Երևանի ներկայիս խոսույթը գործնականում կարող է նպաստել Ադրբեջանի կողմից առաջ մղվող «ադրբեջանցիների վերադարձի» օրակարգի միջազգային լեգիտիմացմանը։ Այս մասին նշում է աղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
Հանրային հեռուստաընկերության կազմակերպած նախընտրական մեծ բանավեճի ընթացքում Արարատ Միրզոյանը, պատասխանելով ընդդիմության մտահոգություններին, հայտարարել էր, որ այսպես կոչված «ադրբեջանցիների վերադարձի» հարցը միջազգային հարթակներում վաղուց փակված է, քանի որ Հայաստանից հեռացած ադրբեջանցիները լքել են երկիրը կամավոր և ստացել համապատասխան փոխհատուցում։
Բադալյանի գնահատմամբ՝ առաջին հայացքից այդ դիրքորոշումը կարող է թվալ բավարար և համոզիչ։ Սակայն, նրա խոսքով, նույն պաշտոնական Երևանը միաժամանակ շարունակում է պնդել, որ եթե Հայաստանը բարձրաձայնում է արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, ապա դրանով Ադրբեջանին հնարավորություն է տալիս խոսելու նաև ադրբեջանցիների վերադարձի մասին։
«Եթե այդ հարցը, ինչպես պնդում է Հայաստանի արտաքին գործերի նախարարը, վաղուց փակված է միջազգային ատյաններում և ընդհանրապես գոյություն չունի, ապա ինչո՞ւ է պաշտոնական Երևանը խոսում այսպես կոչված հայելային իրավունքի մասին»,– հարցադրում է անում Բադալյանը։
Նրա կարծիքով՝ այստեղ առաջանում է սկզբունքային հակասություն։ Եթե ադրբեջանցիների վերադարձի հարցը միջազգային իրավական և քաղաքական մակարդակներում փակված է, ապա այն չի կարող հավասարեցվել արցախցիների վերադարձի իրավունքի հետ, որը բնական, օբյեկտիվ և իրական իրավունք է։
Բադալյանը նշում է, որ հենց այդ «հայելային հավասարեցումն» է վտանգավոր, քանի որ փաստացի ենթադրում է, որ Ադրբեջանն ունի այդ հարցը բարձրացնելու իրավունք։
«Երբ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ արցախցիների վերադարձի իրավունքի մասին խոսելը կարող է Ադրբեջանին հնարավորություն տալ խոսելու ադրբեջանցիների վերադարձի մասին, ապա ինքն ընդունում է , որ այդ հարցը կարող է լինել քննարկման առարկա։ Իսկ դա արդեն նշանակում է, որ թեման բացվում է և վերադառնում քաղաքական օրակարգ»,– ընդգծում է նա։
Բադալյանը հիշեցրեց, որ դեռ նախորդ տարվա նոյեմբերին Ադրբեջանի նախագահը հանձնարարել էր պետական և հասարակական կառույցներին, ինչպես նաև գիտական կենտրոններին ակտիվորեն առաջ մղել «ադրբեջանցիների վերադարձի» թեման միջազգային հարթակներում և հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում։
Բադալյանի համոզմամբ՝ այդ հարցը պետք չէ դիտարկել միայն ֆիզիկական վերադարձի հնարավորության տեսանկյունից։ Նրա խոսքով՝ խոսքը լայն ռազմավարական ծրագրի մասին է, որը Ադրբեջանը փորձում է իրականացնել փուլային տարբերակով։
«Այսօր այդ հարցը գտնվում է ձևակերպման, ձևավորման և լեգիտիմացման փուլում։ Ադրբեջանը դեռևս ստեղծում է անհրաժեշտ քաղաքական և իրավական հիմքերը, որպեսզի հետագայում կարողանա այն ավելի ակտիվորեն առաջ տանել միջազգային և երկկողմ հարթակներում»,– նշում է նա։
Բադալյանը պնդում է, որ պաշտոնական Երևանի կողմից կիրառվող «հայելային իրավունքների» տրամաբանությունը հենց այդպիսի նախադրյալներ է ստեղծում։ Նրա գնահատմամբ՝ այդ մոտեցումը Ադրբեջանին հնարավորություն է տալիս միջազգային հարթակներում ներկայացնել հարցը որպես երկու կողմերի համարժեք իրավունքների խնդիր։
