Ռուսական պրոպագանդիստ Վլադիմիր Սոլովյովի ռադիոհաղորդման եթերում մեկ այլ ռուսաստանյան պրոպագանդիստ հայտարարել է, որ Մոսկվայի քայլերը Հայաստանի նկատմամբ, տնտեսական սանկցիաները, որ կիրառվում են, բավական խղճուկ են։ Նա կոչ է արել կիրառել ռազմական միջամտություն։
Ի՞նչ է անում պաշտոնական Երևանը նախընտրական այս շրջանում, այս ամիսներին և հատկապես պաշտոնական քարոզչության այս մեկամսյա ժամանակահատվածում։ Վարչապետ Փաշինյանը ուղիղ շեշտադրմամբ փորձում է իր քարոզչության առանցքային գիծ դարձնել մեղադրանքը Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժերին առ այն, որ նրանք գործում են Ռուսաստանի պատվերով, որ նրանք փորձում են Ռուսաստանի պատվերով չեզոքացնել Հայաստանի ինքնիշխանություն ապահովող իշխանությանը։ Փորձում են հեռացնել իրեն՝ Հայաստանի ինքնիշխան քաղաքականության, այսպես ասենք, միակ ասպետին։
Ահա սա է Նիկոլ Փաշինյանի քարոզչության առանցքային գիծը։ Թե ինչու է դա առանցքային գիծ, ևս հասկանալի է։ Նա չի կարողանում նախկին արդյունավետությամբ խաղարկել նախկին-ներկա այդ ավանդական, իր համար մոգական բանաձևը։ Նախ, այն բավականին մաշվել է այս ութ տարիների ընթացքում, և, բացի այդ, նախընտրական այս պրոցեսում Սամվել Կարապետյանի ներգրավումը բավականին կազմալուծել է այդ բանաձևի կիրառման համար պարարտ միջավայրը, որովհետև Կարապետյանին հնարավոր չէ ներառել այդ բանաձևի գործողության դաշտ, ասոցացնել նախկին համակարգի հետ, թալանչի համակարգի հետ և այլն։
Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանը մտածել է, որ հնարավոր է առաջ բերել և քարոզչական մեղադրանք դարձնել Ռուսաստանի հետ առնչությունը։ Եվ ահա սա կիրառում է որպես իր քարոզչության ողնաշար։
Իսկ ի՞նչ է անում այս համատեքստում Ռուսաստանը։ Ռուսաստանի քաղաքականությունը և վարքագիծը փաստացի Նիկոլ Փաշինյանի քարոզչական ողնաշարը ամրացնող վարքագիծ է, որովհետև մենք տեսնում ենք, որ հնչում են ընդհուպ պաշտոնական մակարդակով հայտարարություններ, կիրառվում են սանկցիաներ, որոնք Փաշինյանին հիանալի առիթ են տալիս ամրացնել և, չակերտավոր իմաստով, փաստարկել ընդդիմության դեմ իր հակաքարոզչությունը։
Եվ զուգահեռ տեսնում ենք ահա այսպիսի պրոպագանդիստական գնահատականներ, թե իբր այդ ամենը քիչ է, խղճուկ է, և պետք է կիրառել ընդհուպ ռազմական ուժ։
Ի՞նչ կաներ Ռուսաստանը, եթե իրապես փորձեր խնդիրներ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար, բարդացներ նրա նախընտրական կյանքը։ Նվազագույնը Ռուսաստանը կհրամայեր բոլոր տեսակի պրոպագանդիստներին, որ նրանք ծպտուն իսկ չհանեն Հայաստանի մասին, առավել ևս՝ ուժային որևէ տրամաբանությամբ ինչ-որ սցենար երևակայելու առումով։ Նա կսաստեր բոլոր այն պրոպագանդիստներին, որոնք անգամ մտքի ծայրով կանցկացնեին ինչ-որ սաստիկ սցենարներ նկարագրել Հայաստանի հանդեպ կիրառելու իմաստով։
Մինչդեռ մենք տեսնում ենք, որ ոչ միայն չկա այդ սաստելը, իսկ Ռուսաստանի դեպքում, կարծում եմ, ոչ մի կասկած չկա, որ դա միանգամայն հնարավոր էր, եթե լիներ իրապես այդպիսի ցանկություն, այլ, հակառակը, բարձիթողի վիճակ է, երբ ռուսական պրոպագանդայի ամենատարբեր ներկայացուցիչներ կարող են Հայաստանի մասին խոսել իրենց երևակայության ամենատարբեր շերտերով, ելևէջներով և գույներով։
