը պատվեր է տալիս պատմաբաններին, որոնք գրում են գրքեր, ըստ որոնց հայերը այս տարածքում ապրելու իրավունք չունեն, որովհետև «Հայաստանը՝ արևմտյան Ադրբեջան է», «Թիֆլիսը պատմական ադրբեջանական քաղաք է», «Ռուսաստանյան Դերբենտը նույնպես ադրբեջանական քաղաք է», էլ չեմ ասում Իրանի հյուսիսի մասին։
Պարզ ասած՝ ֆաշիզմին բնորոշ բոլոր չափորոշիչները Ադրբեջանում կան։
Եթե Ադրբեջանում ֆաշիստական և նացիստական ռեժիմ է, այդ գաղափարով ներծծված են արդեն հասարակ ադրբեջանցիները և մանկուց են արդեն այդպես դաստիարակվում։ Դա նշանակում է, որ սերնդափոխությունը երբ տեղի ունենա, այդ նացիզմը և ֆաշիզմը ավելի խորը ներծծված կլինի իրենց մեջ, բայց այդ նացիզմը չի սահմանափակվելու մի երկրի տարածքով, քանի որ իրենք պանթուրքիստական գաղափարախոսության կրողն են։ Ադրբեջանը միավորում է թուրքական աշխարհի տարբեր հատվածներ և գտնվում է կենտրոնում, Բաքուն թուրքիզմի մայրաքաղաքն է, որովհետև բոլոր այդ միջոցառումները՝ Կենտրոնական Ասիայի երկրների, Թուրքիայի, նույնիսկ Հունգարիայի և Հյուսիսային Կիպրոսի, հիմնականում անց են կացվում Բաքվում, իսկ հիմա արդեն Արցախում՝ որպես հաղթանակի խորհրդանիշ։ Եվ հիմա առաջանում է հարց՝ եթե նացիզմով են վարակված արդեն ադրբեջանցիները, ապա նրանցից յուրաքանչյուրը այդ նացիզմի քարոզիչն է և՛ Իրանում, և՛ Ռուսաստանում։ Այս կոնթեքստում, եթե մենք դիտարկում ենք Ադրբեջանի և Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև սրացումները, ապա այստեղ բնականաբար կա և՛ աշխարհաքաղաքական կոմպոնենտ, և՛ աշխարհատնտեսական կոմպոնենտ, բայց դրանցից զատ կա նաև գաղափարախոսության խնդիր։
Ֆաշիստական երկրները վտանգ են հարևան երկրների համար։ Գերմանիայի և Իտալիայի օրինակները վկայում են, որ ի վերջո ֆաշիստական այդ որջը պետք էր ոչնչացնել։ Հիմա և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը բազմազգ երկրներ են, իսկ բազմազգ երկրների համար ազգայնականությունը և ֆաշիզմը՝ իրենց գոյության խստագույն վտանգ են։ Եվ Ադրբեջանը, որը Իրանի և Ռուսաստանի հարևանն է, գաղափարախոսական առումով վտանգ է այդ երկրների համար։ Այս լարվածությունը սիտուատիվ չի, և, իմ կարծիքով, ժամանակի ընթացքում այն միայն աճելու է, և դա, բնականաբար, ազդելու է մեծ տարածաշրջանի վրա։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի, որոնք մեզ համար պարունակում են և՛ վտանգներ, և՛ գուցե նաև հնարավորություններ», — նշում է քաղաքագետը։