Վերլուծաբանը հիշեցնում է, որ վերջին տարիներին Ադրբեջանը բազմիցս նույն մեխանիզմով է առաջ մղել իր պահանջները։ Սկզբում ձևավորվել է միջազգային քաղաքական միջավայրն ու լեգիտիմությունը, ապա այդ հարցերը տեղափոխվել են հայ-ադրբեջանական երկկողմ օրակարգ և ի վերջո իրականացվել։ Նրա խոսքով՝ այդպես է տեղի ունեցել ճանապարհների հարցում, երբ, ըստ Բադալյանի, միջանցքային տրամաբանությունը ներկայացվել է այլ ձևակերպումներով։ Նույն կերպ, նրա գնահատմամբ, առաջ է մղվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։
«Երևանը երկար ժամանակ հայտարարում էր, որ նման քայլի կգնա միայն խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրումից հետո, սակայն այսօր խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, մինչդեռ Մինսկի խմբի լուծարման գործընթացն արդեն ընդունված իրողություն է դարձել»,– նշում է նա։ Բադալյանը հիշեցնում է նաև խաղաղության պայմանագրի շուրջ նախկին հայտարարությունները, երբ Հայաստանի իշխանությունները շեշտում էին միջազգային երաշխիքների անհրաժեշտությունը։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ առանց միջազգային երաշխիքների խաղաղության պայմանագիրը ոչինչ չի արժենա։ Սակայն արդյունքում Երևանը համաձայնեց մի տեքստի, որտեղ նման երաշխիքների մասին որևէ դրույթ չկա»,– ասում է մեկնաբանը։ Նրա կարծիքով՝ նույն տրամաբանությամբ Ադրբեջանը հասել է նաև Տավուշի Կիրանցի ուղղությամբ իր պահանջների իրականացմանը։
Բադալյանի համոզմամբ՝ այսօր նույն գործընթացն ընթանում է նաև «ադրբեջանցիների վերադարձի» թեմայի շուրջ։ Նա զգուշացնում է, որ խնդիրը թերագնահատելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ հայկական պետականության համար։ «Եթե իսկապես նման հարց գոյություն չունի, ապա ինչո՞ւ պաշտոնական Երևանը ոչ թե պարզապես հայտարարում է դրա բացակայության մասին, այլ ստեղծում է այդ հարցի շուրջ խոսելու քաղաքական հիմքեր՝ այն կապելով արցախցիների վերադարձի իրավունքի հետ»,– հարցադրում է նա։
Բադալյանը ենթադրում է, որ հետագայում Բաքուն կարող է հայտարարել, թե դեմ չէ արցախցիների վերադարձին, եթե նրանք վերադառնան որպես Ադրբեջանի քաղաքացիներ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը կարող է նույն տրամաբանությամբ առաջ տանել Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման հարցը՝ արդեն Հայաստանի քաղաքացիության շրջանակներում։ Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ այստեղ կողմերի հնարավորությունները համադրելի չեն։ «Քանի՞ արցախցի է պատրաստ վերադառնալ Արցախ՝ որպես Ադրբեջանի քաղաքացի։ Մինչդեռ Ադրբեջանը կարող է շատ արագ գտնել տասնյակ հազարավոր մարդկանց, որոնք տարբեր պատճառներով կհամաձայնեն տեղափոխվել Հայաստան և կդառնան այդ ծրագրի գործիք»,– նշում է նա։
Բադալյանի խոսքով՝ նման ռեսուրս Ադրբեջանը կարող է գտնել ոչ միայն սեփական երկրում, այլև Մերձավոր Արևելքում՝ օգտագործելով իր գործընկերների աջակցությունը։ Նա չի բացառում, որ տարբեր խմբեր կամ անհատներ կարող են ստանալ համապատասխան փաստաթղթային հիմքեր և ներկայացվել որպես Հայաստանից հեռացած ադրբեջանցիների ժառանգներ։ Այս համատեքստում Բադալյանը պնդում է, որ արցախցիների վերադարձի իրավունքի մասին լռելը խնդրի լուծում չէ։
«Եթե ստեղծվում է ադրբեջանցիների վերադարձի հայելային իրավունքը, ապա կասկած չկա, որ Ադրբեջանը փորձելու է այն փուլ առ փուլ վերածել գործնական քաղաքական օրակարգի՝ ինչպես արել է իր բազմաթիվ այլ նախաձեռնությունների դեպքում»,– ընդգծում է նա։ Քաղաքական մեկնաբանի համոզմամբ՝ այդ մարտահրավերը պահանջում է լուրջ և սթափ գնահատականներ, իսկ որոշումների հիմքում պետք է դրվեն հայկական պետականության և ազգային շահերի պաշտպանության նկատառումները։