Եվ սա բերում է, կրկնեմ, այն իրողության, որ վարչապետ Փաշինյանը հնարավորություն է ստանում իր քարոզչությամբ առավել համոզիչ, չակերտավոր իմաստով համոզիչ, թիրախավորել ընդդիմության առաջատար ուժերին։
Փաստացի, Ռուսաստանը, ազատություն տալով իր պրոպագանդիստներին, Նիկոլ Փաշինյանին է տալիս հնարավորություն ինքնիշխանության պաշպանության պատրվակով իր շուրջ կոնսոլիդացնել հասարակության հնարավորինս շատ շերտեր և, հակառակը, հնարավորինս համոզիչ թիրախավորել ընդդիմության առաջատար ուժերին, որոնք կարող են առնվազն հավաքական, հանրագումարային իմաստով նրան հեռացնել իշխանությունից։
Բնականաբար, կառաջանա հարց, թե ինչի համար է Ռուսաստանը ցուցաբերում այդ աջակցությունը վարչապետ Փաշինյանին։ Շատ պարզ պատճառով, որովհետև Ռուսաստանին Հայաստանում անհրաժեշտ է ոչ թե իշխանություն, որը Ռուսաստանի հետ բարեկամության շեշտադրումով պատասխանատվություն կառաջացնի Հայաստանի հանդեպ, որը Ռուսաստանի հետ բարեկամության շեշտադրումով, բարեկամական քաղաքականության մոտեցումով, Ռուսաստանի համար կձևավորի Հայաստանի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի և վարքագծի միջավայր, այլ անհրաժեշտ է ալիբի՝ մի բան, որ Նիկոլ Փաշինյանը ապահովել է Ռուսաստանի համար վերջին առնվազն վեց-յոթ տարիներին և, թերևս, կշարունակի ապահովել առաջիկա ընտրական ցիկլի ընթացքում, եթե նա հունիսի 7-ի քվեարկությամբ պահպանի իր իշխանական դիրքերը։
Հարց է առաջանում՝ իսկ ալիբին ինչի՞ համար է պետք Ռուսաստանին։ Որովհետև Ռուսաստանը ներկայումս զգալիորեն նվազեցրել է իր հնարավորությունները Կովկասում ավելի ակտիվ քաղաքականություն վարելու տեսանկյունից։ Սա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ՝ պայմանավորված թե ուկրաինական հանգամանքով, թե ոչ միայն ուկրաինական հանգամանքով։ Եվ այդ պարագայում Ռուսաստանին շատ կարևոր է խաղալ, այսպես ասած, երկրորդ համարով, այսինքն՝ խուսափել առաջնային պատասխանատվության դիրքում հայտնվելուց։ Եվ վարչապետ Փաշինյանը, մեծ հաշվով, Ռուսաստանի համար ապահովում է հենց այդ ալիբին։
Իսկ առաջիկայում Կովկասը գտնվելու է ոչ թե երաշխավորված կայունության և խաղաղության ռեժիմում, ինչպես փորձում է Հայաստանի հանրությանը համոզել կամ հավատացնել վարչապետ Փաշինյանը, այլ գտնվելու է հնարավոր նոր տուրբուլենտության հեռանկարի կամ ռիսկի առաջ։ Այն պարզ պատճառով, որ Կովկասի հարցը, նոր աշխարհակարգում կովկասյան ստատուս քվոյի, ուժերի հարաբերակցության, ռեգիոնալ ճարտարապետության հարցերը, մեղմ ասած, բաց են, իսկ այդ բոլոր բաց հարցերը ինչ-որ ժամանակահատվածում և ինչ-որ մեխանիզմներով պետք է, բնականաբար, փակվեն։
Եվ այստեղ է, որ, կրկնեմ, Ռուսաստանի համար բաց են հարցերը, թե ինքը ինչ մեթոդաբանությամբ, ինչ տարբերակներով պետք է փորձի պաշտպանել իր շահերը այդ գործընթացում։ Եվ այստեղ կարող են լինել անհրաժեշտություններ, որոնք, մեղմ ասած, պոպուլյար չլինեն, օրինակ, Հայաստանի հանրության համար։
Ահա թե ինչու է Ռուսաստանին անհրաժեշտ Փաշինյանական ալիբին, որովհետև դա ապահովում է նվազագույնը հասարակության մի շոշափելի շերտի համար, այսպես ասած, բացատրություններ, թե, օրինակ, ինչու Ռուսաստանը X հարցում վարվեց Y տրամաբանությամբ, որը կարծես թե չէր համապատասխանում Հայաստանի հանրության զգալի մասի ակնկալիքներին։
Սրա համար է անհրաժեշտ ալիբին, որովհետև, կրկնեմ, Ռուսաստանն այսօր չունի մեծ հնարավորություն Կովկասում խաղալ առաջին համարով, այսինքն՝ ստանձնել մեծ և լիարժեք, ամբողջական պատասխանատվություն ու գնալ առաջ։
Իսկ եթե Հայաստանում կառավարող ուժերը լինում են Ռուսաստանի հանդեպ բարեկամական մոտեցում ունեցող, նրանք սահմանափակելու են Հայաստանի հանդեպ գործողությունների անկաշկանդությունը, ազատությունը և այլն։ Նրանք Ռուսաստանի համար ձևավորելու են Հայաստանի հանդեպ պատասխանատու վերաբերմունք, պատասխանատու վարքագիծ դրսևորելու անհրաժեշտ միջավայր։
Հարցերը, քանի որ բաց են, Մոսկվան հստակ չի արձանագրել, թե ում հետ հարկ կլինի պայմանավորվել՝ լռելյայն կամ բարձրաձայն, ում հետ հարկ կլինի մտնել դիմակայության մեջ, կամ արդյոք անհրաժեշտ կլինի շահերը պաշտպանել արդեն Ռուսաստանի համար ամենակենսունակ գործիքակազմով՝ ուժային գործիքակազմով։ Այս բոլոր հարցերն իրենց մեջ պարունակում են շատ ու շատ ենթահարցեր։
Եվ ահա այս պատճառով է, որ Մոսկվային, կրկնեմ, Հայաստանում անհրաժեշտ է ոչ թե բարեկամական մոտեցումով իշխանություն, այլ ալիբի՝ այսպես կոչված հակառուսական կամ այսպես կոչված եվրոպական կուրս վարող, դեպի Եվրամիություն գնացող իշխանություն, որն էլ հենց ապահովում է այդ ալիբին։
Ըստ այդմ, Հայաստանի հանրությունը հունիսի 7-ին պետք է, մեծ հաշվով, քվեարկի նաև այս կարևորագույն հարցադրման տրամաբանությամբ։ Հունիսի 7-ի քվեարկությամբ Հայաստանի հանրությունը Ռուսաստանին ընձեռում է այդ ալիբին՝ Հայաստանի նկատմամբ ազատ և անկաշկանդ ու որոշակի իմաստով ավելորդ պատասխանատվություն չպարունակող վարքագծի շարունակության համար, թե՞ Հայաստանի հանրությունը, Հայաստանի քաղաքացիները հունիսի 7-ին քվեարկում են Ռուսաստանի պատասխանատու վարքագծի միջավայր ձևավորելու օգտին՝ Հայաստանի կառավարող ուժ ընտրելով այն շրջանակում, որը Ռուսաստանի հանդեպ ոչ թե փորձում է ինֆորմացիոն-մանիպուլյացիոն տրամաբանությամբ հակառուսականություն խաղալ, իր համար ներքին դաշտում հավաքելով քարոզչական միավորներ, իսկ Ռուսաստանի համար տալով այդ վերը նշված ալիբին, այլ փորձում է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների և օրակարգի շեշտադրմամբ ձևավորել Հայաստանի հանդեպ պատասխանատու վարքագծի միջավայր, ձևավորել Հայաստանի հանդեպ պատասխանատվության շրջանակ։Սա է նաև հունիսի 7-ի քվեարկության առանցքային դիլեման, որովհետև, երբ մենք խոսում ենք ալիբիի մասին, մենք կարող ենք դիտարկել, թե Հայաստանը ինչ հետևանքների միջով անցավ, երբ Նիկոլ Փաշինյանը անցնող տարիներին Ռուսաստանին տվեց այդ ալիբին։ Այդ հետևանքների միջով անցավ ոչ միայն Հայաստանը, այլ նաև Արցախը։ Արցախից, ըստ էության, չմնաց ոչինչ։ Ի՞նչ կմնա Հայաստանից, եթե ևս մեկ ընտրական ցիկլ Հայաստանի հանրությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի կառավարության, ալիբի ընձեռի Ռուսաստանին։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյան

